Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ քննարկել են Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի աշխատանքները

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ապրիլի 20-ին կայացել է նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին և միջազգային ճանաչմանը վերաբերող թեմաներ: Նման տեղեկություն է տարածել թուրքական «Միլիյեթ» պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ Էրդողանի՝ 2014 թվականի օգոստոսին Թուրքիայի նախագահ դառնալուց հետո երրորդ անգամ գումարված ժողովին ներկա է եղել վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Բացի այդ, ժողովին մասնակցել են մի շարք նախարարներ, ինչպես նաև ուժային կառույցների պատասխանատուներ, այլ պաշտոնյաներ:

Օրակարգում եղել է Աղրը (Արարատ) նահանգում թուրք-քրդական բախումների, ներքին անվտանգության օրենսդրական փաթեթների հարցերը:

Աղբյուրը հավելում է, որ քննարկվել է «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ արվելիք քայլերի» վերաբերյալ թեմաներ: Դռնփակ քննարկումից այլ մանրամասներ թուրքական աղբյուրը չի նշում:

Նշենք, որ ապրիլի 20-ի երեկոյան տարածվել է Թուրքիայի վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձը՝ ուղղված հայերին, որտեղ Դավութօղլուն նշում էր, թե «հարգում է 1915-ի աքսորի ժամանակ Օսմանյան կայսրության՝ կյանքից հեռացած հայերի հիշատակը, կիսում նրանց զավակների և թոռների վիշտը»

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ