Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում առնվազն 2 հայ պատգամավոր կընտրվի. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարելի է բնորոշել որպես պատմական: Հատկապես հայերի տեսանկյունից, քանի որ ներկայացված են հայ թեկնածուներ, ովքեր կարող են խորհրդարանի կազմում ընդգրկվել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Նշենք, որ Թուրքիայում գործող քաղաքական երեք հիմնական ուժերը ներկայացրել են հայ թեկնածուներ, բացառությամբ «Ազգայնական շարժում» կուսակցությանը, քանի որ այն խիստ հակահայ կառույց է:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացրել է Մարգար Եսայանի թեկնածությունը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը քեմալական ընդդիմադիր կուսակցություն է, ևս հայ թեկնածու ունի, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ունի 2 հայ թեկնածու:

«Բարձր եմ գնահատում հատկապես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Մարգար Եսայանի պատգամավոր դառնալու հնարավորությունները: Պետք է սպասել, որ հունիսի 7-ից հետո նա իր տեղը կունենա թուրքական խորհրդարանում»,-նշեց թուրքագետը:

Նրա խոսքով` շատ հետաքրքիր է նաև Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Սելինա Օզուզունը, ով միակ հայ կին թեկնածուն է:

«Քեմալական կուսակցությունը, որ նախկին տասնամյակներին աչքի է ընկել հայատյաց քաղաքականությամբ, առաջադրել է նրան իր համամասնական ցուցակի առաջին տեղում, որը նախորդ ընտրություններում կուսակցության ղեկավարն էր զբաղեցնում: Սա ևս երաշխավորում է, որ հայ թեկնածուն անցնի խորհրդարան»,- գտնում է Գևորգ Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ քրդական կուսակցությունում հայ թեկնածուներից միայն մեկը հնարավորություն ունի անցնելու խորհրդարան, քանի որ երկրորդը ցանկում գրանցվել է 10-րդ անունից հետո, իսկ Կարո Փայլյանը, ով համամասնական ցուցակի երկրորդ տեղում է, հնարավորություն ունի անցնել խորհրդարան, թեև նախորդ տարիներին քրդական ուժը չի կարողացել անգամ ապահովել այդ երկու տեղը անգամ խորհրդարանում:

Հունիսյան ընտրություններից հետո մենք կարող ենք երկու-երեք հայ պատգամավորներ ունենալ թուրքական խորհրդարանում: Ընդ որում` այդ թեկնածուները ներկայացնում են քաղաքական ուժեր, որոնք հակադիր ճամբարներում են և՛ գաղափարական տեսանկյունից, և՛ հենց հայկական հարցի մոտեցման տեսանկյունից:

«Եթե մեկը ներկայացնում է քիչ թե շատ հայանպաստ քրդական կուսակցությունը, ապա ԱԶԿ-ն լուծում է Թուրքիայի համար կարևոր խնդիրներ: Հայ թեկնածու առաջադրելով` նրանք նախևառաջ միջազգային խնդիրների լուծման են ծառայում: Այստեղ կարելի է հիշել, թե ինչպես Թուրքիայի վարչապետի խորհրդական Էթիեն Մահչուփյանը նշանակվեց, և այս հանգամանքը թուրքական ուժերը թմբկահարում են տարբեր միջազգային հարթակներում»,-ասաց Գևորգ Պետրոսյանը` ընդգծելով, որ եթե Մարգար Եսայանը ընտրվի, մշտապես նման խոսակցությունների կիզակետում է լինելու:

Ըստ նրա` Թուրքիան օգտագործելու է այս հանգամանքը նաև ցեղասպանության ճանաչման հարցում` ցույց տալով, որ փոխվել է, ավելի ժողովրդավար ու բաց է դարձել, և հայերն այստեղ ավելի լայն իրավուքնների տեր են:

«Պետք չէ սպասել, որ 2-3 , այն էլ` տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող հայ թեկնածուները կարող են հայերի համար լուրջ խնդիրներ լուծել, որովհետև նրանք նախևառաջ իրենց կուսակցությունների խնդիրները պետք է լուծեն: Սակայն նրանց ի վիճակի լուծել որոշակի լոկալ խնդիրներ»,-եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:

Աղբյուր` Ankakh.com

allTurkey.am

Մեկնաբանություններ