Էրդողանը հանդիպելու է թուրք գիտնականներին՝ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկում անցկացնելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 7-ին հանդիպելու է թուրք մասնագետների, պատմաբանների և գիտնականների հետ՝ քննարկելու Հայոց ցեղասպանության թեման։ Այս մասին գրում է թուրքական «Աքշամ» թերթը։

Էրդողանը մտադիր է կոչ անել աշխարհի բոլոր թուրք գիտնականներին՝ ակտիվացնել Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ աշխատանքները։ Բացի դրանից՝ քննարկվելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանում անցկացված միջոցառումները, ինչպես նաև Մեծ եղեռնի վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը սրբազան պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իր խոսքում Պապն ասել է, որ «հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, և չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արյունահոսող վերքն առանց վիրակապի թողնելուն»:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ