Դավութօղլուի և Գյուլի միջև տարաձայնությունը շարունակվում է. պատճառը Գյուլենն է

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի միջև լարվածություն է ի հայտ եկել, ինչի պատճառը գյուլենական շարժման նկատմամբ նրանց մոտեցումներն են՝ տեղեկացնում է թուրքական «Օդա Թիվի» լրատվակայքը:

Օրերս տեղեկություններ էին տարածվել, որ ներկայիս վարչապետն արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին (2013 թվականին) հանդիպել է իսլամական քարոզիչ, ներկայում «Արդարություն և զարգացում» կուսակցության հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ, ով մշտական բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:

Դավութօղլուն, մեկնաբանելով իր հանդիպումը Գյուլենի հետ, ասել էր, թե իր հանդիպումն իրականացվել է Գյուլի և Էրդողանի գիտությամբ, հանդիպումից առաջ նրանց տեղեկացրել է այդ մասին։

Գյուլը, սակայն, հերքելով Դավութօղլուի խոսքերը, նշել էր, թե ինքը տեղյակ չի եղել Դավութօղլու-Գյուլեն հանդիպումից։ Այս ամենից հետո Թուրքիայի ներկայիս վարչապետը ևս մեկ անգամ պնդել է, թե Գյուլն իրենց հանդիպման մասին տեղեկացվել է: Գյուլը կրկին հերքել է՝ հավելելով, որ հանդիպումն իրեն շատ է անհանգստացրել:

Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենն իր գլխավորած և իր անունը կրող հզոր կրոնական/հասարակական շարժումով Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու հիմնական աջակիցներից է եղել, սակայն վերջին տարիներին Գյուլենի և Էրդողանի միջև ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով նախկին դաշնակիցները վերածվել են կատաղի հակառակորդների։

Շատ է խոսվում այն մասին, որ նախորդ տարիներին թուրքական իշխանությունները գյուլենականների միջոցով ակտիվ հակահայ լոբբինգ են իրականացրել ԱՄՆ-ում:

Վերջին շրջանում թուրքական պաշտոնական շրջանակները հաճախ գյուլենական շարժմանը մեղադրում են ԱՄՆ-ում հայկական լոբբիին աջակցելու և Ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ գործելու համար: Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի վարչապետը, փոխվարչապետը, արտգործնախարարը: Թուրքական իշխանական լրատվամիջոցներում վերջին շրջանում նաև հայկական լոբբինգի և Գյուլենի շարժման միջև «համագործակցության» վերաբերյալ ոչ արժանահավատ տեղեկություններ են շրջանառվում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ