Հայաստանի համար մեր դռները բաց են, եթե… Էրդողան

Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Քոջաելի քաղաքում խոշոր հանրահավաքի ժամանակ իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների թեմաներին՝ մի շարք ուշագրավ հայտարարություններ անելով:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի նախագահն ապրիլի 17-ին հանդիպել է Քոջաելիի բնակիչների հետ: Հանրահավաքին ներկա եմ եղել հազարավոր մարդիկ, իսկ այն հեռարձակել են թուրքական հեռուստաալիքները: Էրդողանն իր ելույթի մի մասը տրամադրել է Հայաստանի հետ հարաբերությունների, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայում աշխատող հայաստանցի ներգաղթյալների թեմաներին:

Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկին կապել է Արցախյան հակամարտության, ինչպես նաև Ցեղասպանության հարցում պաշտոնական Երևանի քաղաքականության հետ՝ շարունակելով Անկարայի նախապայմանների քաղաքականությունը:

«Հայաստանի համար մեր դուռը դեռ բաց է: Եթե, այսպես կոչված, ցեղասպանության (Հայոց ցեղասպանության-խմբ.) կամ Արցախի բռնազավթման հարցում դրական քայլեր լինեն, ապա պատրաստ ենք ցանկացած տիպի համագործակցության: Եթե այս կամքն ու խիզախությունը ցուցաբերեն, ապա պատրաստ ենք բանակցել հայ քաղաքական գործիչների, Հայաստանի իշխանությունների հետ: Սակայն դրանից առաջ պետք է լուծվի Արցախի հարցը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, թե «այստեղից իր կոչն է հղում բոլոր հայերին»:

Ցեղասպանության հարցին անդրադառնալիս Էրդողանը կրկին կիրառել է ժխտողական մոտեցում, ընդ որում, կոչ անելով հայերին հրաժարվել պայքարից, ինչը, իբր, վնասում է հենց հայերին:

«Այստեղից բոլոր հայերին, ամբողջ աշխարհին եմ կոչ անում: Այս հարցը (Ցեղասպանության հարցը-խմբ.) ամբողջովին կտրվել է պատմական արմատներից և քաղաքականացվել է: Այս ամենից էլ ամենաշատը հայերն են տուժում: Գիտենք, որ նման որոշումներ կայացնողների հիմնական նպատակը հայերի իրավունքների պաշտպանությունը չէ»,-նշել է Էրդողանը, ապա կրկին խոսել Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիների մասին.

«Մեկ էլ Հայաստանից փախած և մեր երկրում հյուրընկալված հայեր կան: Մենք նրանց դեմ որևէ բան արե՞լ ենք: Մենք նրանց հյուրընկալել ենք, այնպես չէ՞…»,-հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել էր Թուրքիայում բնակվող հայաստանցիների հարցին՝ նշելով, թե «իրենք ժամանակին կարող էին արտաքսել ապօրինի ներգաղթյալ հայերին, սակայն չեն արել դա»: Տարիներ առաջ Էրդողանը կրկին սպառնացել էր Թուրքիայից արտաքսել այդ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիներին, ընդ որում, նշելով իրականությանը չհամապատասխանող թվեր:

«Իմ երկրում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են,- 2010 թվականին տված հարցազրույցում հայտարարել էր Էրդողանը:- Վաղը, եթե պահանջվի, կասեմ այդ 100 հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետև նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ