Թուրքերը Նյու Յորքի Թայմս հրապարակում «հայ-թուրքական բարեկամության» պաստառներ են տեղադրել

Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում շարունակվում է թուրքական կազմակերպությունների նախաձեռնած արշավը, որի ընթացքում «հայ-թուրքական բարեկամությունը խրախուսող» ուղերձներով պաստառներ են փակցվում փողոցներում և հրապարակներում:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «հայ-թուրքական բարեկամությանը» նվիրված մի քանի պաստառ էլ տեղադրվել է Նյու Յորքի Թայմս հրապարակում:

«Թուրքերի պատասխանը հայկական պնդումներին». թուրքական լրատվամիջոցները նմանատիպ վերնագրերով են ներկայացրել Նյու Յորքի կենտրոնում այդ պաստառների տեղադրումը:

Պաստառները տեղադրելու նախաձեռնությունը Turkish Platform («Թուրքական հարթակ») կազմակերպությանն է: Դրանցից մեկի վրա Հայաստանի և Թուրքիայի դրոշներն են՝ թիթեռների տեսքով, ապա ուղերձն է՝ «փոփոխություն՝ հանուն առաջընթացի»: Մյուս պաստառի վրա գրված է. «Դադարեցնել մեղադրանքները հաջորդ 100 տարվա համար», ապա նշված է թուրքական կազմակերպության պատրաստած կայքի հասցեն, որտեղ էլ զետեղված են թուրքական քարոզչական նյութեր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գործող 154 թուրքական կազմակերպության մասնակցությամբ ստեղծված հանձնաժողովի նախաձեռնությամբ ամերիկյան խոշոր քաղաքներում արդեն փակցվել են մի քանի պաստառներ: Մասնավորապես, Վաշինգտոնի մետրոպոլիտենում արդեն մի քանի շաբաթ է, ինչ փակցված են պաստառներ, որոնց վրա անգլերենով կոչ է՝ ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: «Միավորի՛ր մեզ, ոչ թե բաժանիր: Թուրք-ամերիկյան վերամիավորում». նման գրությունների հետ մեկտեղ նշված է նաև նախաձեռնության պաշտոնական կայքի հասցեն:

Նման բովանդակությամբ պաստառներ են փակցվելու նաև ամերիկյան այլ նահանգներում և քաղաքներում, մասնավորապես՝ Նյու Յորքում, ինչպես նաև Տեխաս և Մասաչուսեթս նահանգներում: Նախատեսվում է նաև խոշոր պաստառների տեղադրում մարդաշատ վայրերում:

Նշենք, որ Միացյալ Նահանգների թուրքերը տարատեսակ արշավներ են իրականացնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու Վաշինգտոնում կայանալիք ցույցը խափանելու համար:

Օրեր առաջ թուրք լոբբիստների TurkishNY կայքը նշում էր՝ քանի որ հայերը ցույցեր են նախապատրաստում Վաշինգտոնում, մասնավորապես՝ Թուրքիայի դեսպանատան մոտ, ապա թուրքական կողմը պատրաստվում է պատասխան ցույց կազմակերպել նույն այն վայրում, որտեղ հավաքվելու են հայերը:

Թուրքերն անգամ սեփական կայքն են ստեղծել՝ 24nisan.org (24 nisan բառը թուրքերենից թարգմանաբար՝ ապրիլի 24-խմբ.), որում բոլոր թուրքերին կոչ է արվում ապրիլի 24-ի առավոտյան անպայման հավաքվել Թուրքիայի դեսպանատան մոտ: Թուրք լոբբիստները ցույցի մասնակիցներին կոչ են անում ոչ միայն հավաքվել ապրիլի 24-ին, այլև նաև ավելի վաղ օրերի՝ տեղում «պարեկություն» անելու համար:

Նշվում է, որ միջոցառումը կազմակերպելու, համապատասխան կայքը բացելու համար ներգրավվել է 120-ից ավելի թուրքական կամ թուրքամետ կազմակերպություն:

Կազմակերպիչները նշում են, թե իրենց գլխավոր խնդիրն է ավելի շատ ներկայություն ապահովել թուրքերի ցույցին, քան կարող են ապահովել հայերը:

Հավելենք, որ Միացյալ Նահանգներում թուրքական կազմակերպությունները, Թուրքիայի դեսպանատունը փորձում են ամեն կերպ խափանել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացումը: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մասնակցում են նման գործողությունների կազմակերպմանը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ