Եկե´ք պատմությունը թողնենք պատմաբաններին և ընդհանուր շահերի վրա նոր հարաբերություններ կառուցենք. Էրդողանի կոչը

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Եվրախորհրդարանի՝ ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, որով թուրքական կառավարությանը կոչ է արվում ճանաչել հայերի ցեղասպանությունն ու այդ կերպ նպաստել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը։ Այս մասին հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

«Եվրախորհրդարանի որոշումը մեզ համար անօրինական է։ Խորհրդարանների ու օրենսդիրների որոշումները, քաղաքական հայտարարությունները, այսպես կոչված, ցեղասպանության հարցում օրենքի ուժ չունեն։ Մեր երկրում երբեք ցեղասպանություն չի իրագործվել, մինչդեռ ոմանք փորձում են կեղծել պատմությունն ու դա օգտագործել մեր դեմ։

Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայում 40 հազար հայ քաղաքացի կա և ևս 40 հազար՝ հայաստանցի, որոնք գալիս են մեր երկիր ու բնակություն հաստատում։ Հայերը Թուրքիայում առանց ճնշման ու նեղության են ապրում։

Այն երկրները, որոնք 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն են ճանաչում, ոչ թե կիսում են հայերի ցավը, պարզապես այդ կերպ Թուրքիայի դեմ թշնամություն են սերմանում։

Ուզում եմ կրկին հայերին բարեկամություն հաստատելու կոչ անել։ Եկե´ք պատմությունը թողնենք պատմաբաններին, մենք էլ ընդհանուր շահերի, ընդհանուր ապագայի վրա նոր հարաբերություններ կառուցենք», – եզրափակել է Էրդողանը։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել էր Թուրքիայում բնակվող հայաստանցիների հարցին՝ նշելով, թե «իրենք ժամանակին կարող էին արտաքսել ապօրինի ներգաղթյալ հայերին, սակայն չեն արել դա»: Տարիներ առաջ Էրդողանը կրկին սպառնացել էր Թուրքիայից արտաքսել այդ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիներին, ընդ որում, նշելով իրականությանը չհամապատասխանող թվեր:

«Իմ երկրում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են,- 2010 թվականին տված հարցազրույցում հայտարարել էր Էրդողանը:- Վաղը, եթե պահանջվի, կասեմ այդ 100 հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետև նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, որով թուրքական կառավարությանը կոչ է արվում ճանաչել հայերի ցեղասպանությունն ու այդ կերպ նպաստել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ