Ստամբուլում պատմական հայկական որբանոցի քանդման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Ստամբուլում մի խումբ քաղաքացիների և ակտիվիստների գործուն մասնակցությամբ հաջողվել է ժամանակավորապես դադարեցնել «Քամփ Արմեն» (Kamp Armen) կոչվող ճամբար-որբանոցի ապամոնտաժումը: Թեև ավելի վաղ Թուրքիայից աղբյուրները հայտնում էին, որ հայկական ճամբարն ամբողջովին ավերվել է, սակայն մի խումբ հայերի և ակտիվիստների ակտիվ ջանքերի շնորհիվ քանդման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, թեև շինության մի մասն, այնուամենայնիվ, ոչնչացվել է:

Նշենք, որ Ստամբուլում մայիսի 6-ի առավոտյան մեկնարկել էր Ստամբուլի Թուզլա շրջանի «Քամփ Արման» ճամբարի ոչնչացումը: Առավոտյան շինարարական տեխնիկան մտել էր «Թուզլայի մանկական ճամբար» անունը կրող որբանոցի տարածք ու սկսել պատմական շինության ապամոնտաժումը: Ապամոնտաժման մասին տեղեկություններից հետո դեպքի վայր են ժամանել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներ, հայ գործիչներ, հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպության ներկայացուցիչներ, ակտիվիստներ: Վերջիններս կանգնել են շինարարական տեխնիկայի առաջ՝ թույլ չտալով պատմական շինության ոչնչացումը: «Ակօսի» փոխանցմամբ՝ դեպքի վայրում այժմ սպասողական վիճակ է:

Նշենք, որ ճամբարը Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին ընդունել է Ստամբուլի, Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր տարածքներից հայ փոքրիկների, նրանց համար օթևան դարձել: Ճամբարը ժամանակին ընդունել է նաև «Ակօսի» հիմնադիրներից Հրանտ Դինքին, նրա կնոջը՝ Ռաքել Դինքին, հարյուրավոր այլ հայ կարիքավոր երեխաների:

Ճամբարը կառուցվել է 1962 թվականին՝ հայ բողոքական եկեղեցու և հայ երեխաների մասնակցությամբ՝ հետագա տարիներին ընդունելով շուրջ 1500 երեխայի: Թուրքական պետությունը որոշել էր փակել հայկական կառույցը դեռ 1983 թվականին: Տասնամյակներ շարունակ այն ենթարկվել է թուրքական իշխանությունների ճնշումներին, անգամ չի թույլատրվել ճամբարը վերանորոգել:

Վերջին շրջանում որբանոցը վատթար վիճակում էր, երկար ժամանակ Ստամբուլում փորձում էին քանդել կարևոր այդ շինությունը՝ տեղում թանկարժեք առանձնատներ կառուցելու համար: Թուրքական առաջադեմ լրատվամիջոցներն ու խմբերը բողոքի ձայն են բարձրացրել՝ հայերի համար մեծ կարևորություն ներկայացնող այդ շինությունը քանդելու դեմ: Սակայն Թուրքիայի հայերի և հասարակության առաջադեմ հատվածի բարձրացրած աղմուկը չի խանգարել ոչնչացնելու պատմական շինությունը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ