ՀՑԹԻ-ի նոր նախագծերը՝ Արցախում

Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ընդունել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Քննարկվել են Հայոց ցեղասպանությանն առնչվող հետազոտություններին, ուսումնասիրություններին, միջազգային ճանաչմանը վերաբերող հարցեր:

Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը և «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» պաստառների ցուցադրությունը:

Միջոցառմանը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը թե´ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, և թե´ ցեղասպանության թեմայի իրազեկման գործում՝ այս համատեքստում ընդգծելով Հայկ Դեմոյանի գիտական աշխատությունների նշանակությունը և նրա հետևողական հասարակական գործունեության կարևորությունը:

Ներկայացնելով «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության ստեղծման նախապատմությունը, աշխատության համառոտ բովանդակությունը` Հայկ Դեմոյանը ընդգծել է, որ դրա հիմքում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունն է հայ-¬թուրքական հարաբերությունների եւ պանթուրքիզմի արտաքին քաղաքականության տեսանկյունից: Այս առումով հեղինակը կարևորել է Արցախի Հանրապետության նշանակությունը համայն հայության համար` կոչ անելով յուրաքանչյուր հայի իր ներդրումն ունենալ Արցախի զարգացման գործում:

Խոսելով ապագա ծրագրերի մասին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ առաջիկայում նախատեսում է Արցախի ներգրավմամբ մի շարք լուրջ ծրագրեր իրականացնել:

Հայկ Դեմոյանը միջոցառման մասնակիցներին է ներկայացրել արտասահմանյան մամուլի առաջին էջերին Հայոց ցեղասպանությունը պատկերող պաստառները եւ հանգամանալից բացատրել բովանդակությունը: Արցախի մայր բուհում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հանդես է եկել դասախոսությամբ: Հայկ Դեմոյանը ներկայացրել է 2015-ի ընթացիկ արդյունքները, նշել թանգարան-ինստիտուտի ներքին և արտաքին ձեռքբերումները, որոնց շնորհիվ մեծացել են աշխարհին հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ներկայացնելու հնարավորությունները: Նա ամենամեծ արդյունքը միջազգային հանրության մոտեցումների փոփոխությունն է համարել: Դրան նպաստել են տարվա ընթացքում աշխարհի 50 մայրաքաղաքներում ներկայացվող ժամանակավոր ցուցադրությունները: Այդ կերպ տեղի հանրությունները կարողացել են տեսնել Հայոց ցեղասպանության թեմայի և իրենց երկրի պատմության ու հիշողության կապերը: Հայկ Դեմոյանը ընդգծել է Ծիծեռնակաբերդի համալիրի նոր հնարավորությունները: 2015-ի ապրիլին բացված նորոգված համալիրը, թանգարանի նոր ցուցադրությունը կարողանում են զորեղ ներազդություն ունենալ և հազարավոր այցելուների ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում աճել է իրազեկության մակարդակը, այժմ Հայոց ցեղասպանության մասին տեղյակ են այնպիսի վայրերում, որտեղ նախկինում ոչինչ չգիտեին հայերի ու Հայաստանի մասին, – նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, արտաքին գործերի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարները, ԱրՊՀ պրոֆեսորա-դասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչներ:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ