Գյուլը մեկնել էր Երևան՝ չնայած Էրդողանը, Թուրքիայի ԶՈւ-ն ու ԱԳՆ-ն դեմ էին

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ահմեթ Սևերն իր «12 տարի Աբդուլլահ Գյուլի հետ» գրքում անդրադարձել է նաև 2008 թվականին Գյուլի Երևան կատարած այցին, դեռ ավելին՝ պատմել է, թե ինչպես Թուրքիայի արտգործնախարարությունը և այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել Գյուլի կողմից Հայաստանի հետ հաստատված «ֆուտբոլային դիվանագիտությանը»: Այս մասին Սևերը պատմել է թուրքական CNN-ն հեռուստաալիքով տարվող «Ամեն ինչ» հաղորդման ժամանակ:

2008 թվականին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելել էր Երևան՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Սևերը նշում է, որ այդ այցին Թուրքիայի իշխող վերնախավում բոլորը, այդ թվում՝ այն ժամանակ վարչապետ Էրդողանը դեմ են եղել։

«Նա էլ չի ուզում, որ Հայաստան մեկնես»,-ասել է Էրդողանը՝ մատնանշելով այդ ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղին։ «Սակայն նա գնաց՝ չնայած որ մենակ էր մնացել։ Այդ գործընթացը բացեց դեպի Արձանագրությունները տանող ճանապարհը»,-ասել է Սևերը։

Հաղորդման ընթացքում Ահմեթ Սևերը անդրադարձել է նաև Հայաստան մեկնելու Գյուլի որոշման պատճառներին: «Քրդական, Հայկական ու Կիպրոսի հարցերը կարևոր էր համարում։ Նրա կարծիքով այդ հարցերը գնալով փտախտի են վերածվում։ Կարծում էր, որ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Հայաստան մեկնելը կբացի կարգավորման ճանապարհը։ Թուրքիայի արտգործնախարարությունը նույնպես չէր ուզում, որ նա մեկնի: Նրանք մտահոգվում էին, որ այդ այցի հետևանքով կտուժի անվտանգությունը, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Սակայն Գյուլն ասաց. «Ես մեկնելու եմ», պատմել է Սևերը։

Նյութը պատրաստեց՝ Արևիկ Բաբայանը

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am

Մեկնաբանություններ