Թուրքիայի խորհրդարանում 55 տարի անց հայ պատգամավոր(ներ) կարող են լինել. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Արդեն վերջնականապես հայտնի է, թե որ հայ թեկնածուներն են մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններին: Խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար պայքարելու է 4 հայ թեկնածու՝ Թուրքիայում գործող երեք քաղաքական ուժերից՝ իշխող, չափավոր իսլամամետ «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» և քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություններից:

Թուրքական քաղաքական դաշտում նկատելի ազդեցություն ունեցող ուժերից միայն ընդգծված ազգայնամոլական «Ազգայնական շարժումը» հայ թեկնածու չի առաջադրել: Հասկանալի պատճառներով: Իսկ հավանականությունը, որ տասնամյակներ անց Թուրքիայի նոր խորհրդարանում կտեսնենք 2 և ավելի հայերի, բավական մեծ է: Մանրամասնենք:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի երկրորդ ընտրաշրջանի համար իր համամասնական ցուցակում 12-րդ տեղն է հատկացրել լրագրող, գրող, վերլուծաբան Մարգար Եսայանին, ով հայտնի է իր իշխանամետ կեցվածքով: Եսայանն էլ իր մասնագիտական գործունեության արդյունքում Թուրքիայի լայն շրջանակների համար ամենաճանաչվածն է հայ թեկնածուների շրջանում, ինչը նրա օգտին խոսող գործոններից է: Եսայանը, ով նախկինում եղել է նաև սկանդալային «Թարաֆ» թերթի գլխավոր խմբագիրը, այժմ «Ենի Շաֆաք» թերթի սյունակագիրներից է, ակտիվ զբաղվում է լրագրությամբ:

Եթե հայացք գցենք նախորդ՝ 2011-ի ընտրություններին, ապա կարող ենք արձանագրել, որ Ստամբուլի երկրորդ ընտրատարածքից թուրքական խորհրդարան է անցել ԱԶԿ-ի 15 թեկնածու: Այսպիսով, նախընտրական քարոզարշավի հետագա հաջող ընթացքի և լուրջ ցնցումների բացակայության դեպքում ԱԶԿ-ն կարող է կրկնել իր նախկին հաջողությունը, ինչի արդյունքում այս ուժը մեջլիսում հայ ներկայացուցիչ կունենա:

Այս հարցում ԱԶԿ-ից փորձում է հետ չմնալ գլխավոր ընդդիմադիր ուժը: «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավարները որոշել են Ստամբուլի երկրորդ ընտրատարածքում համամասնական ցուցակի առաջին տեղը վստահել մասնավոր մի ընկերությունում որպես իրավաբան աշխատող, ազգությամբ հայ Սելինա Օզուզուն Դողանին:

Հետաքրքրական է, որ մինչ թեկնածուների ցուցակը հայտարարելը Դողանի անունը որևէ կերպ չէր շրջանառվում թուրքական մեդիադաշտում: Խոսվում էր երկու այլ հայ «թեկնածության թեկնածուների»՝ Թալին Գազերի և Արևիկ Ջեբեջիի մասին, որոնք, սակայն, վերջում թեկնածուի կարգավիճակ չստացան, իսկ Դողանը, ում անունը չէր նշվում, առաջադրվեց քեմալական կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում, այն էլ՝ կարևորագույն շրջանում: Այսպիսով, Դողանը, ում ամուսինը Դինքի ընտանիքի փաստաբանն է, լավ հնարավորություն է ստանում շուրջ 55-ամյա դադարից հետո դառնալ Թուրքիայի խորհրդարան մուտք գործած հայը/հայերից մեկը:

Համեմատության համար նշենք, որ նախորդ ընտրություններում Ստամբուլի երկրորդ ընտրատարածքում ԺՀԿ-ից խորհրդարան է անցել 9 հոգի, ընդ որում, ցուցակի առաջին հորիզոնականում եղել է կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Իսկ ահա քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որի կազմում հայերը մեծ թիվ են կազմում, առաջադրել է 2 հայ թեկնածու՝ ԺԴԿ կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Կարո Փայլանին և Մուրադ Մըհչըին: Փայլանը պայքարելու է Ստամբուլի երրորդ ընտրաշրջանում, Մըհչըն՝ առաջին: Փայլանը համամասնական ցուցակի երկրորդ տեղում է, Մըհչըն՝ 12-րդ: Փայլանի բարձր տեղը, սակայն, դեռ չի երաշխավորում անցում խորհրդարան, քանի որ ոչ մեծ ընտրազանգված ունեցող ԺԴԿ-ն խնդիր ունի, նախ, հաղթահարել Թուրքիայի մեջլիսի 10 տոկոսանոց անցողիկ շեմը: Եվ միայն այդ շեմը հաղթահարելու և ավել ձայներ հավաքելու դեպքում ավելի հստակ կլինի հայ թեկնածուի կարգավիճակը:

Նախորդ ընտրություններին այս ընտրաշրջանից մեկ քուրդ անկախ պատգամավոր է ընտրվել, որը հետագայում դարձել է ԺԴԿ-ի անդամ՝ դառնալով այս քաղաքական ուժի՝ այս շրջանից միակ ներկայացուցիչը մեջլիսում: Հաջող քարոզարշավը կարող է հնարավորություններ թողնել Թուրքիայի խորհրդարանում 3 տարբեր ուժերից 3 հայ պատգամավոր տեսնելու համար:

Այս տեսանկյունից Մըհչըի զբաղեցրած տեղը կուսակցության ցուցակում թույլ կտա նրան խորհրդարան անցնել, կարելի է ասել, միայն հրաշքի դեպքում: Մըհչըի ընտրատարածքից քրդական կուսակցությունը խորհրդարանում միայն մեկ պատգամավոր ունի: Այսպիսով, կարող ենք փաստել, որ բոլոր հայ թեկնածուներն էլ պայքարելու են Ստամբուլում՝ ընդ որում, Ստամբուլի բոլոր երեք ընտրաշրջաններում:

Երկրորդ ընտրատարածքում ներկայացված են ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի հայ թեկնածուները, ինչը նշանակում է, որ նրանք միմյանց հետ մրցելու են նաև հայ համայնքի ձայների համար, իսկ առաջին և երրորդ ընտրատարածքներում, որտեղ ևս հայեր են բնակվում, պայքարելու են ԺԴԿ-ի թեկնածուները: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ 14 մլն-ից ավել բնակչություն ունեցող Ստամբուլում ապրող 50-60 հազար հայի ձայնը, կարևոր լինելով հանդերձ, որոշիչ չի լինելու:

Այսպիսով, Թուրքիայի 25-րդ խորհրդարանում կարող ենք տեսնել մեկից ավելի հայ պատգամավոր: Իհարկե, հայ պատգամավորները թուրքական իրականության պայմաններում չեն կարող ընդգծված հայամետ/հայանպաստ քաղաքականություն վարել, սակայն, այնուամենայնիվ, պատգամավորական մանդատը կարելի է ներկայիս Թուրքիայում բնակվող հայերի որոշ խնդիրները լուծելուն ծառայեցնել:

Խորհրդարանում հայ պատգամավոր/պատգամավորներ ունենալը թուրքական պետությունը ևս կարող է ի շահ իրեն ծառայեցնել՝ միջազգային հանրությանն ու կառույցներին ցույց տալու, որ երկրում դրական փոփոխությունները շարունակվում են, ինչի արդյունքում տասնամյակներ անց հայերը կրկին կարող են տեղ զբաղեցնել թուրքական մեջլիսում: Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում Թուրքիան էլ ավելի ընդգծված շեշտադրումներ կարող է անել և իր քարոզչական ու դիվանագիտական քայլերը կառուցել նաև հայ հնարավոր պատգամավորների շուրջ:

Հ.Գ. Միևնույն ժամանակ, թուրքական իշխանությունները, Եսայանին Թուրքիայի խորհրդարանում պատգամավորական աթոռ հատկացնելով, կարող են լրացնել իրենց՝ հայկական հարցում որդեգրած քաղաքականության այն բացը, ինչն առաջ եկավ մինչ վերջերս Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Էթիեն Մահչուփյանի սկանդալային հեռացումից հետո:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ