Էրդողանն ուժեղացնում է արտաքին ու ներքին թշնամիներով շրջապատված Թուրքիայի սինդրոմը. Լևոն Հովսեփյան

Լևոն Հովսեփյան, թուրքագետ

Թուրքիայում նախընտրական քարոզարշավը ընթանում է բավական լարված, քաղաքական ուժերի փոխադարձ տարաբնույթ մեղադրանքները ստանում են ավելի կոշտ բնույթ, ուժգնացել է ազգայնական հռետորաբանությունը: Այս համատեքստում որոշ առումներով առանձնանում են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քարոզարշավն ու այդ ուժի ներկայացուցիչների կողմից հանրությանը հրամցվող ուղերձները, որոնք առավել քան երբևէ դարձել են ազգայնամոլական: ԱԶԿ-ի առաջնորդների վերջին շրջանի ելույթներն ու հայտարարությունները ոչ միայն կրում են խիստ ընդգծված ազգայնական բնույթ, այլ նույնիսկ շատ դեպքերում անցնում բանականության սահմանը, մտնում «դավադրությունների տեսության» ոլորտ: Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարություններից մեկը դրա լավագույն դրսևորումն է: Նա մեղադրել է արևմտյան մամուլին, մասնավորապես՝ ամերիկյան «The New York Times» պարբերականին՝ Թուրքիան թուլացնել ու մասնատել ցանկացող ուժերին ծառայելու և նրանց շահերն սպասարկելու մեջ:

Տարբեր այլ առիթներով վերջերս հաճախակի են դարձել ԱԶԿ-ի ներկայացուցիչների տարբեր դավադրական տեսությունների վերաբերյալ հայտարարությունները, որոնք առավելապես ազգայնամոլական քաղաքական հատվածի, շրջանակների դիսկուրսի անքակտելի մասն էին կազմում: Մեկ թարմ օրինակ ևս. Անկարայի քաղաքապետ Մ. Գյոքչեքը, վերջերս հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ «Քրդստանի բանվորական կուսակցությունը հայկական կազմակերպություն է, որի նպատակը Թուրքիայի արևելյան հատվածի մասնատումն է քրդերի միջոցով»: Սա նոր պնդում չէ, ավելի քան երկու տասնամյակի պարբերաբար շրջանառվող «վարկած»` թուրքական «դավադրական տեսությունների» շղթայական համակարգում:

Կարծես, ազգայնականների այդ մենաշնորհը այլևս ԱԶԿ-ի աշխարհընկալման ու դիսկուրսի անբաժան բաղադրիչն է դարձել:

Էրդողանի, Դավութօղլուի ու այլ ազդեցիկ ներկայացուցիչների համար օրակարգային խնդիր է դարձել երկիրը օտար դավադիրներից փրկելու օրհասական պարտականությունը: ԱԶԿ-ն արդեն իսկ յուրացրել է նախկին իր մրցակիցների գաղափարական-դավադրական տեսությունների զինանոցը, այն զինանոցը, որի կիրառողների դեմ համառ պայքար էր մղում՝ Էրգենեկոնից մինչև Բալյոզ և հավաքական խորքային պետություն:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ նախնական շրջանում, երբ նոր իշխանության էր եկել ԱԶԿ-ն, համառ քայլեր էր ձեռնարկում երկրում արմատավորված անվտանգայնացման համակարգը փոխելու ուղղությամբ՝ ոչ միայն կառուցվածքային, այլ նաև գաղափարական, որոնց արդյունքն էր նաև դավադրությունների տեսության շարունակական ներարկումը հասարակական-քաղաքական դիսկուրսի ոլորտ: Իհարկե, իր հակառակորդների՝ ասպարեզից հեռացնելու լավագույն ու օպտիմալ տարբերակը հենց երկրում անվտանգայնացման մեխանիզմային ու տեսական բաղադրիչների վերանայումն էր, չեզոքացումը՝ որպես մարգինալների, արկածախնդիրների և այլն:

Սակայն հիմա արդեն ԱԶԿ-ն իր առաջնորդների ակտիվ ներգործությամբ անվտանգայնացման (սեքյուրիթիզացիայի) նոր օրակարգ է ձևավորում, իհարկե, հնի նորովի ադապտացմամբ, որը գրեթե ոչնչով չի զիջում ծայրահեղ ազգայնական շրջանակների՝ ինքնապահպանման ու գոյատևման կարևոր գործոն հանդիսացող տեսություներին ու գաղափարներին՝ տարատեսակ սինդրոմներ (Սևրի սինդրոմ, Թանզիմաթի սինդրոմ), օտար դավադրություններ, Թուրքիայի մասնատման վտանգ, թշնամիներով շղթայված Թուրքիա ևն: Սա կարող է վկայել, ի թիվս այլ հիմնախնդիրների, ԱԶԿ-ի՝ ինքնապահպանման ու գոյատևման հնամենի փորձառության յուրացման փորձ: Հարևան երկրում առկա տարբեր «սինդրոմները» չեն վերանում, այլ ըստ առաջնահերթության դրանք վերափոխվում են, հարմարեցվում ու վերաձևակերպվում ըստ տվյալ իշխանությունների տեսլականի, աշխարհընկալումների:

Ներկայում էլ ԱԶԿ-ն, որն ի սկզբանե փորձում էր և քայլեր էր ձեռնարկում տարբեր այդ «սինդրոմների», «դավադրությունների տեսությունների», «կարծրատիպերի» ու նաև «տաբուների» կազմաքանդման ուղղությամբ, որդեգրել է դրանք սեփական աշխարհընկալման ու հանրային հավաքական ընկալման համատեքստում մատուցելու ուրույն քաղաքականություն: Թուրքիայում գրեթե ավանդույթ է, երբ կառավարող էլիտայի, իշանությունների համար բարդ քաղաքական, սոցիալ-հասարակական իրավիճակներում և գործընթացներում հանրային մոբիլիզացիա ապահովելու, նաև իրենց իշխանական կենսունակությունն ապահովելու նպատակով ուժեղացվում է արտաքին ու ներքին թշնամիներով շրջապատված Թուրքիայի սինդրոմը: Սա Թուրքիայում արդյունավետ գործող մեխանիզմ է:

Աղբյուր` Panorama.am

allTurkey.am

Մեկնաբանություններ