2015թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

2015թ. հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ): Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (YSK) տվյալներով` Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 53.765.231, արտերկրում` 2.867.658 մարդ, ընդհանուր` 56.632.889 մարդ: Թուրքիայում ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է մոտ 86%` 47.507.389 քվե, որից վավեր է ճանաչվել 46.161.049-ը, իսկ արտերկրում՝ 32.5%, ինչը բավական բարձր ցուցանիշ է:

Ընդհանուր առմամբ` ընտրություններին մասնակցած 20 կուսակցություններից, ԱԶԿ-ից բացի, 10%-անոց ընտրաշեմը հաղթահարել և խորհրդարան են մտել նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): Նախնական տվյալներով` ԱԶԿ-ն ստացել է 18.864.355 քվե (40.87%), ԺՀԿ-ն` 11.518.002 քվե (24.95%), ԱՇԿ-ն` 7.519.034 քվե (16.29%), ԺԴԿ-ն` 6.056.261 քվե (13.12%), մնացյալը` 2.199.968 քվե (4.77%): Համեմատության համար նշենք, որ 2011թ. խորհրդարանական ընտրություններում (Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 50.237.343, արտերկրում` 2.568.979 մարդ) ԱԶԿ-ն հավաքել էր 21.399.082 քվե (49.83%), ԺՀԿ-ն` 11.155.972 քվե (25.98%), ԱՇԿ-ն` 5.585.313 քվե (13.01%): Փաստորեն, 2015թ. ընտրություններում ԱԶԿ քվեները նվազել են 12%-ով, ԺՀԿ-ինը՝ 3%-ով, մինչդեռ ԱՇԿ-ն իր քվեներն ավելացրել է մոտ 35%-ով:

ԱԶԿ-ն 2015թ. ընտրությունների արդյունքներով ստացել է 258, ԺՀԿ-ն` 132, իսկ ԱՇԿ-ն ու ԺԴԿ-ն` 80-ական պատգամավորական մանդատ: Հիշեցնենք, որ 2011թ. ԱԶԿ-ն ստացել էր 327, ԺՀԿ-ն` 135, ԱՇԿ-ն` 53 մանդատ, ինչը նշանակում է, որ ԱԶԿ պատգամավորների թիվը խորհրդարանում նվազել է 69-ով, ԺՀԿ-ինը` 3-ով, մինչդեռ ԱՇԿ պատգամավորների թիվն աճել է 27-ով: Ինչ վերաբերում է ԺԴԿ-ին, ապա նրա նորամուտը փայլուն ստացվեց` 80 պատգամավոր: 165 անկախ թեկնածուներն այս ընտրություններում որևէ հաջողության չեն հասել:

Եթե 2011թ. ընտրություններում ԺՀԿ-ն հաղթել էր Թուրքիայի 81 նահանգից 7-ում, ԱՇԿ-ն` միայն 1-ում, քուրդ անկախ թեկնածուները` 7-ում, իսկ մնացյալ 66 նահանգում հաղթանակ էր տարել ԱԶԿ-ն, ապա այս անգամ պատկերը փոխվել է. ԺՀԿ-ն հաղթել է 10, ԱՇԿ-ն` 1, ԺԴԿ-ն` 14, իսկ ԱԶԿ-ն` 56 նահանգում1: Փաստորեն, ԱԶԿ հաղթած նահանգների թիվն այս անգամ նվազել է 10-ով: ԱԶԿ-ն ընդհանուր առմամբ Սև, Մարմարա, Էգեյան և Միջերկրական ծովերի ծովափնյա նահանգներում մրցակցել է ԺՀԿ-ի, Թուրքիայի կենտրոնական շրջաններում` ԱՇԿ-ի, իսկ արևելյան ու հարավարևելյան հատվածներում` ԺԴԿ-ի հետ: Սա վկայում է, որ բոլոր 4 քաղաքական ուժերը տվյալ շրջաններում ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, որն էական փոփոխությունների չի ենթարկվում:

Խորհրդարանական ընտրությունների ուշագրավ կողմերից մեկն էլ այն է, որ ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո խորհրդարանում կլինեն 3 հայազգի պատգամավորներ: Խոսքը Մարգար Եսայանի (ԱԶԿ), Սելինա Օզուզուն Դողանի (ԺՀԿ) և Գարո Փալյանի մասին (ԺԴԿ) է: Բնականաբար, նրանք որևէ էական դեր չեն կարող խաղալ խորհրդարանում, սակայն, ինչպես վկայել է «Ակօս» թերթի հարցումը, հայազգի պատգամավորները կարող են խորհրդարանում արծարծել հայերին առնչվող մի շարք խնդիրներ. եկեղեցիների վերանորոգում, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններ, Թուրքիայի հայ համայնքի կրթական խնդիրներ, Թուրքիայում հայերի (Հրանտ Դինք, Մարիցա Քյուչուք) սպանությունների բացահայտում և այլն:

ԱԶԿ – Խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱԶԿ-ի առջև առաջադրանք էր դրել 550 հոգանոց խորհրդարանում ստանալ առնվազն 330 պատգամավորական մանդատ (3/5-ը): Դա այն նվազագույն ցուցանիշն է, որն ԱԶԿ-ին հնարավորություն կտար խորհրդարանում քվեարկության դնել նոր Սահմանադրության նախագիծը, որն առաջին հերթին նախատեսելու է կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի («Մեկ մարդու» ռեժիմի): Խորհրդարանում նոր սահմանադրության նախագծի ընդունման համար անհրաժեշտ է 367 պատգամավորի աջակցություն (2/3-ը): Եվ եթե ԱԶԿ-ն կարողանար սեփական ուժերով խորհրդարանում քվեարկության դնել նոր սահմանադրության նախագիծը, ապա դրա չընդունման դեպքում երկրի նախագահն իրավունք կունենար կամ վետո դնել դրա վրա, կամ էլ այն դնել հանրաքվեի: Անկասկած է, որ Էրդողանը նախընտրելու էր 2-րդ տարբերակը:

Ահա հենց այս ամենը հաշվի առնելով` Էրդողանը որոշեց նախորդ տարի դառնալ երկրի նախագահ` հուսալով, որ 1 տարի անց երկրում կընդունվի նոր սահմանադրություն և զգալիորեն կընդլայնվեն երկրի նախագահի (իր) իրավունքները: 2014թ. նախագահական ընտրություններից հետո Էրդողանն ընդգծեց, որ ժողովրդի կողմից ուղիղ քվեարկության միջոցով ընտրված Թուրքիայի առաջին նախագահն է, «ինչի համար էլ չի կարող ունենալ» նույնպիսի լիազորություններ, ինչպիսիք որ ցայժմ ունեցել են խորհրդարանի կողմից ընտրված նախագահները: Իր «բացառիկությունն» ընդգծելու համար Էրդողանը որոշեց լքել «Չանքայա» նախագահական նստավայրը և տեղափոխվել «Աք սարայ» (Սպիտակ պալատ) նախագահական պալատ, որն ունի 1150 սենյակ (The New York Times-ը հեգնել է, որ այն ավելի քան 30 անգամ մեծ է Սպիտակ տնից2) և պաշտոնական տվյալներով արժեցել է $615 մլն3:

Էրդողանը հասկանում էր, որ ԱԶԿ-ն իրականում չի կարող ընտրությունների արդյունքներով ստանալ 367 մանդատ, քանի որ ԱԶԿ-ին երբևէ չի հաջողվել հասնել դրան, և բացի այդ, հայտնի էր, որ այս անգամ ԱԶԿ վարկանիշը որոշակիորեն նվազել է: Դրա համար էլ նա ընտրեց 330 թիվը, որի դեպքում նույնպես վերջին հաշվով կարելի կլիներ հասնել նոր սահմանադրության ընդունմանը: Սակայն ԱԶԿ-ն ոչ միայն չկարողացավ ստանալ 330 պատգամավորական մանդատ, այլև այդ ցուցանիշից հետ մնաց ավելի քան 70-ով: Ավելին, ԱԶԿ-ին չհաջողվեց ստանալ անգամ միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 276 մանդատ (խորհրդարանի 50%+1 մանդատ): Փաստորեն` ԱԶԿ-ին չհաջողվեց հասնել բաղձալի եռյակից (276, 330, 367) և ոչ մեկին:

Չնայած դրան` պետք է փաստել, որ ԱԶԿ-ն 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց խորհրդարանական ընտրություններում և չկարողացավ պատգամավորական մանդատ ստանալ միայն 5 նահանգում (Թունջելի, Աղրը, Իգդիր, Հաքքարի, Շըրնաք, հաղթել է ԺԴԿ-ն): ԱԶԿ նախագահ Ահմեթ Դավութօղլուի խոսքերով` 1960թ. սկսած՝ միայն 4 կուսակցության է հաջողվել հավաքել քվեների 40%-ից ավելին:

ԱԶԿ-ի կրած ներկայիս անհաջողությունն ունի բազմաթիվ պատճառներ: Գլխավոր պատճառներից մեկը ԺԴԿ-ի կողմից ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելն է: Ինչպես նշվեց, ԺԴԿ-ն հաղթել է Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան 14 նահանգում: Եթե 2011թ. ԱԶԿ-ն այդ նահանգներից ստացել է 28, ապա 2015թ.` ընդամենը 9 մանդատ: Բացի այդ, ԺԴԿ-ն հաջողություններ է գրանցել (բայց չի հաղթել) հարավարևելյան մի շարք այլ նահանգներում (օրինակ` Շանլըուրֆայում ու Գազիանթեփում), ինչը նույնպես ուղեկցվել է ԱԶԿ մանդատների թվի նվազեցմամբ: Նույնը կարելի է ասել Ստամբուլի նահանգի պարագայում. եթե 2011թ. ԱԶԿ-ն ստացել էր տեղի 85 մանդատներից 46-ը, ապա 2015թ. ԱԶԿ ցուցանիշը կազմել է 39 (88-ից): ԺԴԿ-ն Ստամբուլի նահանգում ստացել է միանգամից 11 մանդատ՝ գերազանցելով անգամ ԱՇԿ-ին (10 մանդատ):

ԱԶԿ անհաջողության պատճառների թվում կարելի է նշել նաև խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հաջողությունները: ԺՀԿ-ն թեև այս անգամ կրել է 3 մանդատի կորուստ, սակայն մյուս կողմից էլ նրան հաջողվել է հաղթել ավելի շատ նահանգներում և, մասնավորապես, Չանաքքալեում, Զոնգուլդակում, Էսքիշեհիրում և Մերսինում, ուր 2011թ. հաղթել էր ԱԶԿ-ն: Այստեղ պետք է ընդգծել նաև ԱՇԿ հաջողությունները, որը 2011թ. նման՝ այս անգամ էլ հաղթել է ընդամենը 1 նահանգում. եթե նախորդ անգամ հաղթել էր միայն Իգդիրում (այս անգամ այնտեղ հաղթել է ԺԴԿ-ն), ապա այս անգամ` Օսմանիեում (2011թ. այստեղ հաղթել է ԱԶԿ-ն): ԱՇԿ-ին հաջողվել է պատգամավորական մանդատների թիվն ավելացնել գրեթե 30-ով, և եթե հաշվի առնենք, որ ԺՀԿ-ն գրեթե ամբողջովին պահպանել է իր մանդատների թիվը, իսկ ԺԴԿ-ն հիմնականում հաղթել է քրդաբնակ նահանգներում, ապա ստացվում է, որ ԱՇԿ այս հաջողությունը եղել է ի վնաս ԱԶԿ-ի:

ԱԶԿ անհաջողության պատճառների թվում կարելի է նշել երկրի ներսում Էրդողանի վարած կոշտ և ագրեսիվ քաղաքականությունը, գործադրած բռնությունները, ազատ արտահայտվելու սահմանափակումները, սոցցանցերի արգելափակման փորձերը և այլն: Կարելի է նշել նաև Էրդողանի ագրեսիվ և նաև որոշակի առումով անհեռատես արտաքին քաղաքականությունը, որի պատճառով Թուրքիան այս կամ այն չափով խնդիրներ ունի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Իսրայելի, արաբական աշխարհի որոշ երկրների (Սիրիա, Եգիպտոս), Իրանի, Հունաստանի, Կիպրոսի, նաև Վրաստանի ու Հայաստանի հետ: Թուրքիան գրեթե ամբողջովին զրկվել է տարածաշրջանում միջնորդական առաքելությամբ հանդես գալու հնարավորությունից, իսկ Մերձավոր Արևելքում մեծապես տանուլ է տալիս Իրանի հետ տարածաշրջանային մրցակցությունը:

Բացի այդ, վերջին տարիներին Թուրքիայի տնտեսական արդյունքներն այդքան էլ խոսուն չեն. դանդաղել են տնտեսական աճի տեմպերը (2014թ. այն կազմել է 2.9%), տարեսկզբին գործազրկության մակարդակը հասավ 11.3%-ի (մոտ 3.3 միլիոն մարդ), ինչը վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշն է, արժեզրկվել է թուրքական լիրան, պակասել են օտարերկրյա ներդրումները: 2013թ. դեկտեմբերի 17/25-ի կոռուպցիոն սկանդալը («Մեծ կաշառք») ընտրողների շրջանում նույնպես որոշակիորեն հեղինակազրկել է ԱԶԿ-ին: Էրդողանն ու Դավութօղլուն շարունակ թմբկահարում էին, որ ԱԶԿ հաջողության գրավականը ոչ կոալիցիոն կառավարություն ունենալն է, որ Թուրքիայի պատմության մեջ կոալիցիոն կառավարությունները հաջողություններ չեն ունեցել, սակայն ընտրությունների արդյունքները վկայեցին, որ ընտրողները չեն վախեցել կոալիցիոն կառավարություն ստանալուց:

Նախընտրական քարոզարշավի գործոնը4 նույնպես բավական կարևոր է: Դավութօղլուի անցկացրած նախընտրական հանդիպումները համեմատելի չեն Էրդողանի մասնակցությամբ անցկացված հանդիպումների հետ։ Դավութօղլուն Էրդողանի նման խարիզմատիկ առաջնորդ և հռետոր չէ ընտրազանգվածի համար: Եվ ամենևին էլ անսպասելի չէր, որ Էրդողանը որոշեց մասնակցել այդ գործընթացին, ինչի համար քննադատվեց շատերի կողմից, քանի որ որպես երկրի նախագահ՝ նա պարտավոր էր անկողմնակալ գտնվել և չաջակցել կուսակցություններից որևէ մեկին: Ի դեպ, հենց դրա համար էլ Թուրքիայի նախագահ ընտրվելուց առաջ Էրդողանը հրաժարական էր տվել ԱԶԿ նախագահի պաշտոնից:

ԵԱՀԿ-ն նույնպես քննադատեց Էրդողանին` հայտարարելով, որ նա ակնհայտորեն խախտում է նախագահի անկողմնակալության մասին սահմանադրության հոդվածը` երկրի տարբեր շրջաններում զբաղվելով ԱԶԿ օգտին քարոզչությամբ և ընդդիմադիր կուսակցություններին քննադատելով: Անգամ հունիսի 6-ին, երբ Թուրքիայում «լռության օր» էր, Էրդողանը քաղաքական քարոզչություն է իրականացրել Արդահանի և Աղրըի նահանգներում: Բացի այդ, Էրդողանը մեկ ամսում նախընտրական հանդիպումներ անցկացնելու նպատակով այցելել է 3 օտար երկիր՝ Գերմանիա, Ալբանիա և Բոսնիա-Հերցեգովինա: Կարելի է կարծել, որ Էրդողանի կողմից սահմանադրության խախտման այդօրինակ աղաղակող փաստերը որոշակիորեն տվել են հակառակ արդյունք. մայիսի 1-ից մինչև հունիսի 6-ն Էրդողանն այցելել է Թուրքիայի 37 նահանգ, որոնցից 15-ում ԱԶԿ-ն պարտվել է` զիջելով ԺՀԿ-ին ու ԺԴԿ-ին5: Չպետք է մոռանալ նաև, որ ԱԶԿ-ն ընտրություններից առաջ որոշել էր չփոխել իր ներքին կանոնակարգը, որի համաձայն՝ ԱԶԿ անդամն իրավունք չունի պատգամավոր ընտրվել 3 անգամից ավելի: «3 ժամկետի» արգելքն առնչվել է ԱԶԿ ավելի քան 70 ներկայացուցչի (այդ թվում նաև Էրդողանին), ինչը չէր կարող գոհացնել նրանց: Մասնավորապես, ընտրությունների գիշերը, երբ Դավութօղլուն դուրս է եկել Անկարայում ԱԶԿ գլխավոր գրասենյակի պատշգամբ՝ համախոհներին ողջունելու և ելույթ ունենալու համար, նրա հետ պատշգամբ դուրս գալու շուրջ լեզվակռիվ է տեղի ունեցել «3 ժամկետի» արգելքի տակ ընկած (վաղեմի) ԱԶԿ-ականների և ԱԶԿ-ական նորընտիր պատգամավորների միջև: Վաղեմի ԱԶԿ-ականները շտապել են տեղ զբաղեցնել պատշգամբում, որով և հարուցել են նորընտիր ԱԶԿ-ականների դժգոհությունը: Բացի այդ, պատշգամբ դուրս եկածների միջև հրմշտոց է տեղի ունեցել, թե ովքեր պիտի տեղ զբաղեցնեն առաջին շարքում6: ԱԶԿ վերնախավում տարբեր հարցերի (նաև «Քրդական հարցի») շուրջ կան ներքին տարաձայնություններ: 2014թ. նախագահական ընտրություններից առաջ Էրդողանը հայտարարեց, որ եթե նախագահ ընտրվի, ապա ԱԶԿ-ն չի պառակտվի, ինչպես եղավ Թուրգութ Օզալի («Մայր Հայրենիք») կուսակցության դեպքում, երբ Օզալը դարձավ նախագահ, սակայն այժմ ամեն ինչ տանում է դրան (Օզալը նույնպես ցանկանում էր ստանալ կառավարման նախագահական համակարգ):

Կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու Էրդողանի նախաձեռնությունը նպաստել է նրան, որ ընտրողների մի զգալի մասը չքվեարկեց ԱԶԿ օգտին: Նրանք հասկացան, որ կանգնած են վճռորոշ ընտրության առջև, որ չպետք է թույլ տան Էրդողանին՝ իրագործել իր առաջ քաշած «Նոր Թուրքիայի» պլանը, որում նա պետք է օժտված լինի նախագահական լայն լիազորություններով, առանց հակակշիռների ու վերահսկման մարմինների (Էրդողանը ենթադրաբար նպատակադրվել էր վերընտրվել նաև 2019թ. և իր համար բաղձալի 2023-ը (Թուրքիայի Հանրապետության 100-ամյակ) դիմավորել երկրի նախագահի կարգավիճակով): Ակնառու էր, որ ԱԶԿ շարունակական հաջողություններից (ԱԶԿ-ն հաղթել է նաև 2004թ., 2009թ. և 2014թ. ՏԻՄ ընտրություններում) արբած Էրդողանն սկսել էր կտրվել իրականությունից, իրեն սկսել էր պահել սուլթանի նման, և հետագայում իրավիճակն էլ ավելի էր վատթարանալու, ուստի այս ընտրությունները նրան կանգնեցնելու, թերևս, վերջին հնարավորությունն էին:

ԱԶԿ-ին չի օգնել անգամ TRT-ի կողմից եթերային ժամեր տրամադրելու հարցում հավասարություն չպահպանելը: TRT-ն 45 ժամ է տրամադրել Էրդողանին, 54.5 ժամ` ԱԶԿ-ին, 14 ժամ` ԺՀԿ-ին, 7.5 ժամ` ԱՇԿ-ին, իսկ ահա ԺԴԿ-ն ստացել է ընդամենը 3 ժամ: Ստացվում է, որ Էրդողանին ու ԱԶԿ-ին հատկացվել է 100, իսկ ընդդիմությանը՝ 25 հեռուստաժամ7: Ուշագրավ է, որ Էրդողանն ընտրությունների արդյունքների մասին միայն գրավոր հայտարարություն տարածեց և գրեթե 4 օր լռություն պահպանեց՝ չունենալով հանրային ելույթ8:

ԺՀԿ – Պետք է փաստել, որ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորած (2010թ. մայիս) ԺՀԿ-ն ընտրություններում ավելի լավ արդյունքներ է գրանցում` Դենիզ Բայքալի գլխավորած ԺՀԿ-ի համեմատ։ Բայքալի ԺՀԿ-ն 2002թ. ընտրությունների ժամանակ հավաքել է քվեների 19.8%-ը, իսկ 2007թ.՝ 20.8%-ը, մինչդեռ Քըլըչդարօղլուի ԺՀԿ-ն 2011թ. հավաքել է 25.9%-ը, իսկ այժմ` դրանից մոտ 1% պակաս: Հունիսի 7-ի ընտրությունները Քըլըչդարօղլուի գլխավորած ԺՀԿ-ի համար 2-րդն էին, և փաստացիորեն 2 դեպքում էլ ԺՀԿ-ն հավաքում է քվեների մոտ 25%-ը9: Եվ այնուամենայնիվ, ԺՀԿ-ին չի հաջողվել պատգամավոր ունենալ 38 նահանգում (Թուրքիայի բոլոր նահանգների գրեթե կեսում): ԺՀԿ-ն պարտվել է նաև Քըլըչդարօղլուի և Բայքալի հայրենի Թունջելի ու Անթալիա նահանգներում (առաջին դեպքում հաղթել է ԺԴԿ-ն, երկրորդ դեպքում՝ ԱԶԿ-ն): Այս ամենը վկայում է, որ ԺՀԿ-ն դեռ մեծ անելիքներ ունի տվյալ ուղղությամբ10:

ԱՇԿ – Ինչպես արդեն նշվեց, ԱՇԿ-ն հաջողություններ է գրանցել խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: ԱՇԿ-ին հաջողվել է մանդատներ ստանալ 15 նոր նահանգում` 2011թ. համեմատ, սակայն դրա հետ մեկտեղ չի կարողացել մանդատ ստանալ 34 նահանգում: Ուշագրավ է, որ ԱՇԿ-ն Ստամբուլից, Անկարայից ու Իզմիրից բացի, մնացյալ նահանգներում չի կարողացել ստանալ 3 մանդատից ավելի: Եվ այնուամենայնիվ, եթե ԱՇԿ-ն այս անգամ չհասներ նման հաջողության և պահպաներ իր նախկին արդյունքը, ապա ԱԶԿ-ն կունենար ավելի քան 276 մանդատ: Թեև ազգայնականները հաղթել են ընդամենը 1 նահանգում, սակայն դա նրանց չի խանգարել բազմաթիվ մանդատներ ստանալ մյուս նահանգներում, ինչը հիմնականում եղել է «ԱԶԿ-ի հաշվին»: ԱՇԿ-ն դեմ է արտահայտվում կառավարման նախագահական համակարգին անցում կատարելուն, որով և ստացել է հավելյալ քվեներ: Ազգայնականների այս հաջողությունը մասամբ հնարավոր դարձավ նաև նրա շնորհիվ, որ ԱՇԿ-ն այս անգամ չէր հայտնվել Էրդողանի թիրախում այնպես, ինչպես 2011թ. ընտրությունների ժամանակ էր: Այն ժամանակ Էրդողանն ամեն գնով փորձեց հասնել նրան, որ ԱՇԿ-ն չկարողանա հաղթահարել ընտրաշեմը, ինչը կավելացներ ԱԶԿ մանդատների թիվը: Դրա համար գործի դրվեցին գաղտնալսումներն ու ԱՇԿ-ականների մասնակցությամբ սեռական ակտերի տեսանյութերը, որոնք հանգեցրին մի շարք ԱՇԿ-ականների հրաժարականներին: Եվ այնուամենայնիվ, 2011թ. ԱՇԿ-ն հաղթահարեց ընտրաշեմը և 2015թ., երբ չկար նման ճնշում, զարգացրեց իր այդ հաջողությունը: Ազգայնականների հաղթանակին կարող է նպաստած լինել նաև այն, որ նրանք դժգոհ են մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի իշխանությունների՝ դրա միջազգային ճանաչմանը հակազդել չկարողանալուց և ընդհանուր առմամբ ձախողվելուց:

ԺԴԿ – Անդրադառնալով ԺԴԿ հաջողությանը` հարկ է նշել, որ դա հնարավոր դարձավ կուսակցության ներկայացուցիչների կազմակերպվածության, ընտրած մարտավարության շնորհիվ: Սկզբից ևեթ հայտարարվել էր, որ ԺԴԿ-ն չպետք է սահմանափակվի Թուրքիայի միայն հարավարևելյան նահանգներում գործունեություն ծավալելով, և ընտրությունների արդյունքները վկայեցին, որ ԺԴԿ-ին հաջողվել է դա, և այն (մասնակի) վերածվել է ողջ Թուրքիայի մասշտաբով կուսակցության (թեև ԺԴԿ-ն մանդատներ ստացել է 27 նահանգում): Արտերկրում անցկացված քվեարկության արդյունքներով` ԺԴԿ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով միայն ԱԶԿ-ին:

Առանձնակի ուշադրության է արժանի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին ԺԴԿ ղեկավարության որոշումը: Թեև դա որոշակի առումով ռիսկային որոշում էր, այնուամենայնիվ, ԺԴԿ-ն դրա շնորհիվ հնարավորություն էր ստանում հաջողության դեպքում ավելի շատ ներկայացված լինել երկրի խորհրդարանում, քան անկախ թեկնածուներով հանդես գալու դեպքում: 14 նահանգներում, ուր հաղթել է ԺԴԿ-ն, 58 մանդատից 49-ը բաժին է ընկել հենց նրան, իսկ մնացած 9-ը` ԱԶԿ-ին: Հարկ է նշել, որ քրդերը խիստ դժգոհ են մնացել 2014թ. Քոբանիի պաշտպանության ժամանակ Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումից, «Քրդական հարցի» կարգավորման գործընթացում Թուրքիայի կառավարության գործուն քայլերի բացակայությունից, խնդրահարույց մի շարք օրենքներ («ներքին անվտանգության» օրենք) ընդունելուց: Բացի այդ, քրդերի դժգոհության տեղիք տալիս է այն, որ Էրդողանը Ստամբուլի համար առաջ է քաշում (նաև ցուցադրական) մեգանախագծեր, որոնց վրա ծախսվում և ծախսվելու են միլիարդավոր դոլարներ, սակայն քրդաբնակ նահանգներում չեն կատարվում լուրջ ներդրումներ գործազրկությունը նվազեցնելու, բնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար:

Այս անգամ ԺԴԿ-ն ստացել է մոտ կես միլիոն քվե ավելի` նախորդ ընտրություններում ԱՇԿ ստացած քվեների համեմատ: Այս ընտրություններում ԺԴԿ-ին հաջողվել է խորհրդարանում ստանալ ԱՇԿ-ի չափ 80 մանդատ, թեև ստացել է մոտ 1.5 միլիոն քվե պակաս: Ուշագրավ է, որ ԺԴԿ-ն հաղթել է Թուրքիայի արևելյան սահմանի երկայնքով գտնվող բոլոր նահանգներում, ինչպես նաև թուրք-իրաքյան և թուրք-սիրիական սահմանին գտնվող նահանգներում: Խորհրդարանում նման մեծ ցուցանիշով (80 պատգամավորից 31-ը կանայք են) ԺԴԿ-ի հայտնվելը զգալիորեն կփոխի Թուրքիայի խորհրդարանի բովանդակությունը, իր ազդեցությունը կունենա «Քրդական հարցի» և ընդհանրապես Թուրքիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների խնդիրների կարգավորման վրա: ԺԴԿ-ն, որը հաղթել է Հայաստանին սահմանակից Թուրքիայի 3 նահանգներում (Արդահան, Կարս, Իգդիր), խորհրդարանում կարող է բարձրացնել նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման, հնարավոր է` նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Այսպիսով, չնայած ԱԶԿ-ն 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, այն առաջին անգամ ստացավ 276-ից պակաս մանդատ և ի վիճակի չէ ձևավորել միակուսակցական կառավարություն: Թուրքիայում նոր կառավարությունը պետք է ձևավորվի 45 օրվա ընթացքում, հակառակ դեպքում երկրին սպասվում են նոր ընտրություններ: Թեև խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը սկզբնական շրջանում հայտարարել են, որ չեն ցանկանում կոալիցիա ձևավորել ԱԶԿ-ի կամ միմյանց հետ, այնուամենայնիվ, նրանք ընդունում են, որ գործը չպետք է հասցնել խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը, ինչը, նրանց խոսքերով` կլիներ նաև անհարգալից վերաբերմունք ընտրողի հանդեպ: Ըստ ամենայնի՝ խորհրդարան անցած քաղաքական ուժերին կհաջողվի ձևավորել կոալիցիա և խուսափել նոր ընտրությունների անցկացումից: Դրանով կարելի է Թուրքիայում ավարտված համարել մոտ մեկուկես տարի տևած ընտրամարաթոնը, որի շրջանակներում անցկացվեցին ՏԻՄ (2014թ. մարտ), նախագահական (2014թ. օգոստոս) ու խորհրդարանական ընտրությունները: Ուշագրավ է, որ հաջորդ անգամ այդ 3 ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարում՝ 2019թ., ինչը Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ է (թեև բացառված չէ, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվեն ավելի շուտ):

Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա ստիպված է առայժմ բավարարվել այն լիազորություններով, որոնցով երկրի նախագահին օժտել է սահմանադրությունը: Իսկ դրանք ավելի քիչ են՝ վարչապետի լիազորությունների համեմատ: Էրդողանի համար դժվար է լինելու նման կարգավիճակին համակերպվելը: Դա է վկայում նաև այն, որ ընթացիկ տարվա հունվարին Էրդողանը գումարեց և նախագահեց կառավարության նիստում: Թուրքական մամուլի համաձայն` Դավութօղլուն ինքն է ցանկացել գլխավորել այդ նիստը, սակայն ի վերջո ստիպված է եղել զիջել` հայտարարելով, որ սահմանադրությունը երկրի նախագահին անհրաժեշտության դեպքում տալիս է նման հնարավորություն: Նախկինում Թուրքիայի նախագահները հազվադեպ են օգտվել այդ իրավունքից: Էրդողանից առաջ վերջին անգամ սահմանադրական այդ իրավունքից 2000թ. օգտվել էր Թուրքիայի 9-րդ (1993-2000թթ.) նախագահ Սուլեյման Դեմիրելը, որը ցանկացել էր հրաժեշտ տալ նախարարներին:

1 2015 genel seçim sonuçları, Anadolu Ajansı.

2 New York Times: Bilin bakalım hangi liderin Beyaz Saray’ın 30 katı büyüklüğünde 1.150 odalı sarayı var?, Zaman, 05.06.2015.

3 Խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանը հայտարարեց, որ «Չանքայա» նախագահական նստավայրը լքելու «պատճառը խավարասերներն» էին, որոնցով լեցուն է եղել նրա սանհանգույցը: Bakın AK Saray’ı neden yaptırmış!, Sözcü Gazetesi, 06.06.2015.

4 Խորհրդարան անցած բոլոր 4 ուժերի ծրագրերում առաջնահերթ են եղել հետևյալ 5 խնդիրները. կառավարման նախագահական համակարգ, «Քրդական հարց», տնտեսություն, կրթություն և առողջապահություն:

5 Erdoğan’ın ‘seçim’ karnesi: Gittiği 37 ilin 15’inde…, Taraf, 11.06.2015.

6 AKP’de seçim gecesi balkon kavgası, Zaman, 11.06.2015.

7 TRT’nin ‘seçim propagandası’: Erdoğan’la AKP’ye 100, muhalefete 25 saat!, T24, 06.06.2015.

8 Cumhurbaşkanı Erdoğan, 3 gün 22 saat sonra konuştu: Partilere çağrı yaptı, Radikal, 11.06.2015.

9 CHP birinci olduğu il sayısını 10’a çıkardı…Kılıçdaroğlu Baykal ve İnönü’yü geçti.., Taraf, 08.06.2015.

10CHP 38 ilde ‘0’ çekti, Türkiye‎, 08.06.2015.

Աղբյուր՝ Նորավանք ՔԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ