«Արևելագիտական երեկոների» առաջին հանդիպումը Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների թեմայով է

եփրատ կենտրոն

ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոնը սկսում է «Մասնագիտական երեկոներ» նախագիծը: Այս նախագծի համար ընտրվում են արդիական թեմաներ, նախապես հայտարարվում է այդ մասին, և նախանշված օրը երեկոյան մասնագետներն ու թեմայով հետաքրքրված անձինք հանդիպում են՝ ազատ ձևաչափով քննարկելու և վերլուծելու ստեղծված իրավիճակն ու զարգացումները, կիսելու կարծիքներ և տեսակետներ: Յուրաքանչյուր մասնակից իր ցանկությամբ հնարավորություն է ստանում հանդես գալ բանախոսի դերում: Հանդիպում-քննարկումները հնարավորություն կտան կատարել փորձի և գիտելիքի փոխանակում, թեմայով հետաքրքրվածների միջև կապեր ստեղծել, բազմակողմանի քննարկել այս կամ այն կոնկրետ թեման:

Այսպիսով, մեր գլխավոր նպատակն է դառնալ գիտավերլուծական բանավեճի/երկխոսության հարթակ, որը կմիավորի ինչպես մասնագետների երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդին` աջակցելով փորձի և գիտելիքի փոխանակմանը:

«Մասնագիտական երեկոների» առաջին թեմատիկ ճյուղը՝ «Արևելագիտական երեկոները», նվիրված է մեր տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում կարևոր զարգացումներին և իրադարձություններին: «Արևելագիտական երեկոների» առաջին հանդիպումն էլ նվիրված է Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնց մասնակցում է 4 հայ թեկնածու: Միևնույն ժամանակ, առաջին հանդիպման ժամանակ նաև մասնակիցների կարծիքների հիման վրա կհղկվի նախագծի իրականացման հետագա ձևաչափը, կլսենք առաջարկներ:

«Արևելագիտական երեկոների»՝ «Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն ու հայերը» (կոորդինատոր՝ Գևորգ Պետրոսյան) հանդիպումը կկայանա մայիսի 16-ի 18:00-ին ԵՓՐԱՏ կենտրոնում:
Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 2-րդ փակուղի, շենք 4, բն. 3, + 374 55 15 65 95: Գրանցման համար խնդրում ենք ուղարկել Ձեր անուն-ազգանունը, հեռախոսահամարը, կառույցը, որը ներկայացնում եք, EuphratesCenter@gmail.com հասցեին:

allTurkey.am

Մեկնաբանություններ