Ճանաչման համար պայքարելով՝ հիմք ունենք պահանջատիրության անցնելու. Ռուբեն Սաֆրաստյան

«Մենք սկսում ենք հատուցման ճանապարհը,որը հեշտ չի լինելու»,-այս մասին ԳԱԱ-ում անցկացված «Հայոց Ցեղասպանություն-100 ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքերով՝ սա շատ բարդ ճանապարհ է, որովհետև գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, ինչպիսին Թուրքիան է, որն ունի շատ ռեսուրսներ և շարունակում է կեղծիքների ու ժխտման քաղաքականությունը. «Այս ճանապարհը հաջողությամբ անցնելու համար, շատ կարևոր է, որ կարողանանք մեր պահանջատիրությունը հիմնավորված ներկայացնել ժամանակակից միջազգային իրավունքի շրջանակում»:

«Լուրջ աշխատանք է պահանջվում. այնպես չէ, որ այսօր որոշեցինք ու դարձանք պահանջատեր: Պահանջատիրությունը լայն հասկացողություն է: Իսկ հատուցումը կարող է լինել ոչ միայն տարածքային, որը մեր գերագույն նպատակն է»,-նկատեց Սաֆրաստյանը:

Նրա համոզմամբ, մինչ այս էլ շատ ճիշտ ենք վարվել՝ սկզբից պայքարելով ճանաչման համար, որպեսզի որոշակի հիմք ունենք պահանջատիրության անցնելու համար:

«Գերմանիան, կարելի է ասել, այս հանցագործության մասնակից է: Ելնելով համապատասխան բանաձևից՝ ցեղասպանությունը չկանխարգելելը նշանակում է մասնակցել այդ հանցագործությանը: Գերմանիան կարող էր կանխարգելել, բայց չարեց դա»,-նշեց արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Ըստ թուրքագետի՝ Գերմանիան խուսանավում է ճանաչումից և այստեղ մեծ է Գերմանիայում թուրքական մեծ համայնքի գոյության դերը:

«Պետք է նպաստել գործընթացի ընդլայնմանը, որպեսզի Ցեղասպանության ճանաչման հարցում հնարավոր լինի հասնել թուրք ժողովրդի ճնշմանը պետության վրա: Պետք է ճնշում լինի ներսից և դրսից», -հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Աղբյուր՝ Panorama.am

allTurkey.am

Մեկնաբանություններ