Դիարբեքիրի հայկական եկեղեցին արժանացել է Եվրոպայի մշակութային ժառանգության մրցանակի

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի (պատմական Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին արժանացել է Եվրոպայի մշակութային ժառանգության մրցանակի։ Այս մասին գրում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։

Նման մրցանակի են արժանացել 28 պատմամշակութային կառույցներ։ Մրցանակը տված հանձնաժողովի հայտարարության մեջ նշվել է, որ հայկական եկեղեցին վերանորոգելու գործում մեծ ջանքեր են գործադրել Դիարբեքիրի քաղաքապետարանն ու քաղաքի բնակիչները։

Նշենք, որ Դիարբեքիրի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ովքեր հիմնականում քրդեր են, վերջին տարիներին ուշադրության կենտրոնում են պահում հայերին: Դիարբեքիրում հայտնվել են հայերենով ցուցանակներ, անցկացվում են հայերենի դասընթացներ, վերանորոգվում են հայկական պատմամշակութային ժառանգության նմուշները: Նման օրինակ է նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որը վերանորոգվել է և այժմ բաց է այցելուների համար: Թեև Դիարբեքիրում Հայոց ցեղասպանությունից հետո փոքրաթիվ հայեր են մնացել, սակայն հետագա տասնամյակներին Ցեղասպանությունը վերապրածների մի մասը լքել է հայրենի տունը, և այժմ երբեմնի ծաղկուն հայաբնակ քաղաքում մի քանի հայ ընտանիք է բնակվում: Այժմ քաղաքը հիմնականում բնակեցված է քրդերով:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ