Թուրքիայում հայերի գույքին տիրանալու համար ամեն ժամանակ իր տեխնիկան ունի. Ալի Բայրամօղլու

Քամփ Արմեն

Թուրքական «Ենի Շաֆաք» պարբերականի իր սյունակում հայտնի լրագրող Ալի Բայրամօղլուն, ով նաև «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի ակտիվ անդամներից է, բարձրացրել է Ստամբուլի «Քամփ Արմեն» որբանոց-ճամբարի ոչնչացման հարցը:

Բայրամօղլուն նշում է, որ իրեն է զանգահարել Հրանտ Դինքի եղբայր Լևենթ Դինքը՝ խնդրելով բարձրաձայնել հայերի համար մեծ նշանակություն ունեցող որբանոցը քանդելու մասին:
«Լևենթ Դինքը, զանգելով ինձ, տեղեկացրեց, որ քանդում են Թուզլայի մանկական ճամբարը: «Ի՞նչ կարող ենք անել, ինչպե՞ս կարող եք բարձրաձայնել խնդրի մասին, ինչպե՞ս կանգնեցնենք, չէ՞ որ ճամբարը երեխաների ձեռքով է կառուցվել, մեզ համար սա մեծ նշանակություն ունի»,-ասում էր Լևենթն ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Իսկ այս երկրում ոչ մուսուլմանների գույքին անվերջ տիրանալու համար ամեն ժամանակ իր տեխնիկան ունի»,-նշում է հեղինակն ու օրինակներ բերում, թե ինչպես հանրապետական Թուրքիայի տարբեր ժամանակաշրջաններում պետությունը տիրացել է ազգային/կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի գույքին:

«Երբ լսեցի Թուզլայի մանկական ճամբարի մասին, հիշեցի Դինքի պատմածները, ով նույնպես այդ ճամբարի սան էր: Լավ եմ հիշում հեռուստատեսությունով իր հարցազրույցներից մեկը, որտեղ նա պատմում էր ճամբարում անցկացրած տարիների մասին»,-գրում է թուրք հեղինակն ու անդրադառնում որբանոցի պատմությանը:

Այնուհետև վերջինս կոչ է անում թուրքական իշխանություններին ականջ դնել ճամբարի համար պայքարողների ձայնին:

«Մարդկանց բարձրացրած աղմուկը պետք է լսեն Թուրքիայի նախագահը, վարչապետը, ԵՄ հարցերի նախարարը, արտգործնախարարը: 1915-ի ցավակցությունը բավարար չէ: Խնդիրն այս ոչնչացմանն ու ավերմանը վերջ տալն է: Մի քանի օր անց կարող է ժատ ուշ լինել»,-գրում է Բայրամօղլուն:

Հիշեցնենք, որ Ստամբուլում մայիսի 6-ի առավոտյան մեկնարկել էր Ստամբուլի Թուզլա շրջանի «Քամփ Արմեն» ճամբարի ոչնչացումը: Առավոտյան շինարարական տեխնիկան մտել էր «Թուզլայի մանկական ճամբար» անունը կրող որբանոցի տարածք և սկսել պատմական շինության ապամոնտաժումը: Ապամոնտաժման մասին տեղեկություններից հետո դեպքի վայր էին ժամանել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներ, հայ գործիչներ, հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպության ներկայացուցիչներ, ակտիվիստներ: Վերջիններս կանգնել էին շինարարական տեխնիկայի առաջ՝ թույլ չտալով պատմական շինության ոչնչացումը: Թեև ներկայում բանակցություններ են ընթանում տարածքի սեփականատիրոջ հետ, սակայն որևէ դրական արդյունք դեռ չկա, իսկ շենքի մի մասն արդեն վերջնական ավերված է:

Նշենք, որ ճամբարը Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին ընդունել է Ստամբուլի, Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր տարածքներից հայ փոքրիկների, նրանց համար օթևան դարձել: Ճամբարը ժամանակին ընդունել է նաև «Ակօսի» հիմնադիրներից Հրանտ Դինքին, նրա կնոջը՝ Ռաքել Դինքին, հարյուրավոր այլ հայ կարիքավոր երեխաների:
Ճամբարը կառուցվել է 1962 թվականին՝ հայ բողոքական եկեղեցու և հայ երեխաների մասնակցությամբ՝ հետագա տարիներին ընդունելով շուրջ 1500 երեխայի: Թուրքական պետությունը որոշել էր փակել հայկական կառույցը դեռ 1983 թվականին: Տասնամյակներ շարունակ այն ենթարկվել է թուրքական իշխանությունների ճնշումներին, անգամ չի թույլատրվել ճամբարը վերանորոգել:

Վերջին շրջանում որբանոցը վատթար վիճակում էր, երկար ժամանակ Ստամբուլում փորձում էին քանդել կարևոր այդ շինությունը՝ տեղում թանկարժեք առանձնատներ կառուցելու համար: Թուրքական առաջադեմ լրատվամիջոցներն ու խմբերը բողոքի ձայն են բարձրացրել՝ հայերի համար մեծ կարևորություն ներկայացնող այդ շինությունը քանդելու դեմ: Սակայն Թուրքիայի հայերի և հասարակության առաջադեմ հատվածի բարձրացրած աղմուկը չի խանգարել ոչնչացնելու պատմական շինությունը:

Մասամբ ոչնչացված շինության դեռ կանգուն պատերից մեկի վրա էլ ճամբարի համար պայքարողները հայերեն գրություն են թողել՝ «Ո՞ւր էիր աստված»:

 

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ