Հռոմի պապին էլ են ներգրավել Թուրքիայի դեմ թակարդի մեջ. Դավութօղլու

Թուրքիայում շարունակում են մեկնաբանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագը, որի ժամանակ վերջինս 20-րդ դարի սկզբին թուրքերի կողմից հայերի զանգվածային կոտորածն անվանել էր իր իրական անունով՝ Հայոց ցեղասպանություն:

Հերթական հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով կրկին քննադատել է Վատիկանի մոտեցումը՝ տեղեկացնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:

Դավութօղլուն հայտարարել է, թե «Հռոմի պապին ևս ներգրավել են Թուրքիայի դեմ լարվող թակարդի մեջ»:

Նա նշել է, թե «Թուրքիան թույլ չի տա իրեն շանտաժի ենթարկել պատմական քննարկումների հիմքի վրա»:

«Պատրաստ ենք խոսել պատմական հարցերից: Սակայն թույլ չենք տա, որ պատմության միջոցով մեր ազգին վիրավորեն, պատմական վեճերի միջոցով Թուրքիային շանտաժի ենթարկեն»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ ապրիլի 15-ին կայացած ժողովի ժամանակ:

«Հռոմի պապին եմ դիմում: Կաթոլիկ աշխարհն Իսպանիայում ինկվիզիցիա էր իրականացնում, որից փրկվելու համար մարդիկ փախչում էին Թուրքիա: Պետք է խոսել բոլոր պատմական ճշմարտություններից»,- նշել է Դավութօղլուն:

Նշենք, որ ավելի վաղ ևս Դավութօղլուն անդրադարձել է Վատիկանում մատուցված պատարագին: «Ցավերը միակողմանի դիտելը սազական չէ Հռոմի պապին և նրա գլխավորած կառույցին: Մանավանդ պատերազմական ժամանակ ապրած ցավերին պետք է արդարացի մոտեցում ցուցաբերել, պետք է տեր կանգնել մարդկության բոլոր ցավերին»,- հայտարարել էր Թուրքիայի վարչապետը:

Հարցի վերաբերյալ մեկնաբանություններ են տվել նաև այլ թուրք պաշտոնյաներ, ովքեր բոլորը քննադատել են Վատիկանում Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելը:

Նշենք, որ ապրիլի 12-ին Հռոմի պապը 1.5 մլն հայերի զանգվածային ջարդն Օսմանյան Թուրքիայում անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Այս մասին նա ասել է Հռոմում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ: Այս ամենից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին, ինչպես նաև բացատրության համար Թուրքիայի ԱԳՆ հրավիրել Անկարայում Վատիկանի դեսպանին:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ