Հրանտ Դինքի կենսագրության շուրջ. Էլինա Միրզոյան

Էլինա Միրզոյան, թուրքագետ

«Անշուշտ, մահից վախենում եմ, սակայն մահը ոչինչ է, եթե հանգուցյալը կարող է լինել ոտքերի վրա ամուր կանգնած մեկը…»: Հրանտ Դինք

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում` Սալքյոփրյու թաղամասի Բոնջուքլու փողոցի թիվ 1 տանը : Նա սերում է հայրական կողմից գյուրունցի Հովհաննես և արաբկիրցի Պայծառ Դինքերի, մայրական կողմից` էրզրումցի Անդրանիկ և գյուրունցի Լուսիե Չաքըրների գերդաստաններից:

Հրանտն ավագն էր Սարգիս և Գյուլվարդ (Նվարդ) Դինքերի երեք որդիներից: Հայրը` դերձակ Սարգիսը, Մալաթիայում ճանաչված և հմուտ արհեստավոր էր. նա հայտնի էր թերզի Հաշիմ (terzi Haşim/ դերձակ Հաշիմ) անվամբ: «Բարձրահասակ, բարետես, բարի, մաքուր և մեծ սիրտ ունեցող տղամարդ էր, -հիշում են հարազատները,- միակ թերությունը թղթախաղի հանդեպ թուլությունն էր» :

«Հրանտ նրան անվանակոչում է Հովհաննես պապը: Նա սպասվածից շուտ է ծնվում: 4 կգ կշիռով առողջ փոքրիկ ծնվեց սպիտակամորթ, խոշոր աչքերով, ընդգծված, արտահայտիչ հոնքերով և երկար թարթիչներով: Նման էր իր պապին` և´ խելացիությամբ, և´ արտաքնապես », – նշում է Սիրանուշ Չաքըրը: Պապը Հ. Դինքի կյանքում առաջնային և ծանրակշիռ տեղ էր զբաղեցնում. նա տիրապետում էր յոթ օտար լեզուների և շատ էր զբաղվում ընթերցանությամբ: Ինչպես և պապը, Դինքը ևս ընթերցասեր էր. Առաջնորդվում էր պապի խորհրդով. «Տղա´ս, մեր պապերը, թողնելով ոսկիները, առաջնահերթ վերցրել են գրքերը»:

Հայրը՝ Սարգիս Դինքը, թեև ճանաչված և հմուտ արհեստավոր էր, այնուամենայնիվ, դժվարությամբ էր վաստակում ընտանիքի ապրուստը, ուստի 1958-59 թվականներին ստիպված եղավ գնալ Ստամբուլ՝ Գումգափու` արտագնա աշխատանքի: 1959-ի տարեվերջին Հովհաննես պապը Գյուլվարդին երեք երեխաների հետ ճանապարհում է Ստամբուլ՝ Սարգսի մոտ: Դինքի հայրը Գումգափու թաղամասում՝ Արայըջը փողոցում, գտնվող մի տուն է վարձակալում: Այն գտնվում էր ծովեզերքի մոտ և պատկանում էր մի ձկնորսի: Այս փողոցը Անատոլիայից եկած հայերի հավաքատեղի էր: Շուրջ մեկ տարի են միասին ապրում այս տանը. նոր կյանք սկսելու փորձերն ապարդյուն են անցնում, քանի որ Սարգիս Դինքի թղթամոլությունը շարունակվում է նաև Ստամբուլում:

1961 թվականն էր, երբ դատական ատյանի որոշմամբ Դինքի ծնողները ամուսնալուծվում են, դատարանը երեխաների խնամակալությունը հորն է հանձնում: Մայրն այս ընթացքում տեղափոխվում է Արմենակ Չաքըրի` Հրանտ Դինքի մորեղբոր տուն: Երեխաները, չցանկանալով մորից անջատ ապրել, տանից փախուստի են դիմում: Խոսրով (Օրհան) և Երվանդ (Լեվենթ) Դինքերը փոքր էին, իսկ Հրանտը «մեծ մարդու նման», ինչպես Երվանդ Դինքն է նշում, իր «հասակից բարձր գործ է բռնում»` կազմակերպում է «փախուստը». գուցե դա կյանքի դեմ նրա առաջին ըմբոստությունն էր : «Տանից փախուստի դիմած և փողոցներում կորսված երեք եղբայրներ…Ես և եղբայրներս միասին Գումգափուի փողոցներով շարունակ վազում էինք ու վազում…թե որքա՞ն դա տևեց` չգիտեմ…Վերջապես ոստիկանությունը գտնում է մեզ… Գումգափուի ձկնորսական պահոցում՝ մի քթոցի մեջ… Երեքս, որքան ուժ ունեինք, փարված մեկս մյուսիս, քնած էինք այդտեղ՝ անօթի և ծարավ: Ես յոթ տարեկան էին, Խոսրովը` հինգ, Երվանդը` երկու », – գրում է Դինքը:

Այս դեպքից հետո Հ. Դինքի տատը՝ Լուսիե Չաքըրը, գնում է Գետիկփաշայի հայ բողոքական եկեղեցաշենքի ներքնահարկում գործող Ժողովարան որբանոց-մանկատան տնօրեն Հրանտ Քյուչյուքգյուզելյանին տեսնելու: Վերջինս Գետիկփաշայի հայ բողոքական եկեղեցում կուսակրոն քահանա էր, ով Թուրքիայի ներքին գավառներից եկած հայ մանուկներին առաջին ապաստան տվողն էր. նա հայ մանուկների փրկության գործը նախաձեռնողն էր: Սկզբում նա մերժում է՝ ասելով, որ երեխաների թիվն արդեն անցնում էր հարյուրը: Սակայն երբ Դինքի տատը պատմում է ձկնորսական քթոցի մասին, վերջինս համաձայնվում է:

Ժողովարանում ապաստան ստանալով` Հ. Դինքը և իր եղբայրները Գետիկփաշայի հայ բողոքական եկեղեցուն պատկանող Ինջիրդիբի նախակրթարան են հաճախում: Այս ընթացքում մայրը կանացի վերարկուներ էր կարում և հանձնում վաճառքի, իսկ հայրը սեբաստացի վարպետ Սահակի մոտ քալֆա (ավագ օգնական) էր: Հայրը նպատակ չուներ, որ որդին ուսումը շարունակի, ուստի նրան իր հետ աշխատանքի էր տանում որպես օգնական: «Դերձակ հայրս զիս քովը առաւ որպէս չըրախ (սկսնակ օգնական): Ի՞նչպիսի գործեր կ’ընէի հօրս քով, լաւ չեմ յիշեր… Սակայն գործ մը կար, որ երբեք չէ կորսուած յիշողութենէս: Բազմաթիւ վերարկուներ կը դիզէին ուսերուս վրայ ու ես զանոնք կը տանէի վերջին արդուկի համար ուրիշ գործարան մը: Բազմութեան ուշադրութիւնը կը գրաւէի փողոցին մէջ վերարկուներու տակ կորսուած, բարակ, նիհար տղայ մը, – հիշում է Դինքը, – բայց այդ պահուն բոլորէն ալ գէր… Օր մը Փրկիչս (Օննիկ Ֆըչըջյան) զիս ազատեց… Հօրս հրահանգեց որ զիս իր մօտ տանէր, դպրոց արձանագրելու համար» : Օննիկ Ֆըչըջյանը Բեզջիյանի միջնակարգ (բարձրագույն նախակրթարան) դպրոցի երջանկահիշատակ տնօրենն էր: Եթե չլիներ նա, ապա Դինքի կյանքը, ինչպես ինքն է գրում, «աղտոտութեան և դժբախտութեան մէջ պիտի ընթանար », քանի որ նրա պահանջով է, որ Դինքը շարունակել է իր ուսումը. ավարտելով նախակրթարանը` նա սովորում է Բեզջիյանի միջնակարգ (բարձրագույն նախակրթարան) դպրոցում : Այդտեղ ուսանելու տարիները նրա համար եղան բնատուր ձիրքերի հասունացման ու ստեղծագործական մտքի կազմավորման արգասավոր մի շրջան. կրթության պակասը լրացվում է ընթերցանությամբ: Նրա գրական նախափորձը մայրերի օրվան նվիրված բանաստեղծությունն էր, որի համար նա 2.500 լիրա մրցանակ էր ստացել :

Օննիկ Ֆըչըջյանի բարեբախտ ազդեցությամբ Հ. Դինքին հնարավորություն է տրվում կրթելու հրապարակախոս-քննադատի իր միտքն ու գեղագետի ճաշակը. այդ տարիներին նա թղթակցում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթին: Երիտասարդ Դինքի գրական դաստիարակության գործում պակաս կարևոր դեր չի կատարել նախակրթարանի ֆրանսերենի ուսուցչուհի Աիդա Թանիքյանը: Վերջինիս տանը հարուստ գրադարան կար: Հրանտը հաճախ էր հյուրընկալվում նրան` գրքերից օգտվելու : Դինքը պատանեկության տարիներին նաև զբաղվել է ֆուտբոլով. խաղացել է և´ Զարասփորում (Գումգափուում հայկական մարզական ակումբ), ուր ստացել է վկայական, և´ Թաքսիմսփորում, այնուհետև` Գալաթասարայի երիտասարդաց թիմում: Սակայն ուսման հետ չհասցնելով համատեղել` թողել է ֆուտբոլը:

Միջնակարգ կրթությունը Բեզջիյանում ստանալով` Հ. Դինքը ուսումը շարունակում է Սուրբ Խաչ Դպրեվանքում, այնուհետև ավարտում է Շիշլիի լիցեյը: Ապա ավարտելով Ստամբուլի բնական գիտությունների ֆակուլտետի կենդանաբանության բաժինը` ստանում է նաև փիլիսոփայական կրթություն և հանուն ձախակողմյան քաղաքական պայքարի՝ հրաժարվում է կենսափիլիսոփայության ամբիոնի հետ կապված երազանքներից : Նա Թուրքիայի մեջ ծավալվող ձախակողմյան քաղաքականության մեջ գործուն պայքար էր մղում: Հայկական համայնքը հայտնի դժվարություններից հեռու պահելու և պաշտպանելու նպատակով Դինքը և Դպրեվանքի իր երեք ընկերները հայկական ծագումը թաքցնելու համար դատարանի որոշմամբ փոխում են իրենց անունները , և Հրանտը Ֆըրաթ անունն է ընտրում:
1970-1980 թթ. Ստամբուլում տարածված կարծիքի համաձայն` Դպրեվանքը վերածվել էր «կոմունիստական օջախի»: Հրանտ Դինքի` Դպրեվանքի եղբայրներից (ահպարիկ) Օրհան (Արմենակ) Բաքըրը TIKKO-ի առաջնորդներից էր, իսկ Դինքն ու նա մտերիմ ընկերներ էին: Երկրում տիրող քաղաքական պայմանները խորապես գիտակցելով` Դինքը մի կողմ է դնում խաղաղ կյանքը և նետվում հասարակական գործունեության հորձանուտը: Այս տարիներին, երբ նա ընդամենը 18 տարեկան էր, նրան շրջապատում «խենթ» էին կոչում, քանի որ քաջ, խիզախ, պոռթկուն, նվիրյալ, անհանգիստ և եռանդուն, ամեն խնդրի համար առաջինը նետվող պատանի էր: «Հրանտը ծայրահեղության դիմող, խելագար, խենթ մարդ էր: Մի քաղաքական բանավեճից հետո «խենթ» բառը բերանիցս դուրս է թռչում, և ես նրան ի սկզբանե «խենթ» անվանակոչեցի»,- հիշում է գրող Մասիս Քյուրքչյուգիլը :

Թեև Հ. Դինքը ծավալում էր հասարակական ակտիվ գործունեություն, սակայն դա չի խանգարում, որ նա այդ տարիներին դրսևորի իր ռոմանտիկ խառնվածքը Հրանտ և Ռաքել սիրո բարձրակետում:
Ռաքել Յաղբասանը (Էրմենի) Հայկական Վարդո աշիրեթի (ցեղախումբ) ցեղապետ Սիամենթ Յաղբասանի դուստրն է: Ծնվել է 1959 թվականին: Սիամենթ և Դելալ Յաղբասանների 13 երեխաներից մեկն էր: Նա 8 տարեկան էր, երբ մայրը մահանում է, և վերջիններս դժվարին վիճակում են հայտնվում:
«1968 թվականն էր… Ստամբուլից մեր գյուղ են գալիս Հրանտ Գյուզելյան քահանան, Տեր Կիրակոսը և Օրհան Յունքեսը… Մի քանի օր մնում են գյուղում»,-նշում է Ռաքել Դինքը :

Հրանտ Գյուզելյան քահանան այցելում է ցեղապետ Սիյամենթ Յաղբասանին. տասնամյակներ հետո Վարդո ցեղախմբի գոյության փաստը հայտնի էր դարձել Ստամբուլի հայկական համայնքում: Երկար ընդմիջումից հետո սա վերապրած հայերի առաջին հանդիպումն է լինում հայ հոգևորականի հետ: Նրա այցի շնորհիվ հայկական ցեղախումբը տեղեկացել է, որ Թուրքիայում, իրենցից բացի դեռ քրիստոնյա հայեր կան: Քահանա Գյուզելյանը ցեղապետին առաջարկում է աշիրեթի երեխաներին Ստամբուլ ուղարկել` հայ-քրիստոնեական կրթություն ստանալու: Ցեղապետ Յաղբասանը, օրինակ ծառայելով իր մյուս ցեղակիցներին, համաձայնվում է Ստամբուլ ուղարկել իր 9-ամյա աղջկան : Ցեղախմբի մյուս անդամներն ևս, օրինակ վերցնելով, քրդախոս շուրջ 25 երեխայի ուղարկում են Թուզլայի հայկական որբանոց-ճամբար:

«Ընտանիքիցս, գյուղիցս բաժանվելով` Ստամբուլ ենք գնում…Որոշ ժամանակ Թուզլայում ենք մնում…Առաջին անգամ այստեղ ենք սկսում հայերեն սովորել… Հետո տեղափոխվում ենք Ժողովարան, այնուհետև տարեկեսից նախակրթարան ենք սկսում հաճախել »,- նշում է Ռաքել Դինքը: Դպրոցին կից հարկաբաժնում բնակարան էր տրամադրվել աղջիկների համար: Աղջիկ երեխաների պատասխանատուն Իսկուհի Հեթումյանն էր (երեխաները նրան Իսկուհի մորաքույր էին կոչում), ով Ռաքելին իր խումբ է վերցնում: Նրանց խմբին «մորաքույրուն քըզլարը» (morakuyr’un kızları/մորաքրոջ աղջիկներ) էին անվանում: Ռաքել Դինքը նրանցից մեկն էր : Այնուհետև, երբ Ռաքելը Բալաթայում գտնվող հայկական դպրոցում էր սովորում, Հ. Դինքն այդ ընթացքում դպրոցի պատանիների հսկիչն էր: Նա արտակարգ երաժշտական լսողություն ուներ. շատ էր սիրում և´ դաշնամուր, և´ սազ նվագել: Մի օր Հ. Դինքը Ռաքելի փաստաթղթային նկարներից մեկն ինչ-որ կերպով գտել և մեծացրել էր և փոքր-ինչ գինովցած` սկսել էր սազ նվագել: Այսպես սկսվում է նրանց սիրո պատմությունը: Նրան սկսում են կոչել ջութակ (ջութակի պես բարձրահասակ և վայելուչ էր), իսկ կնոջը` դաշնամուր (ցածրահասակ և գեղեցկադեմ է) :

Անգամ Ստամբուլ տեղափոխվելուց հետո այստեղ ևս ցեղախմբի անդամները պահպանում են ներցեղային սովորույթները, այդ թվում` ներքին ամուսնությունները: Սա արտահայտվել է այն ժամանակ, երբ Դինքը ցանկություն է հայտնել ամուսնանալու Ռաքելի հետ, ում ճանաչել է դեռևս մանկատնից: Վարդո ցեղախմբի երիտասարդները սպառնում են Դինքին և պահանջում հրաժարվել այդ մտքից: Հարցը կարգավորվում է միայն Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանի միջամտությամբ: Նա անձամբ է ցեղապետ Սիյամենթից աղջկա ձեռքը խնդրում, և կրոնասեր հայը չի կարողանում մերժել բարձրաստիճան հոգևորականին :
1975 թ. փետրվարին Ֆերիքյոյում տեղի է ունենում Հրանտ և Ռաքել Դինքերի նշանադրությունը: Նրանց նշանը կատարում է կաթոլիկ հոգևորական Հակոբ Մինասյանը : Վերջապես 1977 ապրիլի 23-ին Նարլըգափուի հայկական եկեղեցում տեղի է ունենում նրանց ամուսնության արարողակարգը, և ողջ ընտանիքով տեղափոխվում են Ֆերիքյոյ` Դինքի հոր տանը բնակվելու : Նրանք երկու դուստր և մեկ որդի են ունենում` Պայծառ (Դելալ), Արարատ (Արատ) և Սերա:

1978 Փանգալթըում` Բարութհանե պողոտայի անկյունում, եղբայրներով գրախանութ են բացում: Սկզբում գրախանութը կոչվում էր «Մարալ Քըրթասիյե» : Այնուհետև խանութի վայրը փոխվում է: Բաքըրքյոյում Դպրեվանքի ընկերներով գրախանութ են բացում, որն անվանակոչվում է «Բեյազ Ադամ» («Beyaz Adam»/ ճերմակ մարդ):
1980-ականներին Հ. Դինքը նոր հորիզոններ հղացող արտահայտություններով հասարակության ուշադրությունը գրավում է «Յենի Յուզյըլ», «Զաման» և «Բիր Գյուն» թերթերում սյունակ զբաղեցնելով: 1990-ական թվականներին Դինքը` Ջութակ ծածկանվամբ, Կ. Պոլսի «Մարմարա» օրաթերթում` «Նոր գրքեր» ընդհանուր խորագրի ներքո, ներկայացրել և լուսաբանել է թուրքահայ համայնքից դուրս լույս տեսնող բոլոր այն նոր գրքերը, որոնք անդրադարձել են Հայկական հարցին, քանի որ «Հայկական Հարցը թուրք հրատարակչական մարզէ ներս այդքան ալ ձեռք առնուած ու քննարկուած հարց մը չէր եղած եւ «թապու» մը ըլլալով տեսնուած էր անընդհատ »:
1996 թ. Հ. Դինքը և իր համախոհ ընկերները հիմնադրում են «Ակօս» երկլեզու (հայերեն-թուրքերեն, որը Պոլսի մեջ նմանատիպ առաջին շաբաթաթերթն էր) պարբերականը: Այն Դինքի և իր ընկերների կողմից ի սկզբանե հրապարակ իջավ «որպես անխուսափելի ձայն համատարած լռության մեջ »:

Սակայն, ինչպես կասեր Արփիար Արփիարյանը, Թուրքիայում խմբագիրը պետք է լարախաղացի ճարպկություն ունենա, հակառակ դեպքում կսայթաքի և կջախջախվի: Թուրքական օրենսգրքի 301 (թուրքականությունն անարգող) հոդվածով երեք անգամ քրեական գործ է հարուցվում Դինքի դեմ. «Տինք, Թրքահայերու ապրած լռութեան եւ վախի պատին վրայ ծակ մը բացած ըլլալուն համար վերջին ամիսներուն ընթացքին երեք անգամ «Թրքութիւնը անարգելու» համար ամբաստութեամբ իր դէմ դատ բացուեցաւ» : Դեռևս 1980 – ականներին համալսարանական տարիներին ձախակողմյան հատվածի շարժումներին մասնակից լինելու համար նա երեք անգամ հսկողության տակ է առնվել, ամիսներով բանտում մնացել և երկար տարիներ (25 տարի ) չի կարողացել անցագիր վերցնել: Ինչպես նաև քանիցս նրա դեմ դատեր են հարուցվել այլևայլ առիթներով: Արդյունքում նա վախվորած աղավնու հոգեվիճակում է հայտնվում: «Այո’, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում (իմա` Թուրքիա) մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս », – նշում է Հ. Դինքը: Սակայն իր «կարապի երգը» եղավ այս վերջին ու մեծագույն սխալ համարվող համոզումը, որ Թուրքիայում մարդիկ վնաս չեն տալիս աղավնիներին . ահա Հրանտ Դինքը ընկած է խմբագրատան առջև՝ «այն շատ վտանգաւոր ուղեղէն զարնուած կաշկանդուած խաղաղութեան աղունիկի մը պէս»: Ոճրագործ ստորին ուժերը, ինչպես Սարգիս Սերովբյանն է նկատում, խփեցին, բայց չմտածեցին, որ նա առասպել պիտի դառնար, իսկ առասպելները չեն մեռնում : 2007թ. հունվարի 19-ին խմբագրատան առջև Հրանտ Դինքը թիկունքից երեք անգամ կրակոցով սպանվում է 17-ամյա Օգյուն Սամաստի կողմից: Չխորանալով առանձին ուսումնասիրություն պահանջող խնդրի մեջ` նշենք այն, որ դատավարությունը դեռ շարունակվում է, և այն տակավին չի բացահայտել իրական պատվիրատուներին. «Ողբերգութիւնը աւարտուեց, սակայն կատակերգութիւնը շարունակւում է» : Եվ փոխանակ Սամաստին դատապարտող դատավորների պես լինելուն, մարդկությունը թող ձգտի Հրանտ Դինքի պես նահատակ լինի, կյանքի դատապարտյալ:
Աղավնու պես երկչոտ, բայց արծվի պես հպարտ և խրոխտ գնաց Հրանտ Դինքը :

Ծանոթագրություններ

1. Tuba Çandar, Hrant, İstanbul, Everest yayinları, 2010, s. 29.
2. Հովհաննես (Օհաննես) Դինքը ծագումով Գյուրունից էր: Ընտանիքում ավագն էր: Մալաթիայի կիրթ, ուսյալ և հարգարժան հայերից էր, ում տանը միայն հայերեն էին խոսում. Սեբաստիայի Քանգալում, ուր նրանք բնակվում էին մինչ Մալաթիա տեղափոխվելը, շուրջբոլորը քրդեր էին, փողոցում քրդերեն, իսկ տանը թուրքերեն էին խոսում, այսինքն` մեծավմասամբ հայերենին չէին տիրապետում (Այս մասին ավելի մանրամասն տե’ս Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 24-28):
3. Լուսիե Չաքըրը Մալաթիայի և Սեբաստիայի միջև ընկած Գյուրունում արհեստագործությամբ զբաղվող, հինգ երեխաների հայր, ազգությամբ հայ Մանուել Աշոտյան էֆենդիի դուստրն էր: Հոր միակ աղջիկն էր. հայրը նրան Ահչիգ (Աղջիկ) էր կոչում: Սեբաստիայի Քանգալի մանկատան հայ աղջիկներից մեկն էր. 1915 թ. Հայոց ցեղասպանության տարիներին հայկական քարավաններից ընտրված և մանկատուն հանձնված մանկահասակ աղջնակներից էր: «Թուրքին գնալ չցանկանալով»` Լուսիեն ամուսնացել է էրզրումցի Անդրանիկի (Անդո) հետ (Այս մասին ավելի մանրամասն տե’ս Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 23-24):
4. «Terzi Haşim’in oğlu Fırat», Aksiyon, 22 Şubat 2007:
5. «Իբրեւ «Հուր» եւ «Եռանդ» ըլլալով, որպէս հուր (կրակ) եւ եռանդ (կենսունակութիւն, խոյանք) իմաստով», – գրում է «Ակօս» – ը (թիվ 575, 6 ապրիլ 2007):
6. Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 29-30:
* Սիրանուշ Չաքըրը (Սիրանուշ Յաշգյուչլյուքալ) Հրանտ Դինքի մորաքույրն է, սակայն երեխաները նրան հորաքույր են կոչում (Տե’ս Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 25):
7. Տե’ս «Sırtlayıp getirenlere», Agos, 18 Ekim 1996:
8. Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 38-40:
9. «Kaybolmayın çocuklar», Agos, 8 Kasım 1996:
* Ժողովարանը հիմնականում Անատոլիայից բերված անտուն հայ երեխաների ապաստան-գիշերօթիկ դպրոց էր, որտեղ նրանք բողոքական կրթություն և դաստիարակություն էին ստանում, թեև կրոնական պաշտամունքը այդքան էլ խիստ չէր կարգադրվում: Մեծ ծիսակարգեր չէին կատարվում, սակայն տնօրենը խիստ վերահսկում էր, որ Ժողովարանի ներսում խոսեն միայն հայերեն` իրենց մայրենի լեզուն չմոռանալու համար (Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 42-46:): Ժողովարանը մանկատնից առավել կարելի է «մանկանց բույն» անվանել, ինչպես ինքը Դինքն է ասում: Այն անտուն հայ երեխաներին ապաստան տալու, մեկ վայրում ժողովվելու և կրթություն տալու վայր էր (Տե’ս «Meleklerin müjdesi», Agos, 13 Nisan 2001): Բարերարները և բարեգործական կազմակերպությունները անսակարկ նեցուկ էին կանգնում պատանեկան այս տուն-դպրոցին: Եվ բարերաների հետ կապված հիշողությունները վառ ու գունավոր էին Հրանտ Դինքի համար: «Մանկությունս անցկացրած Գետիկփաշայի մանկանց բույնի մեջ ամենանշանավոր, ամենակարևոր և երբեք չմոռացվող հիշողություններից մեկը, – հիշում է Դինքը, – Ամերիկայից ինձ հետ մոտիկից ծանոթանալու և ինձ այցելության եկած բարերար ընտանիքի հետ Ստամբուլ կատարած զբոսանքն էր» (Տե’ս «Kafadan atıyorum», Agos, 12 Aralık 1997):
10. «Ակօս», Ստամբուլ, թիվ 8, 19 ապրիլ 1996:
11. Նույն տեղում:
12. http://www.hurriyet.com.tr/pazar/5850528.asp
13. Tuba Çandar, Hrant, İstanbul, 2010, s. 75:
* Աիդա Թանիքյանը Տիրան Բաքարի («Ակօսի» հիմնադիրներից, իրավաբան) նախկին կինն էր:
14. Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 81-84:
15. http://www.hurriyet.com.tr/pazar/5850528.asp
16.http://web.archive.org/web/20070927203957/http://www7.vatanim.com.tr/root.vatan?exec=yazardetay&tarih=&Newsid=61569&Categoryid=4&wid=94 (Այդ մասին ավելի մանրամասն տե’ս «Tıbrevank için…», Agos, 8 Mayıs 1998, «Tıbrevanklılık ruhu», Agos, 29 Kasım 1996, «Tıbrevank’ın sol yanı», Agos, 8 Ağustos 2003):
* Ֆըրաթը Յըլմազ Գյունեյ կինոռեժիսորի թուրքական «Հուսալքվածները» ֆիլմի գլխավոր հերոսն էր, ում անունն էլ ընտրում է Դինքը (Tuba Çandar, Hrant, Istanbul, 2010, s. 106):
* «Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրության բանակ», որը ձախ ծայրահեղական կազմակերպություն է:
* «Հայ մեծանուն վիպասան Րաֆֆու «Խենթը» պատմավեպի գլխավոր հերոսին էր նա մեզ հիշեցնում»,-նշում է Սարգիս Սերովբյանը (Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 185):
17. Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 105:
* Ռաքել Դինքի մոր մահից հետո Սիյամենթ Յաղբասանը երկրորդ անգամ ամուսնանում է հանգուցյալ կնոջ մորեղբոր դուստր Բեդրո Յաղբասանի հետ (Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 128):
*Ուրֆացի բժիշկ (http://www.dnforum.am/showthread.php/5632-Պոլսոյ-Պատանեկան-Տունը):
18. Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 125:
19. «Կինս աղա Սիյապէնտին խըջէն (աղջիկ) է: Ան իր հօտէն գողցուած քանի մը գառնուկներէն մեկը եղաւ, որ մնաց Եւրոպա գաղթած իր պարագաներէն քիչ մը հեռու: Խօսքը մեր մէջ, լաւ որ գողցեր եմ այդ գառնուկը», – գրում է Դինքը (Տե’ս «Մարմարա», Ստամբուլ, 18 մարտ 1994):
20. Թեև ցեղախումբը քրդական միջավայրում պահում էր իր էթնիկ գիտակցությունը, սակայն քրդերեն են աղոթել, քրդերեն են խոսել (Տե’ս Akar R., Cudili Rakelin masalı, Tempo, 25.01.2007, էջ 7): «Քրդերեն էինք խոսում, սակայն գիտեինք, որ քուրդ չենք», – նշում է Ռաքել Դինքը (Տե’ս Tuba Çandar, Hrant, Istanbul, 2010, էջ 121):
21. Tuba Çandar, նշվ. աշխ., էջ էջ 63:
22. Նույն տեղում, էջ 63-64:
* Հ. Դինքը երգել շատ էր սիրում. հատկապես սիրում էր կատարել «Սարը գելին» երգը:
23. Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 142, 144-146:
*Մանկատան երեխաներն ամառներն անցկացնում էին Թուզլա Քամփում (ճամբար): Այստեղ երեխաները «և´ աշխատում էին մեղվի պես, և´ խաղում» (http://www.istanbulermenivakiflari.org/tr/istanbul-ermeni-vakiflari/el-koyma-hikayeleri/yok-edilen-atlantis-uygarligi-tuzla-ermeni-cocuk-kampi/88): Առաջին խումբը, որ ժամանել էր ճամբար, 8-10 տարեկան երեխաներից հավաքված 20 հոգանոց խումբն էր, որոնց մեջ էր նաև Հրանտ Դինքը («Aşk olsun», Agos, 5 Temmuz 1996): Ճամբարում նա շուրջ 20 երկար ու խնամյալ տարիների աշխատանք է տարել: Այն շրջադարձել է նրա ողջ կյանքը. այստեղ է ծանոթացել իր կնոջ` Ռաքելի հետ: Միասին մեծացել են այստեղ, այնուհետև ամուսնացել… Երեխաներն այստեղ են ծնվել («İsyanımın pike uçuşları», Agos, 13 Ağustos 1999): Հետագայում կնոջ հետ ստանձնել են Թուզլայի Մանկանց Քամփի վարչությունը և մեծ թվով հայ մանկանց (1500) խնամակալությունը: Թուզլայի Քամփի մեջ «հայ մարտիկներ մարզելու», բանակումի վայր ձևավորելու մեղադրանքով պետությունը 1983 թ. ճամբարը վերցրել է իր վերահսկողության տակ` կալվածաթուղթը հանձնելով նախկին տիրոջը: Քրիստոնյա երեխաների ֆոնդը դադարեցրել է իր օժանդակությունը: Դինքը քաղաքական տեսակետների պատճառով երեք անգամ հարցաքննվել և բանտարկվել է (http://www.hrantdink.org/?HrantDink=10&Lang=tr&Home&Lang=ar): «Անադոլուի կանաչ դաշտերուն մէջ անմեղութեամբ իրարու հետ խաղացող հայ եւ թուրք տղաքը իրարէ բաժնելու», ԱՍԱԼԱ-ի շարքերը համալրելու մեղադրանքով ավարտվել է «Ատլանտիդյան քաղաքակրթությունը» (http://www.dnforum.am/showthread.php/5632-Պոլսոյ-Պատանեկան-Տունը):
24. Տե’ս Մելքոնյան Ռ., Իսլամացված հայերի խնդիրների շուրջ, Եր., 2009, էջ 47-48:
25. Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 151-153:
26. Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 155-159:
* Հրանտ և Ռաքել Դինքերն իրենց երեխաներին անվանակոչում են հայկական անուններով, սակայն հայտնի պատճառներով, երեխաների իսկ ապահովության համար, անունները փոխվում են. Պայծառը (Հ. Դինքի հորական տատի անունով) դառնում է Դելալ (Ռաքել Դինքի մոր անունը, որը քրդական անուն էր), իսկ Սերային Սուրբ Գրքի Սառա անունով են կոչում, Արարատն էլ կրճատվելով դառնում է Արատ (Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 258, 264):
27. Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 162-163:
* Հ. Դինքն իր ընկեր Էդուարդ (Թոմո) Թոմասյանի խորհրդով գրախանութն անվանում է «բեյազ ադամ» (ճերմակ մարդ). այդպես էին կոչում Նշան Էքմեքչյանին, ում օժանդակությունը գրախանութին մեծ էր (Tuba Çandar, նշվ. աշխ., էջ 168):
28. Այս նույն առաքելությամբ հետագա տարիներին Ջութակը «Ակօս»-ում սյունակ է զբաղեցնում` «Ջութակեն նոթագրություններ» խորագրի ներքո. «Այս գիրքերուն մասին ատեն-ատեն ծանօթագրութիւններ ընել սկսած էինք անցեալ երկու տարիներու ընթացքին «Մարմարա» օրաթերթին մէջ: Այդ աշխատութիւնները աւելի շատ նոր հրատարակուած գիրքերու մասին էին: Աշխատանքը պիտի շարունակենք «Ակօս» շաբաթաթերթով, ուր պիտի ջանանք աւելի սիսթեմատիկ աշխատանք մը տանիլ եւ հետաքրքրուողներուն համար արխիւ մը պատրաստել: Ուրեմն, հաւանաբար, ժամանակ առ ժամանակ մեր այս յօդուածաշարքին մէջ պիտի տեղադրենք նաեւ աւել առաջ Ջութակ ծածկանունով լոյս տեսած գիրքերու ծանօթագրութինները եւս: Մեր յօդուածաշարքին այս պատճառաւ տուինք «Ջութակէն նօթագրութիններ» անունը»( Տե’ս «Ակօս», թիվ 22, 30 օգոստոս 1996):
29. «Մարմարա», 12 նոյեմբեր 1993:
30. «Ակօս», թիվ 22, 30 օգոստոս 1996:
31. Չենգիզ Աքթար, Կոչ ներումի, Եր., 2011, էջ 15:
32. Առաջինը «Թուրքականությունը վիրավորելու» համար վեց ամիս բանտարկության դատապարտության վճիռն է կայացվել, սակայն պատիժը հետաձգվել է: Հաջորդը իր գրություններից մեկում «թունավորված արյուն» արտահայտությունը օգտագործվելու համար է դատական գործ հարուցվել, բանտարկության է դատապարտվել, սակայն սա ևս հետաձգվել է: Այնուհետև մեկ այլ գրության մեջ «Թուրքական արդարությունն ազդեցության տակ առնելու» ամբաստությամբ է դատ բացվել («Ակօս», թիվ 529, 19 մայիս 2006, տե՛ս նաև թիվ 538, 21 հուլիս 2006 ):
33. «Ակօս», թիվ 529, 19 մայիս 2006:

34. Տե՛ս «Ակօս», թիվ 498, 14 հոկտեմբեր 2005:
35. «Ruh halimin güvercin tedirginliği», Agos, 10 Ocak 2007:
36. Աղավնին անմեղության, մաքրության և բարության խորհրդանիշ է, սակայն Լիբանանում կա «Թիր օ փիժօն» հասկացություն: Ձիարձակարանի նման մի վայրում հավաքված և շրջան կազմած մարդիկ, օդ արձակված աղավնիներին կրակելով, գրավ և բախտախաղ էին անում: Իսկ շրջան կազմած մարդկանցից շատերը սպասելով, որ աղավնին վայր ընկնի, բզկտում և իրար ձեռքից փախցնում են: Ահա Հրանտ Դինքն էլ այդ աղավնիների բախտտակիցը դարձավ (Տե’ս «Ակօս», թիվ 565, 26 հունվար 2007):
37. Տե՛ս «Ակօս», թիվ 565, 26 հունվար 2007:
38. «Ակօս», թիվ 570, 2 մարտ 2007:
39. Տե’ս «Ակօս», թիվ 565, 26 հունվար 2007:

Աղբյուր՝  Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ