«Փչել ռուսական արջի վրա». «Հյուրիյեթը» կրկին անդրադարձել է Պուտինի Երևան կատարած այցին

Էրդողանն ու Պուտինը

Թուրք սյունակագիր Սեմիհ Իդիզը «Հյուրիյեթ» պարբերականում լույս տեսած «Փչել ռուսական արջի վրա» հոդվածում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և Պուտինի՝ ապրիլի 24-ին Երևան կատարած այցին։

«Նախագահ Էրդողանը մշտապես օգտագործել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բարեկամական հարաբերությունները՝ աշխարհին ցույց տալու, որ ինքը միջազգային մակարդակում այնպես մեկուսացված չէ, ինչպես նկարագրում են շատ արևմտյան պետություններ և անգամ Թուրքիայի ներսում։

2014 թվականի դեկտեմբերին Պուտինի այցելությունը Թուրքիա առիթ դարձավ, որ Էրդողանը հետագայում օգտագործեց այդ հաղթաթուղթն ու կրկնակի հաճույք ստացավ, երբ նրա «ռուս ընկերը» հայտարարեց, որ Ռուսաստանը որոշել է ռուսական գազը Եվրոպա հասցնել ոչ թե Բուլղարիայի, այլ Թուրքիայի տարածքով։

Որպես հավելյալ «բոնուս»՝ Պուտինը նաև նվազեցրեց Թուրքիային վաճառվող գազի սակագինը, թեև բազմաթիվ փորձագետներ համարում են, որ անգամ այս պահին այդ գինը շատ բարձր է։ Ի պատասխան այս քայլերի՝ Թուրքիան թուլացրեց իր ճնշումը Ուկրաինայի և Ղրիմի հարցում, ինչպես նաև հրաժարվեց միանալ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցներին։

Ամեն բան լավ էր ընթանում մինչև այն պահը, երբ Պուտինը ցնցեց Էրդողանին՝ հայտարարելով, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու փոխարեն ապրիլի 24-ին այցելելու է Երևան՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Դեռ ավելին՝ Պուտինը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ մեկ դար առաջ տեղի ունեցած Ցեղասպանության հարցում իր աջակցությունը հայտնելով հայկական կողմին։

Անկարան զայրույթով արձագանքեց ու հայտարարեց, որ Ռուսաստանը որևէ մեկին քննադատելուց առաջ պետք է նայի, թե ինքն ինչ հանցանքներ է կատարել մարդկության դեմ։

Թուրքիան Մոսկվայից հետ չկանչեց իր դեսպանին, թեև գնաց այդ քայլին Ավստրիայի դեպքում, երբ վերջինիս խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց։ Սա լավագույնս ցույց տվեց, թե ինչ կարող է անել Թուրքիան ռուսական արջի դեմ։

Էրդողանը որոշեց մերժել 70 տարի առաջ նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակին նվիրված միջոցառումներին Մոսկվայում մասնակցելու հրավերը։ Այդ միջոցառումներին Թուրքիան Մոսկվայում ներկայացված է լինելու դեսպանի մակարդակով։

Այս ամենը միայն ցույց է տալիս, որ Անկարան կարող է փչել ռուսական արջի տան վրա, սակայն չի կարող կործանել այն»,- գրում է հեղինակը։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ