Թուրքիայում գործող հայկական կազմակերպությունը կոչ է անում վերականգնել Սասունի հայկական եկեղեցիներից մեկը

Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միության ղեկավար Ազիզ Դաղջըն թուրքական կողմին կոչ է անում վերանորոգել Սասունի Գոմք եկեղեցին, ինչն օգտակար կլինի նաև տեղի բնակիչների համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Դաղջըն նշել է, որ ներկայում իրենք փորձում են վերականգնել հայկական եկեղեցին, ինչի ավարտից հետո մեծ թվով հայեր են այցելելու սրբավայր:

«Եթե հայկական եկեղեցին վերանորոգվի, ապա հազարավոր մարդիկ Եվրոպայից և Ամերիկայից կայցելեն այս վայրը: Անգամ Փարիզին հնարավոր է անցնել, եթե այդպես ստացվի: Այս ամենից շահելու են Բաթմանի բնակիչները (Սասունը.- խմբ.), շահելու են հյուրանոցների տերերը, վարորդները: Մենք էլ, այստեղ գալով, կտեսնենք մեր հին մուսուլման բարեկամներին»,- հայտարարել է Թուրքիայում գործող հայկական կազմակերպության ղեկավարը:

Վերջինս հրաժարվել է մեկնաբանել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագը, որի ժամանակ վերջինս 20-րդ դարասկզբի իրադարձությունը ներկայացրել էր որպես Հայոց ցեղասպանություն: «Այս հարցում մեկնաբանություն չեմ անի, ճիշտ չի լինի»,- նշել է Դաղջըն:

Նշենք, որ Գոմքը գյուղն ու համանուն եկեղեցին Սասունի Տալվորիկ շրջանում են: Եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում: Հայոց ցեղասպանության տարիներին հայկական եկեղեցու մոտ հայերը դիմադրություն են ցույց տվել: Այժմ եկեղեցին կիսականգուն վիճակում է և վերականգնման կարիք ունի:

Թուրքիայում որոշ հայկական եկեղեցիներ վերանորոգվում են, ինչի արդյունքում շահում է տեղի զբոսաշրջությունը: Այնուամենայնիվ, գոնե այս կերպ հնարավոր է լինում վերջնական ոչնչացումից փրկել ներկայիս Թուրքիայի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգությունը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ