Ռուս-թուրքական լարվածությունը դեռ կպահպանվի. Լևոն Հովսեփյան

Սիրիայի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացվող ավիահարվածների համատեքստում ռուս-թուրքական առճակատումը գնալով խորանում է:

«Եթե նախկինում կողմերը խուսափում էին խոսել դիրքորոշումների ու շահերի առկա բախման մասին, ապա հիմա իրավիճակը փոխվել է, սկսվել է բացահայտ առճակտման մի փուլ»,-Panorama.am-ի հետ զրույցում տարածաշրջանի երկու մեծ պետությունների հարաբերությունների ներկա փուլի ու միտումների վերաբերյալ նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նա նշեց, որ գործը հասել է սպառնալիքներին, ապա նկատեց, որ ռուս-թուրքական լարվածությունը դեռ կպահպանվի:

«Երկու երկրների միջև ռազմական գործողությունների ես չեմ սպասում, որովհետև Թուրքիան ամեն կերպ կխուսափի այդ քայլից, Ռուսաստանն էլ իհարկե, կփորձի, որ բանը դրան չհասնի»,-ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության միտումներին, ապա Panorama.am-ի զրուցակիցը նկատեց, որ Ռուսաստանին և Թուրքիային իրար կապող ամենամեծ օղակը տնտեսությունն է ու էներգետիկան:

«Այս առումով Թուրքիան փորձում է իր խաղաքարտը օգտագործել Ռուսաստանի դեմ: Կարծում եմ, անորոշությունը, ինչպես նաև տնտեսական նախագծերի՝ Թուրքիայում ատոմակայանի նախագծի, «Թուրքական հոսք» գազատարի առումով դեմարշները թուրքական կողմը կշարունակի»,-ասաց թուրքագետը, նկատելով, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան, քանի որ ռուսական կողմի համար այդ նախագծերը բավականին կարևոր նշանակություն ունեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը Պուտինին հիշացրել էր. «Մենք համարվում ենք Ռուսաստանից թիվ մեկ գազ գնողը: Թուրքիային կորցնելը շատ լուրջ կորուստ կարող է լինել Ռուսաստանի համար: Անհրաժեշտության դեպքում, Թուրքիան կարող է ամենատարբեր տեղերից բնական գազ գնել»:

Ի պատասխան ՌԴ նախագահն ասել էր. «Մենք ավանդաբար բարձր ենք գնահատում Թուրքիայի հետ մեր երկկողմ հարաբերությունները»:

Աղբյուր՝ Panorama.am

allTurkey.am

Մեկնաբանություններ