Հայերը պետք է դուրս գան «ադրբեջանական հողերից». Դավութօղլու

Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Կարս կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից։ Այս մասին հայտնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը։

«Մենք պատրաստ ենք նստել, խոսել պատմությունից, քննարկել անցյալի ցավոտ էջերը։ Սակայն մենք մեր պապերի պես գլուխ կտանք, բայց գլուխ չենք խոնարհի», – ասել է Դավութօղլուն։

Թուրքիայի վարչապետը գրեթե նույն խոսքերն է կրկնել, ինչ ասել էր Արդահանում՝ հայտարարելով, որ Թուրքիան ամեն բան անում է Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Բայց, ի տարբերություն այդ ուղերձի, Դավութօղլուն անդրադարձել է նաև Արցախյան հակամարտության թեմային։

«Մենք խոսում ենք խաղաղության մասին, սակայն նույն պահին հայերը շարունակում են եղբայր ադրբեջանցիների հողերի բռնազավթումը։ Հայերը պետք է դուրս գան Ադրբեջանի տարածքներից ու վերադարձնեն այդ հողերը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ, սակայն 2 տարի անց միջազգային հանրության ճնշման ներքո վերաբացել է օդային սահմանը։ Ինչ վերաբերում է ցայսօր փակ ցամաքային սահմանի վերաբացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Թուրքիան այս հարցում հանդես է գալիս նախապայմաններով՝ Հայաստանից պահանջելով Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքները և հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ