PKK-ի գործողությունների ու կազմակերպված քաղաքական ուժի համադրումը կարող է լրջագույն խնդիր դառնալ Անկարայի համար. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Երկու տարի առաջ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Թուրքիայի կառավարությունը

հրադադարի մասին համաձայնագիր էին ստորագրել, սակայն 2015 թ. հուլիսին, երբ թուրքական օդուժը սկսեց հարվածներ հասցնել Քրդական աշխատավորական կուսակցության` PKK-ի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին` գործողություններն անվանելով «ահաբեկչության դեմ միաժամանակյա պատերազմ», թուրք-քրդական բախումները վերսկսվեցին:

Այսպիսով խախտվեց քրդերի և Թուրքիայի միջև զինադադարը, որը տևեց երկու տարի, և որի նպատակն էր վերջ դնել երեք տասնամյակ տևող հակամարտությանը: Սեպտեմբերի 6-ին Հաքքարիում 16 թուրք զինծառայող սպանվեց, սեպտեմբերի 7-ին Իգդիրում PKK-ն իրականացրեց հուժկու պայթյուն, որի հետևանքով զոհվեց 14 թուրք ոստիկան, ևս 2-ը վիրավորվեցին: Իգդիրում պայթյունից հետո Դավութօղլուն խոստացավ մաքրել «լեռները ահաբեկիչներից»:

Երկրում ստեղծված իրադրության շուրջ հայտարարությամբ է հանդես եկել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` կոչ անելով Թուրքիայի հարավարևելյան շրջանների ժողովրդին դուրս գալ PKK-ի դեմ: Սրանից հետո Թուրքիայում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր, թուրքական մամուլի բնորոշմամբ, «PKK-ի ահաբեկչական արշավի դեմ»: Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց:

Բողոքի երթերի ժամանակ քրդական կուսակցությանը պատկանող կենտրոնական գրասենյակները, շենքերը, քուրդ գործարարներին պատկանող խանութները դարձան թուրք ամբոխի թիրախ: Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Անկարայի և Կենտրոնական Անատոլիայի գրասենյակները ենթարկվեցին թուրք ազգայնականների հարձակման: Նմանատիպ հարձակումների են ենթարկվել նաև կուսակցության այլ գրասենյակներ: Ըստ տարածված լուրերի` սեպտեմբերի 7-8-ի ընթացքում Թուրքիայի տարբեր քաղաքներում հարձակումներ տեղի ունեցան HDP-ին պատկանող 128 շենքերի վրա:

Սեպտեմբերի 8-ի անկարգությունների ընթացքում հարձակման թիրախ դարձան նաև թուրքական «Հուրիյեթ» և «Դեյլի Սաբահ» թերթերի խմբագրությունները: «Հուրիյեթի» խմբագրության վրա հարձակման պատճառն այն էր, որ թերթը հրապարակել է նախագահ Էրդողանի հակասական հայտարարությունները թուրք զինծառայողների մահվան և ընտրությունների մասին, ինչի կապակցությամբ Էրդողանը պնդում էր, թե իր հայտարարությունը համատեքստից դուրս է ներկայացվել ու աղավաղվել:

HDP-ի համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը սեպտեմբերի 8-ին հրավիրեց մամուլի ասուլիս և նախազգուշացրեց, որ վերջին բռնությունները «վտանգավոր քայլ են քաղաքացիական պատերազմի սկսման ուղղությամբ»:

Թուրքիայում քրդերի և թուրքերի միջև պայքարի աշխարհագրությունն օր- օրի ընդլայնվում է, և քաղաքացիական պատերազմի նախադրյալներն արդեն իսկ ակնառու են: Այս զարգացումները շատ վտանգավոր միտում ունեն մեզ` հայերիս համար, քանի որ եղան նաև դեպքեր, երբ քրդերի վրա հարձակումների ժամանակ ամբոխը նրանց անվանեց «հայ»` թիրախ դարձնելով նաև հայությանը:

Այսպես թե այնպես վելուծաբաններն այս ամենը պայմանավորում են նաև նոյեմբերին Թուրքիայում տեղի ունենալիք արտահերթ ընտրություններով: Հունիսին կայացած ընտրությունների ժամանակ որևէ կուսակցություն չէր ստացել ձայների մեծամասնություն, և կոալիցիա ձևավորելու հարցը մնացել էր առկախ: Հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Թուրքիայում, ինչ գործընթացներ են զարգանում, ուր կարող են հասցնել դրանք և այլ հարցերի պատասխաններ ստանալու համար «Անկախը» զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

– Պարո՛ն Պետրոսյան, ներկայացրեք Ձեր դիտարկումները այսօր Թուրքիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

– Թուրքիայում ստեղծված մերօրյա իրավիճակն ինքնին նոր ու աննախադեպ չէ: 80-ական կամ 90-ականներին թուրքական ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները շատ ավելի արյունալի և մասշտաբային էին, նաև ավելի խոշոր ծավալներով էին ընդգրկում քաղաքացիական անձանց: Այս դեպքում իրավիճակին յուրահատկություն է հաղորդում այն, որ կողմերի միջև բախումները սկսվեցին 2 տարվա դադարից հետո և թուրքական իշխանությունների «Քրդական նախաձեռնության» ընթացքում: Իրավիճակը կարևորվում է նաև տարածաշրջանային գործընթացներով, նաև նրանով, որ Թուրքիան սեփական տարածքից դուրս ևս թիրախում է պահում քրդերին` փորձելով ամեն կերպ խանգարել երկրի սահմանների մոտ քրդական ինքնավարությունների կամ պետականության ստեղծմանը: Այսպիսով, մեր օրերում քրդական հարցն առավել սուր է դրված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատում:

– Ով ինչ է շահում նման իրավիճակում և ով ինչ կորցնում:

– Որոշակի պասիվությունից և երկամյա զինադադարից հետո «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) կրկին թատերաբեմ է վերադառնում` ցույց տալով, որ շարունակում է ակտիվ դերակատար մնալ և պահպանում է «թուրքական պետությունից քրդերի պաշտպանի» կարգավիճակը: Թուրքիայում ստեղծված իրավիճակից կարող են օգտվել նաև նախագահ Էրդողանը և դե ֆակտո նրա կողմից ղեկավարվող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, քանի որ առկա պայմանները կարող են հող նախապատրաստել քրդական քաղաքական ուժերը, տվյալ դեպքում` «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը շարքից հանելու համար: Թուրքական պետությունը քրդական կուսակցություններն արգելելու զգալի փորձ ունի: Մյուս կողմից` առկա իրավիճակում Էրդողանը կարող է ավելի շատ հույս դնել ազգայնական կողմնորոշում ունեցող ընտրողների ձայների վրա, թեև ավանդաբար Էրդողանին ձայն տվող քուրդ ընտրողների կորուստ ևս կլինի: Ամեն դեպքում Էրդողանը, վերջին տարիներին քրդական հարցում վարելով փափուկ քաղաքականություն, կրկին վերադառնում է ուժային միջոցների: Իսկ Էրդողանի փափուկ քաղաքականության հետևանք է նաև այն, որ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը ոչ միայն անցավ Թուրքիայի Ազգային մեծ ժողով, այլ դարձավ գլխավոր պատճառը, որպեսզի թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ն մեծամասնություն չկազմի և միակուսակցական կառավարություն չձևավորի:

– Թուրքիայում ծավալվող իրադարձությունները դիտարկենք մեզ` հայերիս վրա հնարավոր անդրադարձի տեսանկյունից. այդ ամենը հայերիս վրա ինչպե՞ս կանդրադառնա:

– Թուրքիայում ներկայիս գործընթացները ոչ միայն մեծագույն հետաքրքրություն և կարևորություն են ներկայացնում մեզ համար, այլև ուղղակի ու անուղղակի առնչվում են մեզ և մեր շահերին: Առաջ է գալիս նաև պատմական ենթատեքստ: Մասնավորապես, պահանջատիրության տեսանկյունից պետք է հասկանանք, որ բախման երկու բևեռներում պահանջատիրության երկու հասցեատերերն են` թուրքերն ու քրդերը, իսկ զարգացումներն էլ մեր պատմական հայրենիքի տարածքում են` իրենց բոլոր հետևանքներով հանդերձ:

– Թեև Թուրքիայում ներքին խմորումները դեռ շարունակվում են, փորձենք հասկանալ` ինչ հնարավոր զարգացումներ կարելի է սպասել:

– Կարծում եմ` պետք է սպասել նոյեմբերին կայանալիք ընտրություններին, որից հետո արդեն որոշակի պատկերացում կազմելը հնարավոր կլինի: Նախկին դեպքերը հնարավորություն են տալիս կանխատեսելու, որ ընտրություններին ընդառաջ` թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումները կնվազեն: Ընտրությունների ընթացքն ու արդյունքները կարող են առանցքային դեր ունենալ: Էրդողանի խնդիրն է լինելու փակել քրդական քաղաքական ուժի մուտքը խորհրդարան, և դա կարող է հանգեցնել պայթյունավտանգ իրավիճակի, քանի որ ԺԴԿ-ն ցույց է տվել` կարողանում է միավորել քրդերին և քաղաքական ինքնագիտակցության տեսանկյունից առաջքայլ է ապահովել: Իսկ PKK-ի գործողությունների հետ արդեն կազմակերպված քաղաքական ուժի համադրումը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Անկարայի համար: Այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է:

Աղբյուր՝ Անկախ

allTurkey.am

Մեկնաբանություններ