Թուրքիայում գործող հայկական, հունական և հրեական տպագիր ու առցանց լրատվամիջոցները. Գևորգ Պետրոսյան

հայկական թերթեր

Գևորգ Պետրոսյանթուրքագետ

Թուրքիայում տասնամյակներ շարունակ տպագրվում են հայկական, հունական և հրեական պարբերականներ, որոնք այժմ ծանր ժամանակաշրջան են ապրում, քանի որ խնդիրներ կան ինչպես ֆինանսավորման, այնպես էլ համացանցի առկայության պայմաններում տպագիր տարբերակների վաճառքի զգալի նվազման հետ: Եվս մեկ խնդիր է նաև հայ, հույն և հրեա համայնքների թվի նվազումը, ինչպես նաև մայրենի լեզվով կարդացողների թվի անկումը: Համաշխարհային մեդիա փոխակերպումներն անդրադառնում են նաև Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների լրատվամիջոցների վրա, որոնք ևս սկսել են կամ նախապատվությունը տալ համացանցին, կամ էլ ավելի ակտիվ ներկայանալ այդ տիրույթում:

 

Հայկական և հայերեն լրատվամիջոցներ

Տարիների ընթացքում նվազել է ոչ միայն ազգային փոքրամասնությունների պարբերականների տպագրության ծավալները, այլև հենց պարբերականների թիվը: Համեմատության համար` 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում (Կ. Պոլսից դուրս ևս) տպագրվում էր մեկ և կես տասնյակից ավելի հայկական պարբերական, մինչդեռ այսօր Թուրքիայում տպագրվում է միայն երկու հայերեն օրաթերթ [1]:

Թուրքիայում այժմ լույս են տեսնում հայկական «Ժամանակ» և «Նոր Մարմարա» օրաթերթերը (երկուսն էլ` արևմտահայերեն), «Ակօս» շաբաթաթերթը (արևմտահայերեն և թուրքերեն), «Փարոս», «Լույս», «Շողակաթ», «Լրաբեր» և այլ ամսագրեր:

Թուրքիայում գործարկված են հայկական տպագիր թերթերի, ամսագրերի լրատվակայքերը:  Իր ակտիվությամբ առանձնանում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի պաշտոնական կայքը, որը գործում է որպես տեղեկություններոով հարուստ և օպերատիվ լրատվակայք: Վերջին շրջանում վերագործարկված կայքով է ներկայանում նաև «Ժամանակ» օրաթերթը:

Բացի հայկական լրատվամիջոցներից, Թուրքիայում հայերեն (արևելահայերեն) տարբերակ ունի պետական TRT հեռուստառադիոընկերության TRT World նախագիծը, որը մի քանի տասնյակ լեզվով լրատվություն է մատուցում հիմնականում Թուրքիայի վերաբերյալ: TRT World-ի հայերեն լրատվակայքը[1] գերազանցապես ներկայացնում է թուրքերեն տարբերակի` հայերեն (արևելահայերեն) թարգմանված բովանդակությունը, սակայն առանձնանում է ոչ մեծ ակտիվությամբ: Կայքի արևելահայերեն բովանդակության մեջ շատ են ինչպես քերականական, այնպես էլ կետադրական ու շարահյուսական սխալները, լեզվամտածողության տեսանկյունից էլ ակհայտ տարբերություններ են առկա:

 

«Ակօս». շաբաթաթերթն ու լրատվակայքը

«Ակօս» (թուրք.` Agos) շաբաթաթերթի հրատարակումը սկսվել է 1996 թվականի ապրիլից: Պարբերականի հիմնադիրներն են Հրանտ Դինքը, Լուիզ Բաքարը, Հարություն Շեշեթյանը, Աննա Թուրայը: Պատկանում է «Ակօս հրատարակություն» ընկերությանը, որը ղեկավարում է Ռահիլ Դինքը: Շաբաթաթերթը 24 էջից է բաղկացած, լույս է տեսնում շաբաթը մեկ անգամ: «Ակօսի» տպագիր օրինակի 20 էջը թուրքերեն է, իսկ 4 էջը` արևմտահայերեն:

«Ակօսի» գլխավոր խմբագիրը մինչ 2007 թվականը եղել է Հրանտ Դինքը: Դինքի սպանությունից հետո 2007-2010 թվականներին հայկական պարբերականի գլխավոր խմբագիրն է եղել Էթիեն Մահչուփյանը[2], 2010- 2015 թվականներին՝ Ռոբեր Քոփթաշը, իսկ 2015-ի հունվարից մինչ օրս «Ակօսի» խմբագրապետն է Էդվարդ Տանձիկյանը[3], հայերեն բաժնի խմբագիրն է Բագրատ Էստուկյանը: Պարբերականի խմբագրությունը Ստամբուլում է: «Ակօսի» տպաքանակը կազմում է շաբաթական 4000-5000 օրինակ[4]:

«Ակօսն» իր ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն հայ համայնքի խնդիրները, այլ նաև անդրադառնում է Թուրքիայի ներքին և արտաքին խնդիրներին, թեմաների լայն շրջանակների` քաղաքականություն, հասարակություն, մշակույթ,  փոքրամասնությունների խնդիրներ, մարդու իրավունքներ և այլն:

«Ակօսի» առցանց տարբերակը (http://agos.com.tr) բավական ակտիվ է[5]: Այստեղ տեղ են գտնում ինչպես սեփական նորությունները, հոդվածները, ֆոտոռեպորտաժները, այնպես էլ տպագիր տարբերակում տեղ գտած նյութերը: Սկզբնական շրջանում «Ակօսի» լրատվակայքի ամբողջ բովանդակությունը հասանելի էր վճարովի բաժանորդներին, սակայն վերջին մի քանի տարիներին լրատվակայքի նյութերը բաց են ընթերցողների համար: Ի տարբերություն «Ակօսի» տպագիր տարբերակի, կայքը, թուրքերենից և հայերենից բացի, մատուցում է նաև անգլերեն տեղեկատվություն, սակայն հիմնական բաժինը, այնուամենայնիվ, թուրքերենն է: «Ակօսի» կայքը հաճախ է ենթարկվում թուրքական հաքերային հարձակումների[6], թիրախավորվում է ազգայնամոլական շրջանակների կողմից: «Ակօսի» հոդվածագիրների թվում են հայտնի թուրք պատմաբան Բասքըն Օրանը, Վահագն Քեշիշյանը, Բագրատ Էստուկյանը, Էդվարդ Տանձիկյանը, Պերճուհի Բերբերյանն ու այլոք[7]:

 

«Մարմարա»/«Նոր Մարմարա». օրաթերթն ու առցանց պարբերականը

Թուրքիայում լույս տեսնող հայկական հին և հեղինակավոր պարբերականներից է «Մարմարան» (թուրք.՝ Marmara), որը 1967 թվականին վերանվանվել է «Նոր Մարմարա» (թուրք.՝ Nor Marmara) [2, էջ 82]: Թերթը հիմնել է լրագրող Սուրեն Շամլյանը: Առաջին համարը հրատարակվել է 1940 թվականի օգոստոսի 31-ին։ Լույս է տեսնում շաբաթվա վեց օրերին (բացի կիրակի օրվանից): Թերթի գլխավոր խմբագիրն է Ռոբեր Հադդեջյանը (Թուրքիայում հայտնի է Ռոբեր Հադդելեր անունով)[8], ով այս պաշտոնը զբաղեցնում է 1967 թվականից։ Թերթի խմբագրությունը Ստամբուլում է: «Նոր Մարմարան» լույս է տեսնում արևմտահայերենով, սակայն ուրբաթ օրերի համարում լինում են նաև թուրքերեն հոդվածներ: Տպաքանակը 1000-1500 օրինակ է, բաղկացած է 4 էջից:

Ունի իր առցանց տարբերակը[9] (http://www.normarmara.com), որը, սակայն, ակտիվությամբ աչքի չի ընկնում: Առցանց տարբերակը միայն արևմտահայերենով է: Այստեղ տեղ են գտնում տպագիր տարբերակի նյութերը:

 

«Ժամանակ» օրաթերթն ու լրատվակայքը

«Ժամանակ» օրաթերթը Թուրքիայում լույս տեսնող հայկական պարբերականներից ամենահինն է: Այն նաև առանց ընդհատումների լույս տեսնող Թուրքիայի ամենահին թերթն է[10]:

Թերթը լույս է տեսնում միայն հայերենով (արևմտահայերեն), բաղկացած է 4 էջից: «Ժամանակը» հիմնադրել են Միսակ և Սարգիս Քոչունյան եղբայրները 1908 թվականին: Հիմնադրման օրվանից հայկական թերթի գլխավոր խմբագիրներն են եղել Քոչունյան ընտանիքի ներկայացուցիչները: Այժմ գլխավոր խմբագիրն է Արա Քոչունյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 1992 թվականից: 1920-30-ական թվականներին թերթը ժամանակավորապես կրել է «Ժողովրդի ձայն-Ժամանակ» («Ժողովրդի ձայն» թերթի հետ միաժամանակ տպագրվելու համար), ապա նաև «Ժամանակ Թուրքիա» [3, էջ 82]: Խմբագրությունը Ստամբուլում է: Տպաքանակը 1500-2000 օրինակ է[11]: Ցավոք, «Ժամանակի», ինչպես և Թուրքիայում լույս տեսնող մյուս հայկական պարբերականների տպագիր տարբերակների քանակը տարեցտարի նվազում է, ինչը պայմանավորված է հայերեն ընթերցողների քանակի անկումով և համացանցի առկայությամբ:

«Ժամանակն» իր ուշադրություն կենտրոնում է պահում Թուրքիայի հայ համայնքի և ընդհանրապես հայության խնդիրները, առօրյան, անդրադառնում է նաև այլ թեմաների, այդ թվում` քաղաքական, հասարակական: Պատմության ընթացքում «Ժամանակում» են տպագրվել հայտնի հայ մտավորականներ, ինչպես, օրինակ, Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրաբը, Վահան Թեքեյանը, Ռուբեն Սևակը, Զապել Եսայանը, Հովհաննես Թումանյանը, Երվանդ Օտյանը և այլոք:

«Ժամանակը» համացանցում որոշակի պասիվությունից հետո 2015 թվականի առաջին կեսին վերագործարկեց իր կայքը` (http://www.jamanak.com/), որը ստեղծվել է «Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ[12]:  «Ժամանակի» կայքի բովանդակությունը հասանելի է միայն արևմտահայերենով: Կայքում տեղ են գտնում Թուրքիայի հայերի կյանքին, Հայաստանին և համայն հայությանը վերաբերող նորություններ, վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ, խմբագրականներ և այլն:

Կայքում տեղ է գտել նաև 2006 թվականից 2009 թվականի թերթի համարների արխիվը[13]:

 

Թուրքիայում լույս տեսնող հայկական հանդեսները

Թուրքիայում լույս են տեսնում նաև մի շարք հայկական ամսագրեր, որոնք պատկանում են կամ Պոլսո հայոց պատրիարքարանին, կամ էլ մասնավոր են: Թուրքիայի հայ համայնքի` ներկայում հրատարակվող ամսագրերը հիմնադրվել են ոչ վաղ անցյալում և մասնավոր են:

«Փարոս» (թուրք.` Paros) ամսաթերթը լույս է տեսնում 2011 թվականից Ստամբուլում: Ամսագիրը ներկայանում է միայն թուրքերենով: Անդրադառնում է հիմնականում հասարակական կյանքին, քաղաքական թեմաներ չի արծարծում: Ունի իր կայքը[14], որը նույնպես միայն թուրքերենով է:

«Լույս» (թուրք` Luys) ամսագիրը լույս է տեսնում 2013 թվականից: Հրատարակվում է Ստամբուլում: Թուրքերեն է: Անդրադառնում է հասարակական կյանքին, մշակույթին, քաղաքական ուղղվածություն չունի: Համացանցում գործարկված է «Լույսի» պաշտոնական կայքը, որը միայն թուրքերեն է[15]:

Պոլսո հայոց պատրիարքարանը լույս է ընծայում «Շողակաթ» ամսագիրը, որտեղ անդրադարձ կա հոգևոր կյանքի, պատմական, մշակութային թեմաներին[16]: Բացի այդ, Պատրիարքարանը հրատարակում է իր պաշտոնական հանդեսը` «Լրաբերը»:

Սեփական հանդեսն (ամսագիր) ունի նաև Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամը[17], հանդեսը տարբեր ձևաչափերով լույս է տեսնում 20-րդ դարի սկզբից[18]:

Մանուկների համար լույս է տեսնում «Ժպիտ» հանդեսը[19]:

 

Հունական և հրեական պարբերականները

Թուրքիայում լույս են տեսնում նաև հունական և հրեական համայնքի տպագիր պարբերականներ, որոնք նույնպես լուրջ խնդիրներ ունեն` կապված ֆինանսական վիճակի, համայնքի անդամների թվի նվազման և համացանցի առկայության հետ[20]: Հրեաները, սակայն, ստեղծված պայմաններում քայլեր են կատարում ակտիվացնել համայնքային թերթի առցանց տարբերակը:

Հույների «Ապոևմատինի» (թուրքերեն` Apoyevmatini, հունարենից թարգմանած` «Ցերեկ») պարբերականը տպագրվում է Ստամբուլում, հունարենով, Թուրքիայի հույն համայնքի կողմից տպագրվող միակ թերթն է (վերջին շրջանում` շաբաթաթերթի կարգավիճակով է տպագրվում): Թերթը հիմնադրվել է 1925 թվականին: Թերթում հիմնականում տեղ են գտնում Թուրքիայի հունական համայնքին վերաբերող թեմաներ: 60-ականներին թերթի տպաքանակը կազմել է 35 000 օրինակ, սակայն 21-րդ դարում հույների թվի զգալի նվազման ու նորագույն տեխնոլոգիաների մուտքով թերթի տպաքանակը կազմում է ընդամենը 500-600 օրինակ: Ներկայում թերթում, որը շաբաթը մեկ անգամ է լույս տեսնում, ընդամենը երկու մարդ է աշխատում, այն էլ` տնային պայմաններում[21]: Ֆինանսական ծանր վիճակում հայտնված հունական պարբերականը չունի սեփական կայքը:

Հրեական համայնքի «Շալոմ» (թուրք.` Şalom) թերթը հիմնադրվել է 1947 թվականին: Երկար տարիներ լատինատառ եբրայերենով է հրատարակվել, այժմ ունի նաև թուրքերենով էջ: «Շալոմը» ներկայում տպագրվում է շաբաթական մեկ անգամ: Թերթը ներկայանում է որպես քաղաքական և մշակութային պարբերական:

«Շալոմն» ունի ակտիվ գործող կայք[22], որը ներկայանում է գերազանցապես թուրքերենով: Տպագիր տարբերակի սպառման նվազման հետ մեկտեղ թերթում ավելի մեծ ուշադրություն են հատկացնում առցանց տարբերակին:

Այսպիսով, պետք է ասել, որ ազգային փոքրամասնությունների շարունակաբար նվազող թվի հետևանքով տուժում են նաև տասնամյակներ շարունակ տպագրվող համայնքային թերթերը, որոնց տպաքանակը շարունակաբար նվազելու միտում է ցուցաբերում: Թերթերի մի մասը, ճիշտ կողմոնորոշվելով արդի պայմաններում, նախապատվությունը տալիս է համացանցում աշխատանքին: Առկա բարդ ֆինանսական պայմաններում, հիմնականում թերթերի աշխատակիցների ջանասիրության շնորհիվ, համայնքների համար մեծ կարևորություն ունեցող լրատվամիջոցները շարունակում են աշխատանքը:

Բացի վերոնշյալը, ևս մեկ բացասական միտում է առանձնանում. ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցները սկսել են ավելի շատ նախապատվություն տալ թուրքերենին, ինչը նույնպես մայրենի լեզվի և ինքնության պահպանման տեսանկյունից խնդիր է ստեղծում համայնքների համար:

 

Համառոտագիր

(հայերեն)

Տասնամյակներ շարունակ Թուրքիայում ծանր պայմաններում գործող ազգային փոքրամասնությունների՝ հայերի, հույների և հրեաների պարբերական մամուլը բարդ ժամանակահատված է ապրում: Ֆինանսավորման, ինչպես և ընթերցողների պակասը ստիպում է թերթերին կրճատել տպաքանակն ու ավելի մեծ ուշադրություն հատկացնել համացանցում աշխատանքին: Հայկական թերթերից Թուրքիայում այժմ գործում են «Ակօսը», «Նոր Մարմարան» ու «Ժամանակը», որոնք ներկայացված են համացանցում սեփական կայքերով: Թուրքիայի հույն համայնքը տպագրում է «Ապոևմատինի» թերթը, իսկ հրեաները՝ «Շալոմ» թերթը: Թեև տպագիր տարբերակների տպաքանակի կրճատմանը, համացանցը նոր հնարավորություններ է ստեղծում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մեդիայի համար:

(անգլերեն)

For decades media of national minorities in Turkey, Armenians, Greeks, Jews, through struggles, continue their publications. Nowadays difficulties for those newspapers continue because of the lack of finances and decreasing number of readers. The newspapers of Turkey’s minorities have to cut their publications and pay more attention to online publications. In Turkey there are 3 Armenian newspapers: “Jamanak” and “Marmara” dailies and “Agos” weekly. Greeks in Turkey publish “Apoyevmatini” newspaper and Jews publish “Shalom” newspaper. Though the print versions of the newspapers are being reduced, Internet opens new perspectives for media of national minorities.

(ռուսերեն)

Несмотря на бывалые трудности, медиа ресурсы нацменьшинств Турции – армян, греков и евреев, десятилетиями продолжали свое существование. Правда, у некоторых газет сейчас не самые лучшие времена, что обусловлено нехваткой финансирования и сокращением количества читателей. Редакции газет вынуждении сокращать тираж, а также быть более активными в электронном пространстве (в интернете). В настоящее время, в Турции издаются три армянские газеты: «Акос», «Жаманак», «Мармара». Печатаются также греческая газета «Апоевматини» и еврейская «Шалом». Несмотря на сокращение тиража печатных версий, интернет предоставляет вышеперечисленным ресурсам более широкие возможности и новые перспективы.

Աղբյուրներ և գրականություն

  1. Խառատյան Ա., Արևմտահայ մամուլի սկզբնավորման և զարգացման պատմությունից (1832 — 1914 թթ.,Պատմա-բանասիրական հանդես, 1995, № 2:
  2. Մելքոնյան Ռ., Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության, Երևան, 2010, էջ 82:
  3. Մելքոնյան Ռ., Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության, Երևան, 2010, էջ 82:

[1] TRT World-Հայերեն, պաշտոնական կայք, http://www.trt.net.tr/armenian.

[2] 2014-2015 թվականներին Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականն էր:

[3] Rober Koptaş’tan veda, Agos’un yeni yayın yönetmeni Yetvart Danzikyan, DemokratHaber, http://www.demokrathaber.net/medya/rober-koptastan-veda-agosun-yeni-yayin-yonetmeni-yetvart-danzikyan-h44077.html.

[4] Azınlıkların sesi kısık, Radikal, http://www.radikal.com.tr/turkiye/azinliklarin_sesi_kisik-1056953.

[5] «Ակօս», պաշտոնական կայք, http://www.agos.com.tr/.

[6] Թուրք հաքերները հարձակվել են «Ակօսի» կայքի վրա, Թուրագիտական պոորտալ, http://allturkey.am/10759:

[7] Yazarlar, Agos, http://www.agos.com.tr/tr/yazarlar?page=1.

[8] Ermeni gazeteleri, ESI, http://www.esiweb.org/index.php?lang=tr&id=322&debate_ID=4&slide_ID=7.

[9] «Նոր Մարմարա», պաշտոնական կայք, http://www.normarmara.com/marmara.htm.

[10] Böyle olur Jamanak Gazetesi’nin kutlaması!, T24, 2013, http://t24.com.tr/yazarlar/raffi-a-hermonn/boyle-olur-jamanak-gazetesinin-kutlamasi,6790.

[11] Teknolojiye direnen azınlıklar, Aksiyon, 1995, http://www.aksiyon.com.tr/aksiyon/haber-1166-34-teknolojiye-direnen-azinliklar.html.

[12] Ժամանակ, պաշտոնական կայք, http://www.jamanak.com/.

[13] Ժամանակ, Արխիվ, http://www.jamanak.com/arxivpdf?field_date_value[value]=&page=42:

[14] Փարոս, պաշտոնական կայք, http://www.paros.com.tr/:

[15] Լույս, պաշտոնական կայք, http://www.luys.com.tr/hakkimizda:

[16] Թուրքիայի հայկական պատրիարքարան, «Շողակաթ», http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/sogagat-dergisi-basin/:

[17] Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի ամսագիր, http://www.surppirgic.org/.

[18] Türkiye Ermenileri Patrikliği, Surp Pırgiç Hastane Dergisi, http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/surp-pirgic-hastane-dergisi-basin/.

[19] Նույն տեղում:

[20] Azınlık gazetelerinin varoluş mücadelesi, DW, 2011,  http://www.dw.de/az%C4%B1nl%C4%B1k-gazetelerinin-varolu%C5%9F-m%C3%BCcadelesi/a-15254238.

[21] Ստամբուլում լույս տեսնող հունական թերթի գրասենյակը փակվել է, Թուրքագիտական պորտալ, 2014, http://allturkey.am/10658.

[22] Şalom, պաշտոնական կայք, http://www.salom.com.tr/.

Աղբյուր՝  «21-րդ դար» հանդես, Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ