Լիոնում անհայտ անձինք թուրքական ռեստորանի վրա անմոռուկ են փակցրել

Ֆրանսիայի Լիոն քաղաքի արվարձաններից մեկի թուրքական ռեստորանի պատերի վրա անհայտ անձինք Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցրել։

Ինչպես գրում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, ռեստորանի թուրք սեփականատեր Մեհմեթ Էրթուղրուլը դեպքի առթիվ դիմել է ոստիկանությանը։

Էրթուղրուլը հայտնել է, որ պաստառներից մեկի վրա պատկերված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը` անմոռուկը, և գրված են հետևյալ խոսքերը. «Արդարություն և փոխհատուցում ենք ուզում, չենք մոռացել, թույլ չենք տա, որ մոռացվի»։ Բացի այդ, կոչ է արվում մասնակցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունենալու ապրիլի 22-ին։

Թեև դեռ հայտնի չէ, թե ովքեր են սույն ակցիայի կազմակերպիչները, սակայն թուրքերը պնդում են, որ այն իրականացվել է Լիոնի հայ համայնքի նախաձեռնությամբ։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ