Ստամբուլի համալսարաններից մեկում ճնշումներ են սկսվել Ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում իրականացրած ուսանողների դեմ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցած և Աղրըում (Արարատ լեռան շրջակայքը) տեղի ունեցած սադրանքի դեմ բողոքի ցույց կազմակերպած 40 ուսանողի դեմ Ստամբուլի Տեխնիկական համալսարանում կարգապահական հետաքննություն են սկսել: Ուսանողները համալսարանի տարածքում պարզել էին «Առերեսվեք Հրանտի, Սևակի ու Ցեղասպանության հետ», «Խաղաղության դեմ ուղղված յուրաքանչյուր փամփուշտի համար պատասխան ենք պահանջելու» գրություններով պաստառներ, տեղեկացնում է «Ակօսը»:

Դեմոկրատական-հայրենասիրական ուսանողական միության ուսանողները ապրիլի 15-ին Աղրըում տեղի ունեցած սադրանքի դեմ բողոքի ցույց կազմակերպելու նպատակով փորձել են պաստառներ փակցնել, սակայն այս պաստառները անվտանգության աշխատակիցներն իջեցրել են, իսկ ուսանողներին էլ ծեծի՝ ենթարկել:

Իսկ ապրիլի 24-ին քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Ստամբուլի Տեխնիկական համալսարանի երիտասարդական կոորդինացնող խմբի հետ միասին Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Առերեսվեք Հրանտի, Սևակի ու Ցեղասպանության հետ» պաստառ և սպանված հայ մտավորականների նկարներն էին փակցրել: Սակայն այս միջոցառման ընթացքում ոստիկանները և անվտանգության աշխատակիցները հարձակվել են ուսանողների վրա, վերջիններիս և ուսանողների միջև ծեծկռտուք է եղել:Արդյունքում 8 ուսանող ձերբակալվել է, մի ուսանողուհի էլ՝ թեթև վնասվածքներ ստացել:

Դեպքի առնչությամբ համալսարանում որոշել են հետաքննություն սկսել ուսանողների դեմ, ովքեր իրենց հերթին բողոքում են իրենց նկատմամբ ճնշումների մասին

Պրոռեկտոր Ալի Ֆուաթ Այդընի ստորագրությամբ ուսանողներին հղված ծանուցման մեջ գրվել է, որ «Քառասուն հոգանոց ուսանողական խմբի կողմից Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար մուտքում՝ առանց թույլտվության պաստառ է փակցվել,առանց թույտվության պաստառ փակցնելը դեմ է Բարձրագույն կրթական խորհրդի կարգապահական կանոնադրությանը, և չնայած զգուշացմանը՝ պաստառը փակցվել է, որից հետո միայն անվտանգության ղեկավարության հրահանգով 30 հոգանոց մասնավոր անվտանգության խումբը միջամտել է, որպեսզի պաստառները իջեցվեն»:

Ծանուցման մեջ պնդվում է, որ ուսանողները ֆիզիկական վնասվածքներ են հասցրել անվտանգության 6 աշխատակիցների: Կարգապահական հետաքննություն սկսելու վերաբերյալ ուսանողներին գրավոր ծանուցում է ներկայացվել: Ուսանողները հայտնել են, որ համալսարանի ղեկավարությունը ճնշման տակ է պահում ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսանողներին:

Ըստ նրանց խոսքի. «Նույնիսկ ՍՏՀ-ի ուսանողներս ժամանակ առ ժամանակ չենք կարող կամայական ձևով լսարանի մուտքից ներս մտնել, չենք կարող գրադարան հասնել: Նույնիսկ երբ 10 ընկեր մարգագետնին նստած զրուցում ենք, անվտանգության աշխատողները աչքերով ասես մեզ բանտարկում են: Շատ հաճախ թույլ չեն տալիս անգամ ռեկտորատի շենք մտնել: Եթե ցանկանում ենք դիմում հանձնել, իրենց տրամադրության համաձայն են մեզ ներս թողնում: Իսկ եթե դիմում հանձնելն էլ թույլ են տալիս, նախ մեզ ուղեկցում են «մասնավոր անվտանգության» խմբագրական սենյակը:

Ուսանողները նաև նշում են, որ համալսարանի ղեկավարությունը իր մյուս ուսանողների աչքին հանդես է գալիս որպես պաշտպան՝ ահաբեկել փորձող ուսանողներից, այսինքն՝ իրենցից, ինչպես նաև ընդգծում են, որ ակադեմիական կազմը և ուանողությունը  հետաքննաքան հարատև սպառնալիքի տակ է: Ուսանողների հաղորդմամբ՝ ռեկտոր Քարաջայի պաշտոնավարման շրջանում մոտ 300 հետաքննություն, 12 հեռացում, 122 հատ զգուշացում և դատապարտում է գրանցվել համալսարանում:

Նյութը պատրաստեց՝ Արևիկ Բաբայանը

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

 

Մեկնաբանություններ