Եվրախորհրդարանի բանաձևը բացասաբար կանդրադառնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա. Դավութօղլու

Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, քննարկման թեման եղել է Եվրախորհրդարանի՝ ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։

Շուլցը հայտնել է, որ բանաձևի քննարկման ժամանակ ինքը դահլիճում ներկա չի եղել։ Եվրախորհրդարանի նախագահը նշել է, որ գիտի, թե որքան կարևոր է այդ հարցը Թուրքիայի համար, և իր համար հասկանալի է վերջինիս արձագանքը։

Դավութօղլուն, մեկնաբանելով վերոնշյալ բանաձևի ընդունումը, հայտարարել է, որ այն բացասական է անդրադառնալու ինչպես Թուրքիա-ԵԽ, այնպես էլ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա։ Թուրքիայի վարչապետը կրկին հնչեցրել է կլիշե դարձած՝ արդար հիշողության և պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին խոսքերը։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որով թուրքական կառավարությանը կոչ է արվում ճանաչել հայերի ցեղասպանությունն ու այդ կերպ նպաստել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ