Քրդական կուսակցությունն ավելացնում է աթոռները Թուրքիայի խորհրդարանում

թուրքիա ընտրություն

Հրապարակվել են Թուրքիայում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների ամենաթարմ տվյալները, որոնց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձայների նահանջ է ապրել, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ավելացրել է տեղերը խորհրդարանում:

Ըստ նախնական արդյունքների՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրողների շուրջ 86 տոկոսը:

Ընտրությունների արդյունքներով (հունիսի 9-ի երեկոյան տվյալները)՝

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն – 40.86% (Թուրքիայի խորհրդարանում՝ 258 տեղ),

Քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցություն – 24.96% (132 տեղ),

Ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցություն – 16.29% (80 տեղ),

Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն – 13.12% (80 տեղ),

Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը չեն կարողացել հաղթահարել 10 տոկոսանոց անցողիկ շեմը:

Հավելենք, որ ըստ նախնական արդյունքների՝ ընտրություններին մասնակցող 5 հայ թեկնածուներից 3-ն անցել են թուրքական խորհրդարան:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունից խորհրդարան է անցել լրագրող Մարգար Եսայանը, ով Ստամբուլի երկրորդ ընտրաշրջանում իր կուսակցության համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում էր: «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ներկայացնող Սելինա Օզուզուն Դողանը, ով Ստամբուլի երկրորդ ընտրաշրջանում իր կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղում էր, նույնպես անցել է խորհրդարան: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից Ստամբուլի առաջին ընտրաշրջանում առաջադրված Կարո Փայլանը ևս անցել է խորհրդարան՝ տեղ զբաղեցնելով իր քաղաքական ուժի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում: ԺԴԿ-ի ցուցակներում ներկայացված մյուս 2 հայ թեկնածուները չեն անցել խորհրդարան:

Այսպիսով, իշխող, չափավոր իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականից առանց դադարների կազմում է Թուրքիայի կառավարությունը, խորհրդարանում կունենա 258 տեղը, որը, սակայն, բավարար չի լինի միակուսակցական կառավարություն կազմելու համար:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ