1915-ից հետո էլ ցեղասպանության գործընթացը չի դադարել. «Ակօսի» գլխավոր խմբագիրը՝ «Քամփ Արմեն»-ի դեպքերի մասին

Էդվարդ Տանձիկյան

«Ակօսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը հայկական շաբաթաթերթում լույս տեսած հոդվածում Ստամբուլի «Քամփ Արմեն» հայկական որբանոցը քանդելու որոշման համար քննադատում է թուրքական պետությանն ու իրականությանը՝ հերթական անգամ «վերքի վրա աղ լցնելու» համար: Հայ լրագրողն «Ակօսում» իր հոդվածն այդպես էլ վերնագրել է՝ «Վերքի վրա աղ լցնել»:

Տանձիկյանն իր հոդվածում ներկայացնում է Թուզլայի մանկական ճամբարի կամ նույն «Քամփ Արմենի» կարևորագույն նշանակությունը հայերի համար՝ նշելով, որ «հանրապետական Թուրքիայում ևս հայերի դեմ ցեղասպանության գործընթացը չի դադարել՝ արտահայտելով տարբեր ձևերով»:

«Մի առավոտյան հողին հավասարեցվեց այն ճամբարի մի մասը, որը տարիներ շարունակ ընդունել է Ցեղասպանության հետևանքով Փոքր Ասիայի դատարկված հողերում մնացած հայ մանուկներին: Այս ամենը լավագույնս ցույց է տալիս, թե 1915-ին և դրանից այս հողերում ինչ է եղել: Այս ճամբարի խնդիրն էր իր տանիքի տակ հավաքել այն հայ ձագուկներին, ովքեր Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի-խմբ.) իրենց ծննդավայրերում հայերեն սովորելու հնարավորություն չունեին»,-գրում է հայ հեղինակն ու հավելում, որ ճամբարի ողջ գոյության ընթացքում թուրքական պետությունը մշտապես ճնշումներ է գործադրել հայկական կառույցի վրա:

«1979 թվականին ճամբարի ղեկավար Հրանտ Գյուզելյանին բանտ նետեցին՝ «այնտեղ հայ զինյալներ է մեծացնում» մեղադրանքով, հետո արգելեցին տարածքը վաճառել Գեդիկփաշայի հիմնադրամին, հետո եղան երկարուձիգ դատական գործընթացներ, որոնց հետևանքով էլ ճամբարն ու տարածքը խլեցին հայերից»,-նշում է հեղինակն ու հավելում, որ ճամբարի սաներից Հրանդ Դինքի գլխին եկածն էլ հետագա տարիներին տեսանք:

«Այս ամենը ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանությունը միայն 1915-ին և հաջորդած մի քանի տարիներին եղած-ավարտված մի գործընթաց չէ, այլ շարունակվել է նաև հանրապետական շրջանում՝ պահպանելով գույքն ու ունեցվածքը հափշտակելու ձևաչափը, այլ ձևեր»,-գրում է հեղինակն ու նշում, որ ճամբարը պահելու բազմաթիվ փորձերն ու արշավները որևէ արդյունք այդպես էլ չկարողացան տալ:

«Սակայն սա ունենք՝ 1915-ի 100-րդ տարում, Դինքի սպանության 8-րդ դարում վերքերի վրա աղ են լցնում: Հասարակությանը ցույց տվեցին, որ որոշ բաներն ընդհանրապես չեն փոխվել»,-գրում է Տանձիկյանը:

Նշենք, որ Ստամբուլում մայիսի 6-ի առավոտյան մեկնարկել էր Ստամբուլի Թուզլա շրջանի «Քամփ Արման» ճամբարի ոչնչացումը: Առավոտյան շինարարական տեխնիկան մտել էր «Թուզլայի մանկական ճամբար» անունը կրող որբանոցի տարածք ու սկսել պատմական շինության ապամոնտաժումը: Ապամոնտաժման մասին տեղեկություններից հետո դեպքի վայր են ժամանել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներ, հայ գործիչներ, հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպության ներկայացուցիչներ, ակտիվիստներ: Վերջիններս կանգնել են շինարարական տեխնիկայի առաջ՝ թույլ չտալով պատմական շինության ոչնչացումը: «Ակօսի» փոխանցմամբ՝ դեպքի վայրում այժմ սպասողական վիճակ է:

Ճամբարը Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին ընդունել է Ստամբուլի, Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր տարածքներից հայ փոքրիկների, նրանց համար օթևան դարձել: Ճամբարը ժամանակին ընդունել է նաև «Ակօսի» հիմնադիրներից Հրանտ Դինքին, նրա կնոջը՝ Ռաքել Դինքին, հարյուրավոր այլ հայ կարիքավոր երեխաների:

Ճամբարը կառուցվել է 1962 թվականին՝ հայ բողոքական եկեղեցու և հայ երեխաների մասնակցությամբ՝ հետագա տարիներին ընդունելով շուրջ 1500 երեխայի: Թուրքական պետությունը որոշել էր փակել հայկական կառույցը դեռ 1983 թվականին: Տասնամյակներ շարունակ այն ենթարկվել է թուրքական իշխանությունների ճնշումներին, անգամ չի թույլատրվել ճամբարը վերանորոգել:

Վերջին շրջանում որբանոցը վատթար վիճակում էր, երկար ժամանակ Ստամբուլում փորձում էին քանդել կարևոր այդ շինությունը՝ տեղում թանկարժեք առանձնատներ կառուցելու համար: Թուրքական առաջադեմ լրատվամիջոցներն ու խմբերը բողոքի ձայն են բարձրացրել՝ հայերի համար մեծ կարևորություն ներկայացնող այդ շինությունը քանդելու դեմ: Սակայն Թուրքիայի հայերի և հասարակության առաջադեմ հատվածի բարձրացրած աղմուկը չի խանգարել ոչնչացնելու պատմական շինությունը:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ