Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը հրատարակել է չորս նոր գրքեր

Հանրության ուշադրությանն են ներկայացվել Արման Կիրակոսյանի «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում», Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները», Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունները, ինչպես նաև «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը։

«Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» անգլերեն լեզվով աշխատության մեջ պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը ուսումնասիրել և վերլուծել է գրեթե քառասուն մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններ (Պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության հանրագիտարան, Ցեղասպանության հանրագիտարան և այլն), բառարաններ (Ցեղասպանության բառարան և այլն), ձեռնարկներ (Օքսֆորդի ցեղասպանագիտության ձեռնարկ և այլն), և ԱՄՆ-ում վերջին տասնհինգ տարիների ընթացքում հրատարակված այլ տեղեկագրքեր: Աշխատությունում ներկայացված են այդ հանրագիտարաններում ներառված այն նյութերը, որոն ք վերաբերում են հայոց ցեղասպանությանը: Դրանց հեղինակները առաջատար մասնագետներ և ցեղասպանագետներ են ԱՄՆ-ից և այլ երկրներից:

Բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքներ» անգլերեն լեզվով գրքում վերլուծության է ենթարկվում ցեղասպանության արհավիրքը վերապրածների երկրորդ սերնդին հիշողության փոխանցման գործընթացը, «աներևակայելի վայրագությունների, կոտորածի, տեղահանության, կողոպուտի, սովի, ծարավի, հարազատի կորստի» պատճառած ցավի ազդեցությունը և արտացոլումը նրանց թողած գրական ստեղծագործությունների մեջ։

ՀՑԹԻ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանի«Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը նվիրված է Օսմանյան կայսրության և հատկապես Արևմտյան Հայաստանի նահանգների հայ բնակչության թվաքանակի հարցի: Աշխատանքում ներկայացվել և վերլուծության են ենթարկվել արևմտահայության թվաքանակի վերաբերյալ 1878-1914թթ. օսմանյան կառավարության և Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի վիճակագրական տվյալները, ուսումնասիրվել է դրանց արժեքը՝ որպես Մեծ եղեռնի նախօրյակին արևմտահայության թվաքանակի որոշման համար աղբյուր։

«Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգի 22 խորագրերում հարուստ լուսանկարչական նյութի հիման վրա հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացվել են սկանդինավյան միսիոներական ու հումանիտար կազմակերպությունների, անհատների հայանպաստ գործունեությունը: Ներկայացված է 1894-1896 թթ. համիդյան կոտորածների, 1909 թ. Կիլիկյան ջարդերի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանը։

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ