Ի՞նչ եղավ հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ. «Զաման»

«Ինչո՞ւ կարգավորման գործընթացը ձախողվեց» վերտառությամբ հոդվածում թուրքական «Զաման» պարբերականի սյունակագիր Սուաթ Քընըքլըօղլուն գրում է, որ թեև այժմ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա, սակայն կարիք կա նաև դիտարկել կարծես թե մոռացված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թուրք հեղինակը նշում է, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվելը կարող էր դրական քայլ լինել ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար:

«Անցյալ շաբաթը լի էր զգացմունքներով և գերակտիվ քաղաքականությամբ, ինչը կապված էր 1915-1916 թվականներին օսմանյան հայերի զանգվածային սպանությունների (Հայոց ցեղասպանություն.- խմբ.) հետ: Մինչ կիզակետում հիշողությունն ու սուգն էր, շատ քիչ ուշադրություն դարձվեց հայ-թուրքական գործընթացին, որը սկսվել էր մի քանի տարի առաջ: Ի՞նչ պատահեց ժամանակին շատ խոստումնալից այդ հնարավորության հետ»,- նշում է հեղինակն ու հավելում, որ ժամանակն է անդրադարձ կատարել նաև այդ թեմային:

«Նախ պետք է ասեմ, որ երկու արձանագրություններն էլ լավ բանակցությունների արդյունք էին՝ բավական արժեքավոր և կառուցողական: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր դիվանագիտական նախաձեռնություն էր: Այդ պատճառով էլ մեծ ափսոսանք է առաջացնում այն, որ դրանք կյանքի չկոչվեցին: Նախաձեռնությունն առաջ էր տանում այն ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով մեծ կարևորություն էր տալիս այդ գործընթացին: Նրա հետ մեկտեղ այն ժամանակվա արտգործնախարար Ալի Բաբաջանը, իսկ ավելի ուշ Ահմեթ Դավութօղլուն կարգավորման հարցում ջանքեր էին գործադրում»,- գրում է Քընըքլըօղլուն:

«Եթե կարգավորման գործընթացը հաջողության հասներ, ապա այսօր լրիվ այլ Հարավային Կովկաս կտեսնեինք: Եթե հայ-թուրքական սահմանը բացվեր, ապա այսօր պատմական անցքերն այլ տեսանկյունից և ձևով քննության կառնվեին, իսկ մարդիկ հնարավորություն կունենային ուղղակի երկխոսություն հաստատել: Եթե սահմանը բացվեր, հայկական, վրացական և ադրբեջանական տնտեսություններն ավելի բնական կվերաբերվեին թուրքական շուկային: Իսկ Թուրքիայի տարածքը կդառնար տարանցիկ միջանցք: Հարավային Կովկասի տարածաշրջանը ավելի անկախ կդառնար և կկարողանար նայել ավելի շատ դեպի Եվրոպա, քան Մոսկվա: Ես հավատում եմ նաև, որ այս փոխհամաձայնությունը կարող էր Ղարաբաղի վիճելի տարածքի հարցում դառնալ փոխզիջման, լուծման գրավական»,- նշում է թուրք հեղինակը:

«Ռուսներն իսկույն զգացին վտանգը, նրանք հասկացան, որ Հարավային Կովկասը ձեռքից սահում է: Եվ Մոսկվան սկսեց զգուշացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նրան փոխանցեց արձանագրությունների սևագրերը: Ալիևն արագ արձագանքեց, ազգայնական վերլուծաբաններն էլ սկսեցին թուրքական իշխանությունների դեմ արշավը: Ռուսները փորձում էին օգտագործել ադրբեջանցիների ազդեցությունը Թուրքիայի վրա՝ ձախողելու արձանագրությունները»,- նշում է հեղինակն ու հավելում, որ այս ամենին հետևեցին պաշտոնական Բաքվի ամենատարբեր քայլերը, պատվիրակությունները, Ալիև-Էրդողան հանդիպումը:

«Ալիևի և Էրդողանի՝ 2 ժամ տևած հանդիպումից հետո Էրդողանը սկսեց նախապայմաններով ելույթները, ինչից հետո հարցի լուծումը զգալի բարդացավ: Գյուլն ու մեր արտգործնախարարությունը բաց թողեցին հնարավորությունը, որի վրա այդքան ջանք և ժամանակ էին ծախսել: Բաց թողնվեց ավելի ապահով Հարավային Կովկաս, Արցախի հարցի լուծում, պատմական հարցերի ավելի ազատ քննարկում ունենալու հնարավորությունը»,- գրում է հեղինակն ու հավելում. «Ո՛չ Մոսկվան, ո՛չ Բաքուն, ո՛չ էլ հայկական սփյուռքը չցանկացան, որպեսզի կարգավորումը լիներ: Հնարավորության որքան մեծ կորուստ է սա մեր երկրների համար»,- հոդվածն այսպես է ավարտում թուրք սյունակագիրը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ