Էրդողանը կրկին հիշել է Թուրքիայում աշխատող հայաստանցի ներգաղթյալներին

Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ղազախստան մեկնելուց առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է Թուրքիայում բնակվող հայաստանցիների հարցին՝ նշելով, թե «իրենք ժամանակին կարող էին արտաքսել ապօրինի ներգաղթյալ հայերին, սակայն չեն արել դա»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:

Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում քաղաքացիություն ունեցող կամ չունեցող 100 հազար հայ է բնակվում:

«Մեր երկրում մինչ օրս ապրող մեր հայ քաղաքացիների դեմ որևէ բան եղե՞լ է, բացասական ինչ-որ բան կատարվե՞լ է, տարբերություն դրվե՞լ է: Մենք կարող էինք այլ երկրներից Թուրքիա եկած հայերին արտաքսել: Չարեցինք: Մենք նրանց դեռ հյուրընկալում ենք մեր երկրում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործընթացին՝ Էրդողանը կրկին նշել է Վանում Սուրբ Խաչ եկեղեցու վերակառուցումը՝ դրական քայլ համարելով այն:

«Եթե անգամ ԵԽ-ն ընդունի ցեղասպանության վերաբերյալ բանաձև, այն Թուրքիայի համար որևէ նշանակություն չի ունենա: Մեզ համար դա կարևոր չէ: Նրանց ասածը մեր մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս»,- հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Էրդողանը կրկին սպառնացել էր Թուրքիայից արտաքսել այդ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիներին, ընդ որում, նշելով իրականությանը չհամապատասխանող թվեր:

«Իմ երկրում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,- 2010 թվականին տված հարցազրույցում հայտարարել էր Էրդողանը. «Վաղը, եթե պահանջվի, կասեմ այդ 100 հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետև նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»:

Այս խոսքերը քննադատության մեծ ալիք էին բարձրացրել:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ