Հայոց ցեղասպանության թեման ադրբեջանական ԶԼՄ-ներում. Դիանա Գալստյան

Ցեղասպանություն, Էրդողան

Դիանա Գալստյան, փորձագետ

Ադրբեջանական պրոպագանդայի վերջին տարիների մեր հետազոտությունները1, ինչպես նաև 2015թ. փետրվար-մայիսին իրականացված ադրբեջանական էլեկտրոնային 10 ԶԼՄ2 որակական դիտարկման արդյունքները թույլ են տալիս առանձնացնել ադրբեջանական քարոզչության հիմնական թեմատիկ ուղղությունները.

 

  • Հայ ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրի և արժեհամակարգի խեղաթյուրում
  • Հայերի եկվորության և ադրբեջանցիների բնիկության մասին պատմության կառուցակցում
  • Հայկական զինված ուժերի խնդիրների շահարկում, ադրբեջանական ռազմական գերազանցության ցուցադրում
  • Հայաստանի ներքին սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրների շահարկում
  • ԼՂՀ հակամարտության հետևանքների բացասական կողմի ընդգծում
  • Հայոց ցեղասպանություն հերքում և հանցանքի պրոյեկտում։

 

Հոդվածի շրջանակներում առավել մանրամասն կդիտարկենք Ցեղասպանության թեման ադրբեջանական մեդիայում։ Հայոց ցեղասպանության թեման մշտապես եղել է ադրբեջանական քարոզչության ուշադրության կենտրոնում, այն հատկապես ակտիվացավ 2015թ.՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ։ Այս թեման արծարծվում է երեք հիմնական բաղադրիչներով՝

 

  • Ցեղասպանության հերքում,
  • Հայոց ցեղասպանության հասկացության, երևույթի և դրա միջազգային ճանաչման գործընթացի արժեզրկում,
  • Հանցանքի պրոյեկտում՝ 20-րդ դարի ընթացքում ադրբեջանցիների նկատմամբ «ցեղասպանություն և տեղահանություն» իրականացնելու մեղադրանք։

 

Ադրբեջանցիների կողմից այս թեմայի շրջանառումը հետապնդում է թուրքական մերժողական քարոզչության աջակցության և հայկական կողմից տրամադրվող տեղեկությունների արժանահավատության նկատմամբ կասկածների տարածման նպատակներ։

Հայոց ցեղասպանության հերքում։ Ցեղասպանության հերքումը մեդիա-տեքստերում դրսևորվում է չակերտների, հեգնական ձևակերպումների տեսքով՝ «միֆական ցեղասպանություն», «հորինված ցեղասպանություն», «այսպես կոչված ցեղասպանություն», «քվազի ցեղասպանություն» և այլն։ Իսկ որոշ դեպքերում Հայոց ցեղասպանություն տերմինն ադրբեջանական տեքստերում փոխարինված է «տեղահանություն» տերմինով, ինչն արտացոլում է թուրքական գիծը։ «Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հայերը հանդես եկան որպես Օսմանյան կայսրության ներքին թշնամի, ապստամբություն բարձրացրին կայսրության տարբեր հատվածներում, հատուկ պատրաստություն անցելով՝ համալրեցին ռուսական բանակի շարքերը։ …Ի պատասխան հայերի բարձրացրած ապստամբության՝ Օսմանյան կայսրությունը դիմել է ապստամբ շրջանների խաղաղեցման դասական քայլին՝ տեղահանությանը»3։ Այս դեպքում տեղահանությունը ներկայացվում է որպես ստեղծված իրավիճակում արդարացված քայլ։ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են այն տեսակետը, որ տեղահանության ժամանակ թեև զոհեր են եղել, սակայն դա նպատակաուղղված կոտորած չի եղել։ Որպես վերը նշվածի ապացույց բերվում է Օսմանյան կայսրությունում տեղահանվող հայերի պաշտպանությունն իրականացնելու մասին օրենքը4։

Հայոց ցեղասպանության հասկացության, երևույթի և դրա միջազգային ճանաչման գործընթացի արժեզրկում։ Տեղի է ունենում երևույթների և հասկացությունների արժեզրկում։ Ասվածը վերաբերում է ինչպես Հայոց ցեղասպանության երևույթին (այն ներկայացվում է որպես «հայերի երևակայության արդյունք, հայերի կողմից հորինված միֆ»), այնպես էլ դրա միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող քայլերին. այս դեպքում արդեն շրջանառվում է այն միտքը, որ «Հայաստանը 1915թ. իրադարձությունների պրոպագանդան փորձում է շահույթի աղբյուր դարձնել»՝ շեշտելով փոխհատուցման միայն նյութական կողմը։

2015թ. ապրիլը հատկապես հագեցած էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շուրջ տարվող քարոզչության տեսանկյունից։ Նշենք, որ դեռևս ապրիլի սկզբից ադրբեջանական մեդիա-դաշտն ինտենսիվորեն լցվում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերով։ Նախ՝ դրանք կանխատեսումներ էին, թե ինչպես կանցնի հենց ապրիլի 24-ը, և ինչ կհետևի այդ միջոցառումներին, ապա՝ տարբեր նշանավոր մարդկանց Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած տեսակետների շուրջ քննարկումներ։ Այս առումով հատկապես կարևոր էր և բուռն քննարկումների առարկա դարձավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը։ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը։ «Անցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որը մեծապես համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածել է ձեր հայ ժողովրդին»,– դիմելով հայ ներկայացուցիչներին՝ պատարագի ժամանակ ասել է նա5։

Այս հայտարարությանը հետևեց ադրբեջանական լրատվամիջոցների բուռն արձագանքը, թե Հռոմի պապն «իր վրա պատասխանատվություն է վերցրել քննարկել եկեղեցու և կաթոլիկության հետ կապ չունեցող պատմության և միջազգային իրավունքի մի վիճելի հարց, միջազգային հանրությունն իրավունք ունի այսպիսի բարձրաստիճան եկեղեցական դեմքից ակնկալելու բարձր դիվանագիտականություն, օբյեկտիվություն և առարկայի բազմակողմանի իմացություն»։

Հռոմի պապի հայտարարությանից հետո ադրբեջանական կայքերը տարածեցին լուրեր, թե այդ հայտարարության դիմաց ծանր դրության մեջ գտնվող Istituto per le Opere di Religione-ն (IOR), որն առավել հայտնի է Վատիկանի բանկ անունով, հայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանից և այլ բիզնեսմեններից ստացել է $25 մլրդ6։ Այսինքն՝ ըստ ադրբեջանական տեսակետի, հայերը «գնել» են այդ հայտարարությունը։ Սա ևս մտնում է հայկական կողմի յուրաքանչյուր արարք նյութական չափման մեջ դնելու ադրբեջանական տրամաբանության մեջ։

Ադրբեջանական մամուլն ակտիվ արձագանքեց նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումներին։ Ադրբեջանական կողմն իրեն հատուկ գործելաոճով փորձեց արժեզրկել նաև տարելիցի միջոցառումների գաղափարը՝ դրանց տալով ամենատարբեր բնորոշումներ՝ «ցեղասպանության հիստերիա, Երևանը ցնծությամբ պատրաստվում է համազգային տոնի, հոբելյանի, «նախատոնական իրարանցում», «միջոցառումները հիշեցնում են բժշկական միջամտություն պահանջող մասսայական հոգեկան խանգարում», «շոու», «առնետների մրցավազք» և այլն։

Ապրիլի 24-ին նախորդող օրերին ադրբեջանական լրատվամիջոցները փորձեցին դաշտը լցնել Թուրքիայում նույն օրը ոչ պատահական զուգադիպությամբ7 անցկացվող Չանաքկալեի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակի միջոցառումը լուսաբանող նյութերով: Ապա անդրադարձ կատարեցին միջոցառմանը ներկա նախագահներին, պատվիրակություններին` հակադրելով դա Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին ներկա գտնվող հյուրերի թվաքանակին։

Այնուհետև ադրբեջանական լրատվական տիրույթում հայտնվեցին Հայոց ցեղասպանության միջոցառումների արդյունքներն ամփոփող վերլուծություններ, որոնք հիմնականում փորձեցին լսարանին հասցնել այն միտքը, որ հայերի սպասելիքներն այդպես էլ չարդարացան, և որ «…արդյունքը միայն առանձին պաշտոնյաների հնչեցրած հայտարարություններն էին, որոնք ոչ մի իրավական արդյունք չտվեցին, և որ հայերի համար վերջնանպատակ հանդիսացող Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և տարածքային փոխհատուցումը այդպես էլ չեն իրականանա8»։ Անմոռուկների ապրանքայնացման դրսևորումները, որոնք քննադատվեցին Հայաստանում, ադրբեջանական լրատվամիջոցներում ներկայացվում են որպես վշտի կեղծավորության ցուցիչ, մեջբերելով հայկական աղբյուրի քննադատությունը. «Եվ միայն բազմաթիվ հայկական կայքերից մեկում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այդ երևույթը բացասական է գնահատել. «Հայոց ցեղսպանության 100-ամյա տարելիցին նվիրված անմոռուկների ակցիան նմանվում է տոնական իրարանցման, ինչպես դպրոցներում են պատրաստվում Նոր տարվան կամ Զատիկի տոնին, այնպես այժմ պատրաստվում են «հարյուրամյա տարելիցին…»9։

Հանցանքի պրոյեկտում։ Հայոց ցեղասպանության հերքման քարոզարշավի շարունակություն է հանդիսանում հանցանքի պրոյեկտումը՝ փոխադարձ մեղադրանքների ներկայացումը հայերին. հայերը մեղադրվում են Օսմանյան կայսրության տարածքում մուսուլման բնակչությանը կոտորելու մեջ10։

Ադրբեջանական կողմը, բաց չթողնելով հարմար պահը, հայերի հասցեին մեղադրանք է ներկայացնում ադրբեջանցիների «ցեղասպանություն և տեղահանություն» իրականացնելու մեջ՝ «Հայերը ստեղծեցին «խեղճ և թշվառ հայ ժողովրդի» կերպարը, դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները նպատակաուղղված խեղաթյուրեցին։ Այդպիսով, նրանք, ովքեր ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն էին իրականացրել, ներկայացան որպես ցեղասպանության զոհեր»11։ «Ցեղասպանության» մեղադրանքների շարքում զետեղվել են 20-րդ դարի տարբեր ռազմական իրադարձություններ, անգամ Արցախյան պատերազմը։

Ցեղասպանություն հասկացությունը կիրառվում է առանց իրավական հիմնավորման՝ ցանկացած բախման հետևանքով զոհերին պիտակավորելով որպես ցեղասպանվածներ։

Վերջին տարիներին ադրբեջանական քարոզչամեքենան համառորեն առաջ է տանում այն միտքը, որ «200 տարիների ընթացքում ցեղասպանություն և տեղահանություն են իրականացվել հայերի կողմից», ընդ որում՝ այս տեսակետի համաձայն՝ «միայն 20-րդ դարի ընթացքում 4 փուլով՝ 1905-1907թթ., 1918-1920թթ., 1948-1953թթ. և 1988-1993թթ.»։

Ադրբեջանական քարոզչամեքենայի այս ձևակերպման մեջ շոշափվում են հետևյալ մի քանի կարևորագույն շերտերը.

 

  • Առաջինը «ադրբեջանցի» ազգի հին լինելու հանգամանքի ապացուցումն է;
  • Ադրբեջանցիների բնիկության ապացուցման խնդիրը;
  • Ադրբեջանցիների նկատմամբ «ցեղասպանություն» իրականացնելու՝ հայերին ուղղված մեղադրանքը։

 

Համառոտ անդրադառնանք այս փուլերից յուրաքանչյուրին և այդ օրերի շուրջ կառուցվող քարոզչության առանձնահատկություններին։

  • 1905-1907թթ. հայ-թաթարական բախումները ներկայացվում են որպես «հայերի կողմից նպատակաուղղված ջարդեր»։ «Հայ զավթիչները, «հզոր Հայաստան» ստեղծելու գաղափարով տոգորված, 1905-1907թթ. ադրբեջանցիների դեմ բացահայտ արյունալի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին։ Բաքվում սկսված վայրագությունները տարածվեցին Ադրբեջանում և ներկայիս Հայաստանի ադրբեջանական բնակավայրերում։ Հարյուրավոր բնակավայրեր ոչնչացվեցին, հազարավոր ադրբեջանցիներ գազանաբար սպանվեցին»12։
  • 1918թ. Բաքվի կոմունայի և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումները ներկայացվում են իբրև հայերի կողմից «ադրբեջանցիների ցեղասպանության» իրագործում:

1918թ. Բաքվի կոմունայի և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումները ներկայացվում են որպես ադրբեջանցիների նկատմամբ հայերի կողմից իրականացված «ցեղասպանություն». 1918թ. մարտի 31-ին և ապրիլի 1-2-ին, ըստ ադրբեջանական տեսակետի, «միայն Բաքվում այդ օրերին սպանվեցին 12 հազար ադրբեջանցիներ»։ Ադրբեջանական կողմը հայերին և ռուսներին՝ դաշնակներին և բոլշիկներին, մեղադրանք է ներկայացնում 1918թ. մարտ-ապրիլ ամիսներին Բաքվում, Շամախիում, Ղուբայում «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ», «մարտյան ահաբեկչության» արդյունքում, ըստ ադրբեջանական տեսակետի,«սպանվել են ավելի քան 50 հազ. ադրբեջանցիներ»։ Այս գործողություններն ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես«ադրբեջանական ազգային-դեմոկրատական շարժման սոցիալական բազայի և կազմակերպչական կառույցների քայքայում և Բաքվում բոլշևիկյան իշխանության ամրապնդում13»։ Որպես այս թեմայի շարունակություն պետք է նշել, որ «ապրիլ-մայիս ամիսներին Բաքվում և շրջակա գյուղերում 30 հազ. ադրբեջանցիների սպանությունը» վերագրվում է հայերին։ «Այդ նույն ժամանակահատվածում Զանգեզուրի գավառում սպանվել են 10 հազ., Շամախիում՝ 8 հազ., Ղուբայում՝ 16 հազ., Իրևանի նահանգում՝ 132 հազ. ադրբեջանցի»14։

1998թ. մարտի 26-ին Հեյդար Ալիևի հրամանով մարտի 31-ն Ադրբեջանում որպես «Ադրբեջանցիների ցեղասպանության օր»15հայտարարելուց հետո նպաստավոր հիմք է ստեղծվել պետական մակարդակով իրականացվաղ հակահայկական քարոզչության համար։

Մարտի 31-ն ադրբեջանցիների ցեղասպանության օր հռչակելը ծառայեցվում է նաև Հայոց ցեղասպանության հակակշիռ ստեղծելու նպատակին։

    • 1948-1953թթ. ադրբեջանական կողմը ներկայացվում է որպես ՀԽՍՀ-ից ադրբեջանցիների տեղահանության քաղաքականության տարիներ։
      Այս համատեքստում նշվում է. «հայերին հաջողվեց պետական մակարդակով հասնել ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1947թ. դեկտեմբերի 23-ի՝ «ՀԽՍՀ-ից Կոլտնտեսականների և այլ ադրբեջանական բնակչության տեղահանության մասին» հատուկ որոշման ընդունմանը16։
    • 1988-1993թթ. փուլի մեջ ներառված է 1990թ. հունվարի 20-ին Բաքվում խորհրդային բանակի գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցիներին իբրև հայկական սադրանքների զոհեր ներկայացնելը։

 

      Իրադարձությունները հաճախ ներկայացվում են համատեքստից կտրված` դեպքերի մասին հիշատակումը սկսելով միայն հունվարի 20-ից, շրջանցելով հայերի նկատմամբ հունվարի 13-ից սկսված ջարդերը և արտաքսումը, որի պատճառով էլ խորհրդային բանակը, թեև ուշացած, հայտնվել էր Բաքվում: Հունվարի 20-ի իրադարձությունները ներկայացվում են իբրև հայկական անջատողական շարժման դեմ բողոքի ձայն բարձրացրած ադրբեջանցիների ճնշում խորհրդային իշխանությունների կողմից՝ այդպիսով դրանցում հայերին մեղքի բաժին վերագրելով։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ հիշատակվում են հայկական ջարդերի որոշ իրողություններ, դրանք մեկնաբանվում են իբրև հայերի կողմից կազմակերպված սադրանք, որոնց միամտաբար կուլ գնացին ադրբեջանցիները։ Վերջին հիմնավորումը վերաբերում է հատկապես 1988թ. Սումգայիթի և Կիրովաբադի ջարդերին

17

    ։

  • Որպես վերջին փուլի ամենակարևոր իրադարձություն հիշատակվում են 1992թ. փետրվարի 26-ին Խոջալուի մատույցներում տեղի ունեցած դեպքերը, որոնք որակվում են որպես «խաղաղ բնակչության նկատմամբ հայերի իրականացրած ցեղասպանություն»։

1992թ. Խոջալու բնակավայրի մերձակայքում տեղի ունեցած իրադարձություններն Ադրբեջանում համարվում են «ցեղասպանություն», որը վերագրվում է հայ զինվորականներին, ովքեր գործել են ռուսական 366-րդ մոտոհրաձգային ջոկատի աջակցությամբ։ Ադրբեջանական քարոզչությունը հատուկ ուշադրության է արժանացնում Խոջալուի դեպքերի լուսաբանմանը և քարոզչությանը։ Սա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ, ըստ ադրբեջանական տեսակետի՝ Խոջալու բնակավայրում խաղաղ բնակչություն է ոչնչացվել, և բացի այդ, Խոջալուի դեպքերը ավելի «թարմ» են։

Եթե նախկինում Խոջալուի մատույցներում տեղի ունեցած իրադարձություններին ադրբեջանցիները տալիս էին տարբեր ձևակերպումներ (դեպքեր, իրադարձություններ, հանցանք, ոճրագործություն, ոճիր) և քարոզչության նպատակն էր այն «ցեղասպանություն» որակման հասցնելը, ապա այժմ տրվում է «ցեղասպանություն» ձևակերպումը՝ որպես բացարձակ ճշմարտություն։ Այդ նպատակով Խոջալուի դեպքը ներկայացվում է աշխարհում արդեն իսկ ճանաչված ցեղասպանությունների հետ նույն շարքում (Հոլոքոստ, Ռուանդայի ցեղասպանություն և այլն)։ Այժմ գերազանցապես քննարկվում են «ցեղասպանության մեղավորներին» պատժի ենթարկելու, ֆինանսական փոխհատուցման (ադրբեջանական կողմի հաշվարկներով՝ 140 մլն մանաթ կամ $170 մլն18) հարցերը։ Այս հարցում կարևոր դերակատարություն ունի Լեյլա Ալիևայի գլխավորած «Արդարություն Խոջալուին» միջազգային քարոզարշավը, որը 2009թ. նոր ձևավորված շարժում էր, իսկ այժմ կարող ենք խոսել 7 տարիների ընթացքում գրանցված արդյունքների մասին՝ փաստագրական ժանրի ֆիլմերի ստեղծման և ցուցադրության նախաձեռնություն, գրքերի հրատարակում և տարածում, հիշատակի և այլ միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև իրավաքաղաքական այնպիսի լուրջ արդյունք, ինչպիսին է 8 երկրների19 օրենսդիր մարմինների և ԱՄՆ 16 նահանգների կողմից Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելը։

Խոջալու բնակավայրի կարևորության դիսկուրս։ Մեր դիտարկած նյութերում որպես նոր միտում հանդիպել են Խոջալուի՝ որպես բնակավայրի, կարևորության մասին քննարկումներ։ Դա վերաբերում է ոչ միայն բնակավայրի դիրքի ռազմավարական նշանակությանը պատերազմական համատեքստում, այլ նաև պատմական և մշակութային կարևորությանը։ Խոջալուն ադրբեջանցիների կողմից բնորոշվում է որպես «…ուրույն մշակույթ ունեցող, ադրբեջանական ժողովրդի պատմական մշակութային ավանդույթները ներկայացնող քաղաք, որը դարձավ հայկական վանդալիզմի (վայրագության) զոհը»20։ Խոջալուի՝ որպես բնակավայրի, քաղաքակրթական նշանակության բարձրացումով ադրբեջանցի քարոզիչները ձգտում են կարևորություն հաղորդել դրա հետ կապված ցանկացած տեղեկատվության։

Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի որդեգրած ցեղասպանության կլոնավորման մեթոդը21, դրա ճանաչման ուղղությամբ տարվող հետևողական քարոզչությունը հետապնդում են հետևյալ նպատակները.

  • Ղարաբաղյան հիմնահարցում ադրբեջանամետ դիրքորոշումների ամրապնդում;
  • Նպաստում միջազգային հանրության շրջանում հակահայական տրամադրությունների տարածմանը՝ հակակշիռ ստեղծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

1 Տե՛ս, օրինակ, «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը, «Նորավանք» ԳԿՀ, 2009:

2 Day.az, Trend.az, 1news.az, Aze.az, Apa.az, Contact.az, Oxu.az, Haqqin.az, Bakupost.az, Vesti.az։

3 «Историческая призма». 1915 год. Правда о «геноциде армян», которую не хочет слышать мир, http://news.day.az/politics/573342.html

4 Նույն տեղում։

5 «Հռոմի պապը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս օգտագործել է «ցեղասպանություն» բառը»,http://www.tert.am/am/news/2015/04/12/popeword/1643893

6 «Папа Римский признал «геноцид армян» за $25 млрд?», http://aze.az/news_papa_rimskiy_priznal_118217.html

7 «Память о жертвах 1915 года в тени политики век спустя»,http://www.bbc.co.uk/russian/international/2015/04/150423_turkey_armenia_massacre_100

8 «Столетие, прожитое зря», http://aze.az/news_stoletie_prozhitoe_zrya_118590.html

9 Армянский катарсис «имени 24-го апреля», http://www.1news.az/print.php?item_id=20150427030120392&sec_id=156

10 «Историческая призма». 1915 год. Правда о «геноциде армян», которую не хочет слышать мир http://news.day.az/politics/573342.html

11 «31 марта – День геноцида азербайджанцев», http://www.trend.az/azerbaijan/society/2378175.html

12 Նույն տեղում։

13 «Историческая призма»: Март 1918-го. Как готовилось кровопролитие в Баку, http://news.day.az/politics/388753.html

14 «Азербайджанская община Нагорного Карабаха обратилась к миру», http://news.day.az/politics/567256.html

15 Указ Президента Азербайджанской Республики о геноциде азербайджанцев, http://www.azerbaycanli.org/ru/page131.html

16 31 марта – День геноцида азербайджанцев, http://www.trend.az/azerbaijan/society/2378175.html

17 «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը, «Նորավանք» ԳԿՀ, 2009, էջ 54։

18 «Прошло 23 года со дня геноцида, учиненного армянами в азербайджанском городе Ходжалы», http://ru.apa.az/news/287537

19 Պակիստան, Մեքսիկա, Պերու, Չեխիա, Կոլումբիա, Բոսնիա-Հերցեգովինա, Ռումինիա, Սերբիա, http://news.day.az/politics/559430.html

20 «Трагедия XX века: прошло 23 года со дня Ходжалинского геноцида», http://www.trend.az/azerbaijan/karabakh/2368086.html

21 Ադրբեջանում նշվում է «ցեղասպանության» կամ հիշատակի 3 օր՝ հունվարի 20, փետրվարի 26, մարտի 31։ Ցեղասպանության կլոնավորման մասին տե՛ս Լիլիթ Հակոբյան, «Ադրբեջանական հակահայ ինֆոքաղաքական համակարգի բաղադրիչները», «Գլոբուս» վերլուծական հանդես, #4(61), Երևան, 2015։

Աղբյուր՝ «Նորավանք» ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ