Թուրքիա. նոյեմբեր ամսվա տեսություն. Հայկ Գաբրիելյան

Թուրքիա, ԻՊ

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Արտաքին քաղաքական

Թուրքիա-Ռուսաստան. 2015թ. նոյեմբերին խիստ սրվեցին Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները՝ կապված նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների կողմից Սիրիայի հետ սահմանին Ռուսաստանին պատկանող Су-24 ռմբակոծիչը կործանելու հետ։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ 5 րոպեի ընթացքում իրենք 10 անգամ զգուշացրել են ռուսական ինքնաթիռին, սակայն վերջինս անտեսել է զգուշացումները, ինչի համար էլ խոցվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը։

Միջադեպից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե իրենք «չեն իմացել», որ ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին, քանի որ այդ տարածքում գործում են նաև Սիրիայի ռազմաօդային ուժերը, և եթե դա իմանային նախապես, ապա կվարվեին այլ կերպ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, բացառել է դա։ Թուրքիայի իշխանությունների այդ «անիրազեկվածության» մասով պետք է նշել հետևյալը. Ռուսաստանին պատկանող ինքնաթիռի խոցումից բառացիորեն օրեր առաջ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ. դժգոհություն էր հայտնվել ռուսական ավիացիայի կողմից Սիրիայի թուրքմենների բնակավայրերը ռմբակոծելու համար և պահանջվել էր անհապաղ վերջ դնել այդ գործողություններին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կլինեն լուրջ հետևանքներ։ Ուրեմն, դրանից օրեր առաջ թուրքական կողմը կարողացել է զանազանել, թե այդ տարածքում որ երկրի (Ռուսաստան, Սիրիա) ավիացիան է գործում։ Իսկ ինչո՞ւ Թուրքիան գնաց ինքնաթիռի խոցման քայլին.

1. Հոկտեմբերին Թուրքիան երկու անգամ հայտարարեց, թե Ռուսաստանին պատկանող ինքնաթիռները հատել են իր օդային տիրույթը՝ ցանկանալով այդպիսով ցուցադրել, որ պատրաստ չէ լռելյայն տանել այդ ամենը։ Նման դեպքերը բացասաբար են ազդում Թուրքիայի իշխանությունների հեղինակության վրա ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս։

2. Ինքնաթիռի խոցման հարցում մեծ կարևորություն ունի Վ.Պուտինից Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հիասթափությունը՝ կապված սեպտեմբերի 30-ին Սիրիայում ռուսական ռազմական գործողության մեկնարկի հետ։ Դրանից առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Պուտինը կարծես թե նախկինի նման չի աջակցում Սիրիայի նախագահ Բ.Ասադին, և որ Մոսկվայի վերջին հայտարարությունները շոկի մեջ են գցել իրեն (Էրդողանն իրեն խաբված է զգում Վ.Պուտինից)։

3. Սիրիայում ռուսական ռազմական գործողության մեկնարկը խառնեց Բաշար Ասադի վարչակարգի մոտալուտ տապալման հույսեր փայփայող Թուրքիայի խաղաթղթերը։ Ռուսական ավիացիայի գործուն աջակցությամբ Ասադի զորքերը սկսել են նորանոր տարածքներ ազատագրել, և ըստ էության՝ Թուրքիայում կորցրել են ռազմական ճանապարհով Ասադին տապալելու հույսը, ինչին Թուրքիան ձգտել է սիրիական հակամարտության ողջ ընթացքում՝ բացառությամբ առաջին մի քանի ամիսների։

4. Հոկտեմբերի 30-ին Սինայի թերակղզում ռուսական A321 մարդատար օդանավի, նոյեմբերի 13-ին՝ Փարիզի ահաբեկչություններից հետո տարբեր երկրներ խստացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ավիահարվածները, և ԻՊ-ը սկսել է ցամաքում զիջել դիրքերը Սիրիայում ու Իրաքում։ Մինչդեռ Թուրքիան մեծ դեր է ունեցել և ունի այդ երկրներում ԻՊ-ի ունեցած հաջողություններում։ Թուրքիայում հասկացել են, որ ձախողվել է ԻՊ-ի միջոցով Սիրիայի քրդերի ինքնավարության հարցի լուծումը, և ամեն գնով կառչում են Սիրիայում իրենց վերջին հենարան թուրքմեններից։ Նրանք ցանկացել են յուրօրինակ թռիչքազերծ գոտի ստեղծել թուրքմենների համար՝ պաշտպանելով ռուսական ռմբակոծություններից։

5. Թուրքիային վերջին շրջանում զայրացնում է Ռուսաստանի և Սիրիայի քրդերի միջև համագործակցությունը։ Հոկտեմբերին Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոք էին հայտնել Ռուսաստանի կողմից Սիրիայի քրդերին աջակցելու համար։ Հոկտեմբերի երկրորդ կեսին Մոսկվա էր մեկնել Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) պատվիրակությունը՝ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու համար։ Էրդողանն այս առիթով հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և կոչ էր արել գործ չբռնել PYD-ի, ինչպես նաև Ասադի հետ՝ զգուշացնելով, որ իրենք PYD-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն, և նրա հետ գործ բռնելը կնշանակի Թուրքիայի հանդեպ թշնամական դիրքորոշում։

6. Սիրիայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեց սիրիական ընդդիմությանը ռազմական կրթություն տալու և սպառազինելու ծրագիրը, որն իրականացվում էր նաև Թուրքիայի տարածքում։ Վերջինը որոշակի հույսեր էր կապում այդ ծրագրի հետ՝ դրա շրջանակներում Սիրիայի թուրքմեններին հզորացնելու համար։ Բացի այդ, ԱՄՆ-ը այդ ծրագրից հրաժարվելուց հետո անցում է կատարել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերին, այդ թվում նաև Սիրիայի քրդերին զենք և զինամթերք մատակարարելուն, որը հարուցել է Թուրքիայի դժգոհությունը և անգամ ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելուն։ Այս երկրի իշխանությունները սկսել են ավելի լավ գիտակցել, որ իրենց սիրիական քաղաքականությունը լրջորեն ձախողվել է, մասնավորապես՝ երկու կարևոր խնդիրներում (Սիրիայի քրդերի ինքնավարության կանխում և Բաշար Ասադի գահընկեցություն)։

7. Նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ) հնարավորություն տվեցին վերստին ձևավորել միակուսակցական կառավարություն, մեծ վստահություն են հաղորդել Թուրքիայի նախագահին, ինչն արտացոլվում է և դեռ կարտացոլվի Թուրքիայի թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական ոլորտներում։

8. Պետք է հաշվի առնել նաև այն, որ Ռուսաստանը սկսել է Իրանին արդիականացված C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը, որոնց մասին Թուրքիան միայն կարող է երազել։ Այն ներկայում տանուլ է տալիս տարածաշրջանային մրցակցությունն Իրանին, և վերջինիս հնարավորությունների ընդլայնումը չի կարող չհարուցել նրա դժգոհությունը (նոյեմբերի կեսերին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մեհդի Ռաբանին հայտարարեց, թե Իրանի պաշտպանական գծի խորությունը հասել է մինչև Միջերկրական ծով)։

9. Ինչպես արտահայտվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ռուսական ինքնաթիռը խոցվել է այն բանից հետո, երբ Սիրիայում ռուսական ավիացիան ոչնչացրել է ԻՊ նավթային ենթակառուցվածքները։ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին էլ հայտարարել է, թե ԻՊ-ից ողջ նավթը գնում է Թուրքիայի նախագահի որդուն՝ Բիլալ Էրդողանին պատկանող նավթային ընկերությունը։ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայի նորաստեղծ կառավարությունում էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցրել է Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը։ Դրա հետ կապված՝ թուրքական մամուլում հրապարակումներ եղան, որ Թուրքիայի վարչապետ, ԱԶԿ նախագահ Ահմեթ Դավութօղլուն ցանկացել է այդ պաշտոնին վերադարձնել Թաներ Յըլդըզին, սակայն Էրդողանը դեմ է եղել՝ պնդելով փեսայի թեկնածությունը։

10. Վերջապես, կարելի է հիշել 2012թ. հունիսի 22-ին Սիրիայի զինված ուժերի կողմից Թուրքիայի ռազմաօդային ուժերի RF-4E Phantomտիպի ինքնաթիռի խոցումը Լաթաքիայի մոտ։ Ուշագրավ է, որ միջադեպը գրանցվել էր Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում, իսկ ռուսական Су-24-ի միջադեպը տեղի էր ունեցել Սամանդաղի հարևան Յայլադաղ շրջանում։ Այն ժամանակ թուրքական մամուլը գրել էր, որ թուրքական ինքնաթիռը կործանել են Սիրիայում գտնվող ռուսական բազայից արձակված հրթիռով։ Ներկայում RF-4E Phantom-ի կործանման հետևանքով զոհված օդաչուներից Գյոքհան Էրթանի հայր Ալի Էրթանը ողջունել է Су-24-ի խոցումը՝ հայտարարելով, որ RF-4E Phantom-ի միջադեպից ավելի քան 3 տարի անց Թուրքիայի կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել։ Ի դեպ, միջադեպից հետո Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին հիշեցրել է 2012թ. RF-4E Phantom-ի միջադեպից հետո այդ երկրի վարչապետ Էրդողանի այն հայտարարությունը, թե օդային տարածքի կարճատև խախտումը չի կարող ուժի կիրառման պատրվակ ծառայել։

Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո թուրքական մամուլը գրեց, որ 2013թ. սկսած (RF-4E Phantom-ի կործանումից հետո)՝ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կործանում է արդեն 5-րդ ավիամիջոցը, որոնցից վերջինը ռուսական Су-24 ինքնաթիռն է։ 2013թ. սեպտեմբերի 16-ին Թուրքիան կործանել է Սիրիայի ուղղաթիռ, 2014թ. մարտի 23-ին՝ Սիրիային պատկանող «ՄիԳ-23» ինքնաթիռ (երկու դեպքն էլ՝ Յայլադաղի շրջանում), 2015թ. մայիսի 16-ին՝ Սիրիային պատկանող ուղղաթիռ (Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում), 2015թ. հոկտեմբերի 16-ին՝ անհայտ պատկանելության անօդաչու թռչող սարք (Հաթային սահմանակից Քիլիսի նահանգ)։

Այսպիսով, ինչպես հայտարարել է Դմիտրի Պեսկովը, Թուրքիան աննախադեպ մարտահրավեր է նետել Ռուսաստանին, և իրենց արձագանքն էլ կլինի համարժեք։ Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո թուրքական Cumhuriyet թերթը գրել էր, որ Թուրքիայի արարքն աննախադեպ է ՆԱՏՕ 66-ամյա պատմության մեջ, և որ նրա անդամ երկրներից որևէ մեկը ցայժմ չի կործանել ու պաշտոնապես չի հայտարարել այդ մասին։ Ռուս-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակը որոշակիորեն հիշեցնում է «Մավի Մարմարայի» միջադեպից հետո թուրք-իսրայելական հարաբերություններում ստեղծված վիճակը, երբ Թուրքիան երեք նախապայման ներկայացրեց Իսրայելին։ Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայից դեռ չեն լսել ներողություն, չեն ստացել պատճառված վնասը փոխհատուցելու առաջարկ և միջադեպի համար մեղավորներին պատժի չեն ենթարկում։ Էրդողանն, իր հերթին, հայտարարել է, որ իրենք ներողություն չեն խնդրելու միջադեպի համար, և որ ներողություն պետք է խնդրեն իրենց սահմանը խախտողները։ Դավութօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ անձամբ ինքն է տվել ինքնաթիռի վրա կրակելու հրամանը։ Այս ամենը փակուղային իրավիճակ է առաջացնում երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։ Չնայած միջադեպից օրեր անց Էրդողանի տոնայնության մեղմացմանը՝ երկու երկրների միջև հարաբերություններում դեռ երկար լարվածություն կպահպանվի՝ հաշվի առնելով գոռոզ, իրեն սուլթան և խալիֆ երևակայող Էրդողանի համար ներողություն խնդրելու մեծ բարդությունը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը։

Թուրքիա-ԱՄՆ. 2015թ. նոյեմբերի կեսին Անթալիայում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Թուրքական Taraf թերթը գրել է, որ հանդիպումն անսպասելիորեն բավական ընդլայնված կազմ է ունեցել։ Ընդգծվել է, որ վերջին անգամ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև նման մասշտաբի հանդիպում անցկացվել է մոտ երեք տարի առաջ։

Օբամայի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը բարձրացրել է իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլա Գյուլենի արտահանձնման հարցը՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել ԱՄՆ-ում Գյուլենի կեցության թույլտվությունը և նրան արտաքսել երկրից։ Դավութօղլուն, իր հերթին, նույն գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և բարձրացրել է Գերմանիա փախած դատախազներ Զաքարիա Օզի ու Ջելալ Քարայի արտահանձնման հարցը, որոնց մեղադրում են Գյուլենական շարժման հետ կապի մեջ (ի դեպ, Էրդողանը G20-ի գագաթաժողովի մասնակիցների հետ ունեցել է 17 երկկողմ հանդիպում, ևս 4 հանդիպում ունեցել է Դավութօղլուն)։

Անթալիայի գագաթաժողովի ժամանակ թուրքական մամուլը գրեց, որ ԱՄՆ-ը երկրորդ անգամ է զենք մատակարարել Սիրիայի քրդերին՝ չնայած Թուրքիայի զգուշացմանը։ ԱՄՆ-ը առաջին անգամ Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի դեմ գործող ուժերին, որոնց թվում են նաև Սիրիայի քրդերի ջոկատները (YPG), ռազմական օգնություն է ցուցաբերել հոկտեմբերի 11-ին՝ օդից նրանց նետելով 50 տոննա զենք-զինամթերք։ Դա հարուցել էր Թուրքիայի դժգոհությունը, ինչից հետո Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Երկրորդ անգամ այդ օգնությունը հատկացվել է ոչ թե օդով, այլ ցամաքով։ Դրա հետ կապված՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնական Բեն Ռհոդսը Անթալիայում հայտարարել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ը (ի հեճուկս Թուրքիայի) շարունակելու է Սիրիայի քրդերի հետ համագործակցությունը:

Թուրքիա-ԵՄ. Նոյեմբերի առաջին կեսին ԵՄ-ը հրապարակեց Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների շուրջ իրավիճակի մասին ամենամյա զեկույցը, որը հրապարակվում է 1998-ից։ Նշվում էր, որ Թուրքիայում ընկել են բարեփոխումների տեմպերը, կան լուրջ բացթողումներ խոսքի ազատության ու ազատ հանրահավաքների ոլորտում, ճնշումների տակ են գտնվում նաև դատարանները։ ԵՄ-ը հույս էր հայտնել, որ Թուրքիայում կվերսկսվեն «Քրդական հարցի» շուրջ բանակցությունները։ Զեկույցը պետք է հրապարակվեր դեռևս հոկտեմբերին, սակայն այդ ժամանակ զեկույցը չէր հրապարակվել՝ նախընտրական շրջանում ԱԶԿ-ին վնաս չպատճառելու համար։ Դա Թուրքիային ուղղված խոսուն ժեստ էր ԵՄ-ի կողմից։

Նոյեմբերի վերջին Եվրոպական հանձնաժողովը որոշում ընդունեց Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելու մասին՝ դեպի ԵՄ փախստականների հոսքի դեմ պայքարի համար։ Թուրքիան այդ գումարը ստանալու է 2016թ. հունվարի 1-ից։ Որոշումն ընդունվել է ըստ հոկտեմբերին համաձայնեցված ԵՄ և Թուրքիայի գործողությունների պլանի, որի համաձայն՝ Թուրքիան պետք է բարելավի թուրքական տարածքում ներգաղթյալների մնալու պայմանները, նրանց թույլատրի աշխատել, երեխաներին դպրոցում սովորելու հնարավորություն ընձեռի, ինչպես նաև ավելի լավ վերահսկի ներգաղթյալների հոսքերը դեպի ԵՄ (Amnesty International-ը Թուրքիային մեղադրել է փախստականների իրավունքների խախտումների համար)։

Փաստորեն, ԵՄ ներգաղթյալներ գործուղելու թուրքական պլանը գործում է, և ԵՄ-ից 3 մլրդ եվրոն զգալի օգնություն է Թուրքիային, եթե հավատանք այդ երկրի իշխանությունների այն խոսքերին, թե ցայժմ իրենք $8.5 մլրդ են ծախսել սիրիացի փախստականների վրա, սակայն միջազգային հանրության օգնությունը չի հասել անգամ $0,5 մլրդ-ի։ Պետք է մեջբերել նոյեմբերի կեսերին Էրդողանի արած հայտարարությունը, որում նա եվրոպական երկրներին մեղադրել է իրենց դռները փախստականների առջև փակելու մեջ. «Թուրքիայի համեմատ ավելի խոշոր ՀՆԱ-ով երկրներն իրենց դռները փակել են փախստականների առջև։ Նրանք հայտարարել են. «Թույլ տվեք նրանց խեղդվել Էգեյան ու Միջերկրական ծովերում»։ Իսկ ի՞նչ կլինի, եթե այս (ներկայում Թուրքիայում գտնվող) 2.2 մլն փախստականները շարժվեն Եվրոպայի ուղղությամբ»։

Էրդողանի այս սպառնալիքը պետք է որ բավական լրջորեն ընդունված լինի ԵՄ-ի կողմից՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում իրականում արդեն տրված է այդ գործընթացի մեկնարկը, որով Թուրքիան և՛ մասնակիորեն ձերբազատվում է փախստականների բեռից, և՛ միաժամանակ ԵՄ-ին դնում է ծանր կացության մեջ՝ ստիպելով զիջումների գնալ։ Չնայած Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան համակենտրոնացման ճամբար չէ, որ իր մոտ պահի փախստականներին, իրականում Թուրքիան պատրաստ է փախստականների շուրջ իր համար շահավետ գործարքների գնալ ԵՄ-ի հետ։

Թուրքիային հաջողվեց հասնել նրան, որ նոյեմբերի 29-ին Բրյուսելում գումարվեց ԵՄ-Թուրքիա առանձին գագաթաժողով՝ նվիրված փախստականների հոսքի խնդրի կարգավորմանը, որը Դավութօղլուն որակեց որպես պատմական օր։ Դրա արդյունքներով Թուրքիայի համար գրանցվեց 3 դրական զարգացում. նա կստանա 3 մլրդ եվրո, կարող է շուտով ստանալ վիզային ռեժիմի ազատականացում, կարագացվի նաև ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացը (Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը նոյեմբերի վերջին հայտարարեց, թե դեկտեմբերի 14-15-ին ԵՄ-ը Թուրքիայի համար կբացի ֆինանսավարկային քաղաքականության մասին 17-րդ բանակցային գլուխը, իսկ 2016թ. կբացվի ևս 5-6 բանակցային գլուխ)։

Թուրքիա-Եգիպտոս. Նոյեմբերին թուրք-եգիպտական հարաբերություններում միակ նշանակալից իրադարձությունն այն էր, որ Թուրքիայի առևտրային պալատների և բորսաների միության (TOBB) պատվիրակությունը մեկնեց Եգիպտոս։ Այցի նպատակն Իսլամական առևտրային պալատների կոնֆերանսին մասնակցելն է և դրա շրջանակներում Եգիպտոսի առևտրային պալատների միության պաշտոնյաներին հանդիպելը, երկու երկրների միջև առևտրային կապերի զարգացումը քննարկելը։ Դա վերջին 2 տարում Թուրքիայից Եգիպտոս կատարված բարձրաստիճան առաջին այցն է, որի հետ կապված՝ Անկարայում կուլիսների հետևում խոսակցություններ ծավալվեցին, որ TOBB պատվիրակության այցը չէր կարող տեղի ունենալ առանց Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից նախապես հավանության արժանանալու։ Դրա հետ կարելի է համաձայնել՝ հաշվի առնելով, որ 2013թ. Եգիպտոսում կազմակերպված զինվորական հեղաշրջումից և նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո բավական սրվել են երկու երկրների միջև հարաբերությունները։ Ներկայիս Եգիպտոսը որոշակիորեն փոխվել է 2013թ. համեմատ, երբ Թուրքիան գժտվեց նրա հետ, ավելացել է նրա կշիռը տարածաշրջանում, և Թուրքիան պետք է հաշվի առնի դա ու հետ կանգնի Մուրսիին («Մուսուլման եղբայրներ») իշխանության վերադարձնելու իր ձախողման դատապարտված կուրսից։

Թուրքիա-Ադրբեջան. Նոյեմբերի վերջին՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման ֆոնին, Ադրբեջան ժամանեց Մևլյութ Չավուշօղլուն։ Նա Ադրբեջանում հանդիպումներ ունեցավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի հետ, քննարկեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, երկկողմ հարաբերությունների զարգացման, Անդրանատոլիական (TANAP) գազատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու կառուցման հարցերը։ Չավուշօղլուն հաստատեց, որ ԲԹԿ թուրքական հատվածի կառուցումը ձգձգվում է, ինչը «կապված» է շինարարական ընկերության հետ իրավական խնդիրներով։ Չավուշօղլուի խոսքերով՝ ԲԹԿ-ն շահագործման կհանձնվի 2016թ.։ Նա հիշեցրեց, որ մինչև տարեվերջ Թբիլիսիում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ նույնպես քննարկվելու է ԲԹԿ կառուցման հարցը։

Նոյեմբերին եռօրյա այցով Ադրբեջան ժամանեց Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, որն այդ պաշտոնում նշանակվել է այս տարվա օգոստոսի սկզբին: Սալիհ Զեքի Չոլաքը մինչ այդ (2014-ից) 1-ին բանակի հրամանատարն էր, իսկ դրանից առաջ ղեկավարել է 7-րդ կորպուսը (հրամանատարությունը՝ Դիարբեքիր)։ Չոլաքն Ադրբեջանում քննարկեց ռազմական համագործակցության հարցը։ Նրա այցը կարելի է որակել որպես ճանաչողական՝ հաշվի առնելով, որ նա դրանից մոտ 3 ամիս առաջ է դարձել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար։

Թուրքիա-Պարագվայ. Թուրքիան կասեցրել է Պարագվայի հետ երկկողմ հարաբերություններն ու սպառնացել է բոյկոտել այդ երկրի հետ առևտուրը։ Պատճառն այն է, որ 2015թ. հոկտեմբերի 29-ին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 92-ամյակ) Պարագվայի Սենատը միաձայն ընդունել է թիվ 101/15 բանաձևը, որն առնչվում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ու դատապարտմանը։ Դրանից հետո Թուրքիան դիվանագիտական խոշոր ճնշումներ ու շանտաժ է կիրառում Պարագվայի վրա։

Ռազմական

Նոյեմբերի սկզբներին սկսվեց Թուրքիայից Գերմանիայի տրամադրած Patriot զենիթահրթիռային համալիրների դուրսբերման գործընթացը, որն ամբողջովին պետք է ավարտվի 2016թ. հունվարին։ Գերմանիան 2012թ. դեկտեմբերին համաձայնել էր մեկ տարովPatriot տիպի 2 համալիր տրամադրել Թուրքիային՝ կապված Սիրիայից նրա համար «բխող համապատասխան սպառնալիքի» հետ։ Այդ համակարգերը Քահրամանմարաշի նահանգում տեղակայվել են 2013թ. հունվարին։ Դրանից հետո Գերմանիան 2 անգամ երկարաձգել է ժամկետը։ Գերմանիան Թուրքիայից Patriot համալիրները դուրս բերելու պատճառը պաշտոնապես նշում է այն, որ Սիրիայից այլևս վտանգ չի սպառնում Թուրքիային։ Սակայն օգոստոսին գերմանական մամուլը գրել էր, որ Գերմանիայի այս քայլի պատճառը Թուրքիայի իշխանությունների կողմից PKK-ի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու և երկար ժամանակ Սիրիայի հետ սահմանին ԻՊ զինյալների տեղաշարժի հարցում կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելն է։

Մյուս նշանակալից իրադարձությունն այն էր, որ Թուրքիան հրաժարվեց մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների (T-Loramids) շուրջ տարիներ առաջ հայտարարած մրցույթից, որոնց արդյունքներով դեռևս 2013թ. աշնանը հաղթել էր չինական CPMIECընկերությունը (HQ-9 (FD-2000) համալիրներ)։ Մրցույթին մասնակցել են նաև ամերիկյան Raytheon/Lockheed Martin կոնսորցիումը (Patriot համալիրներ), ռուսական Рособоронэкспорт ընկերությունը (S-300 համալիրներ) և եվրոպական EuroSam կոնսորցիումը (Samp-T համալիրներ):

2014թ. փետրվարին այդ ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի ընտրությունը պատճառաբանեց 3 հիմնական չափանիշով. hամակարգերի համատեղ արտադրություն, ամենաէժան գինը ($3.44 մլրդ, ինչը գրեթե մեկ միլիարդով պակաս է մյուս տարբերակներից) և համակարգերը թուրքական կողմին հանձնելու ամենահարմար ժամկետ: Սակայն CPMIEC-ն ընդգրկված էր ԱՄՆ «սև ցուցակում», և այդ ընտրությունից հետո ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սկսեցին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինը վերանայի մրցույթի արդյունքները, և Թուրքիան հայտարարեց, թե մրցույթի արդյունքները վերջնական չեն, և սպասելու է նոր առաջարկների: Այժմ, սակայն, հայտարարվել է մրցույթը չեղարկելու և զենիթահրիթռային համակարգի մշակման սեփական նախագիծ գործարկելու մասին։ Չինական համակարգերից հրաժարվելու պատճառների թվում, ՆԱՏՕ (ԱՄՆ) ճնշումից բացի, հայտնի է, որ չինական կողմը չի համաձայնել զենիթային համակարգի արտադրության առանցքային տեխնոլոգիաներն անհրաժեշտ չափով կիսել Թուրքիայի հետ, մինչդեռ, մրցույթի պահանջներով, Թուրքիայում համակարգի տեղական արտադրությունը պետք է կազմեր առնվազն 50%։ Չինական համակարգերից Թուրքիայի հրաժարվելը պետք է որակել որպես ԱՄՆ-ին արված ժեստ՝ հատկապես հաշվի առնելով, որ թուրքական կողմի որոշման մասին հաղորդվեց Անթալիայում Օբամայի ու Էրդողանի հանդիպումից անմիջապես հետո։ Միևնույն ժամանակ, հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան հստակեցրել են իրենց հետագա քայլերը Սիրիայում։

Նոյեմբերին Թուրքիան անցկացրեց իր պատմության մեջ առաջին էլեկտրոնային պատերազմի զորավարժություն, որին մասնակցել են 188 մարդ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ինչպես նաև պարեկային մոտորանավակներ, որոնք Սևծովյան տարածաշրջանում ու Քոնիայում անցկացված երկու առանձին զորավարժության ժամանակ օդային, ջրային և ցամաքային պլատֆորմներում ցուցադրել են իրենց հնարավորություններն էլեկտրոնային պատերազմի ժամանակ:

Ներքաղաքական

Հետընտրական զարգացումներ. Ներքաղաքական ոլորտի թիվ 1 իրադարձությունը նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված կրկնական խորհրդարանական ընտրություններն էին։ Նոյեմբերին Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը հրապարակեց նոյեմբերի 1-ի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք էականորեն չտարբերվեցին նախնական արդյունքներից։ Խորհրդարանական ընտրություններից հետո քրդամետ ԺԴԿ-ն ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար դիմեց Բարձրագույն ընտրական խորհրդին՝ նշելով, որ ընտրություններն ընթացել են հավասարության, արդարության, ժողովրդավարության, ազատության սկզբունքների խախտումներով։ Սակայն նա մերժում ստացավ։ Ի դեպ, Դավութօղլուն խորհրդարանի երդմնակալության ժամանակ հիշեցրեց, որ ԺԴԿ-ն նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով կորցրել է 1 միլիոն քվե և շնորհակալություն հայտնեց ԺԴԿ օգտին չքվեարկած քաղաքացիներին։

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների երդմնակալության ժամանակ քուրդ կին պատգամավոր Լեյլա Զանան երդումը սկսեց քրդերենով և«թուրք ազգ»արտահայտության փոխարեն օգտագործեց «Թուրքիայի ազգ» արտահայտությունը։ Նիստը վարող ամենաավագ պատգամավոր, խորհրդարանի ժամանակավոր նախագահ Դենիզ Բայքալը հայտարարել է, թե Լեյլա Զանայի երդումն անվավեր է ճանաչում և առաջարկել է նորից երդվել, սակայն Լեյլա Զանան երկրորդ անգամ չի մոտեցել ամբիոնին։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Զանան 2011թ. երդման ժամանակ նույնպես «թուրք ազգ»-ը փոխարինել էր «Թուրքիայի ազգ»-ով, իսկ 1991թ. երդումը սկսել էր քրդերեն նախադասությամբ։

Նոյեմբերին Թուրքիայի խորհրդարանի նախագահ ընտրվեց ԱԶԿ թեկնածու Իսմայիլ Քահրամանը, որը 3-րդ փուլում ստացավ 316 քվե, ինչը բավարար եղավ խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար (անհրաժեշտ էր 276 քվե)։

Նոյեմբերի 24-ին Դավութօղլուն ներկայացրեց Թուրքիայի 64-րդ կառավարության կազմը։ Կառավարության անդամներից երկուսը կանայք են։ Նրանցից մեկն ընտանեկան ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Սեմա Ռամազանօղլուն է, որը դարձավ Թուրքիայի կառավարության՝ մուսուլմանական գլխաշոր կրող առաջին անդամը։ Թուրքիայի նոր կառավարությունում 8 փոփոխություն է կատարվել 62-րդ կառավարության համեմատ (63-րդ կառավարությունը հանդիսացել է ժամանակավոր՝ գործելով մի քանի ամիս)։ 62-րդ կառավարության համեմատ՝ 64-րդ կառավարության կազմում չեն ընդգրկվել Թաներ Յըլդըզը, Ռեջեփ Աքդաղը, Ալի Բաբաջանը, Նիհաթ Զեյբեքջին, Օմեր Չելիքը, Այշենուր Իսլամը, Մեհդի Էքերը և Իդրիս Գյուլուջեն։

Նոյեմբերի 9-ին աննախադեպ իրադարձություն գրանցվեց Թուրքիայի զինված ուժերում։ Վերջինիս պատվիրակությունն առաջին անգամ այցելեց 1960թ. մայիսի 27-ի ռազմական հեղաշրջման ժամանակ գլխավոր շտաբի պետ Ռյուշթու Էրդելհունի գերեզման։ Հեղաշրջումից հետո Թուրքիայի 10-րդ գլխավոր շտաբի պետ Էրդելհունը վարչապետ Ադնան Մենդերեսի նման դատապարտվեց մահվան, սակայն, ի տարբերություն Մենդերեսի, ավելի ուշ ստացավ ցմահ ազատազրկում՝ ուղարկվելով Իմրալը կղզու բանտ։ 1965թ. Թուրքիայի նախագահ Ջեմալ Գյուրսելը ներում շնորհեց Էրդելհունին։ Էրդելհունը 1960թ. դեմ է արտահայտվել զինվորական հեղաշրջման գաղափարին, որն իրականացրել են 20 գեներալներ, ներառյալ՝ զորատեսակների հրամանատարները։ Սա խոսում է այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերում մեծացել է քաղաքացիական իշխանությունների ազդեցությունը, և որ իրենց այս քայլերով Թուրքիայի զինված ուժերն անուղղակիորեն դեմ արտահայտվեցին ռազմական հեղաշրջմանը։

PKK. Նոյեմբերի 1-ի ընտրություններից հետո PKK-ն հայտարարեց միակողմանի հրադադարին վերջ տալու մասին՝ կապված Թուրքիայի իշխող կուսակցության ռազմական քաղաքականության և վերջին հարձակումների պատճառով (արդեն նոյեմբերի 2-ին թուրքական ավիացիան հարվածեց Հյուսիսային Իրաքում PKK դիրքերին)։ Նոյեմբերին PKK գործադիր կոմիտեի անդամ Դուրան Քալքանը Թուրքիայի իշխանություններին մեղադրեց քրդերի ազատությունները ճնշելու, ֆաշիստական և գաղութատիրական քաղաքականություն վարելու համար՝ ընդգծելով, որ առաջիկա ձմեռը կլինի եզրափակիչ ճակատամարտի փուլ։

Բռնություններ. Նոյեմբերին հաղորդվեց, որ մահափորձ է կատարվել Դեմիրթաշի նկատմամբ, որ անհայտ անձինք կրակել են Դեմիրթաշի մեքենայի վրա։ Նրա անվտանգությունն ապահովող անձինք մեքենայի վրա հայտնաբերել էին փամուշտի հետք։ Սակայն Դիարբեքիրի նահանգապետարանը հերքեց դա՝ հայտարարելով, որ քաղաքում որևէ հարձակում չի կատարվել նրա ծառայողական զրահապատ ավտոմեքենայի վրա։ Նոյեմբերի 28-ին սպանվեց Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Թահիր Էլչին։ Նա հայտարարություն անելիս է եղել, երբ անհայտ անձինք սկսել են կրակել: Փամփուշտներից մեկը դիպել է Էլչիի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:

Նոյեմբերի 26-ին կալանավորվեցին Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը, ինչի պատճառն այն էր, որ նրանք լուսանկարներ են հրապարակել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից բեռնատարներով Սիրիա զենք ուղարկելու փորձի մասին։ Դյունդարի ու Գյուլի կալանավորումը դատապարտեցին թուրքական 12 թերթերի 46 ներկայացուցիչներ՝ հայտարարելով. «Մենք լրտես չենք, դավաճան չենք, հերոս չենք։ Մենք պարզապես լրագրող ենք և այստեղ իրականացնում ենք լրագրողական գործունեություն»։ Նրանք վրդովմունք են հայտնել, որ լուր հրապարակելու պատճառով Դյունդարին ու Գյուլին մեղադրել են «լրտեսական գործունեության», «ահաբեկչական զինված խմբավորման անդամ հանդիսանալու» համար (կալանավորումից առաջ Դյունդարը հայտարարել էր, թե Թուրքիայում սկսվել է Գեբելսի ռեժիմը)։ ՆոյեմբերինCumhuriyet-ը ճանաչվեց «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ ժողովրդավարական մամուլի ամենամյա մրցույթի հաղթող:

Hürriyet թերթի սյունակագիր Էրթուղրուլ Օզքյոքը, որին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին «վիրավորելու» համար, սպառնում է 16-64 ամսվա ազատազրկում, Էրդողանին հիշեցրել է, որ ժամանակին նա մեկ բանաստեղծություն ընթերցելու համար նախկինում ազատազրկվել է 3.5 ամիս ժամկետով, ինչն էլ խոր հետք է թողել նրա վրա։ Հիշեցնենք, որ 1999թ. Էրդողանը կարճ ժամանակով բանտ է նստել հանրահավաքներից մեկի ժամանակ հետևյալ քառյակի համար՝ «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»։ Ավելի ուշ Էրդողանը հայտարարել էր, որ ԱԶԿ ստեղծման գաղափարը մտահղացել է բանտում անցկացրած ժամանակ։ Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Today’s Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշին սպառնում է 8 տարի 2 ամիս ազատազրկում՝ Էրդողանին «վիրավորելու» համար, ինչի պատճառը սոցցանցերում Քենեշի արած գրառումներն են։ Դատախազությունը պահանջել է նրան դատապարտել 1.5-8.2 տարվա ազատազրկման։

Լրագրող Ջենգիզ Չանդարի դեմ երկու առանձին գործով տարվում է հետաքննություն, որոնք կապված են Radikal թերթում նրա 7 հրապարակումների հետ։ Դա, մասնավորապես, վերաբերում է հուլիսի 26-ին նրա հրապարակած հոդվածին, որը վերնագրված էր «Արդարացում. ահաբեկչության դեմ պայքար. նպատակը՝ հունիսի 7-ի ռևանշը»։ Չանդարի մնացյալ 6 հոդվածները հրապարակվել են 2015թ. հուլիսի 26-ից օգոստոսի 19-ը։ Նա մեղադրվում է Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածը (մամուլի միջոցով նախագահին վիրավորել) խախտելու համար։ Չանդարին արդեն սկսել են հարցաքննել։ Դրա հետ կապված՝ նա հայտարարել է, որ 40 տարվա լրագրող է և իր լրագրողական գործունեության ժամանակ տեսել է 7 նախագահ, անգամ եղել է նրանցից մեկի խորհրդականը (նկատի ունի Թուրքիայի 8-րդ (1989-1993թթ.) նախագահ Թուրգութ Օզալին), ծանր հոդվածներ է գրել Քենան Էվրենի (Թուրքիայի 7-րդ նախագահ, 1982-1989թթ.) և Սուլեյման Դեմիրելի (Թուրքիայի 9-րդ նախագահ, 1993-2000թթ.) մասին, սակայն նրանք հայց չեն ներկայացրել իր դեմ։

Թուրքական Nokta պարբերականի ղեկավարությանը սպառնում են ազատազրկումներ՝ կապված նոյեմբերի 2-8-ի համարի հրապարակման հետ։ Պարբերականի խմբագիր Ջևհերի Գյուվենն ու գրավոր հարցերով պատասխանատու տնօրեն Մուրաթ Չափանը մեղադրվում են «Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ զինված ապստամբություն բարձրացնելու» կոչերի համար։ Ստամբուլի հանրապետական դատախազության պատրաստած 32 էջանոց մեղադրականում պահանջվում է նրանցից յուրաքանչյուրին ազատազրկման դատապարտել 15-20 տարով։ Նոյեմբերի 1-ի ընտրությունների հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, Nokta պարբերականը թողարկվել էր «Նոյեմբերի 2՝ Թուրքիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկ» գրառմամբ շապիկով։

Նոյեմբերին ԺԴԿ նախկին պատգամավոր Սեբահաթ Թունջելը ձերբակալվեց Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում։ Նրան արգելեցին լքել երկիրը, ինչից հետո ազատ արձակեցին։ Միջադեպը գրանցվել է Ստամբուլից Բրյուսել մեկնելիս։ Այն կապված է 2010 և 2013թթ. Թուրքիայի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ նրա թվիթերյան գրառումների հետ։ Թունջելը 2011թ. մարտի 21-ին (Նովրուզ) Շըրնաքի նահանգի Սիլոփի շրջանում ապտակել էր թուրք ոստիկանապետին, իսկ այս տարվա ամռանը հայտարարել էր, թե շատերը ցանկացել են համբուրել իր ձեռքը, որով նա ապտակ է հասցրել ոստիկանապետին։ Նոյեմբերին Թունջելին արդարացրին «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու համար» գործով, որով նրան սպառնում էր 1-5 տարվա ազատազրկում։ 2012թ. մայիսի 3-ին Թունջելը մասնակցել էր քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) «ազատության խլման» հանրահավաքին և ելույթ էր ունեցել։

Նոյեմբերին Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) տուգանեց թուրքական Akit TVհեռուստաալիքին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրը (նոյեմբերի 10) «Զուլումը 1938թ. վերջացավ» խորագրով հաղորդում հեռարձակելու համար: Տուգանքը սահմանվել էր այն հիմնավորմամբ, թե հեռարձակումը չի կարող լինել «հասարակության ազգային և բարոյական սկզբունքներին դեմ»: Առաջիկա մեկ տարում նման սխալ թույլ տալու դեպքումAkit TV-ն կզրկվի հեռարձակման լիցենզիայից։ Ի դեպ, Էրդողանն Աթաթուրքի մահվան 77-ամյակի նախօրեին ուղերձ հրապարակեց, որում ավելի շատ անդրադարձավ վերջին 13 տարում (ԱԶԿի իշխանության տարիներին) Թուրքիայի անցած ուղուն և ունեցած ձեռքբերումներին։ Դրա համար թուրքական մամուլը գրեց. «Էրդողանի՝ առանց Աթաթուրքի ուղերձը»։

Նոյեմբերին MİT-ի կողմից բեռնատարներով Սիրիա զենք փոխադրելու գործով բացվեց դատական երկրորդ հայցը։ MİT բեռնատարների գործով նոր հայց է բացվել soL Haber պորտալի նախկին պատասխանատու տնօրեն Հաֆիզե Քազջըի նկատմամբ։ Նրան նույնպես մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ, ինչի համար նրան սպառնում է 1-3 տարվա ազատազրկում։ Քազջըի գործով առաջին դատալսումը տեղի կունենա 2016թ. մարտի 9-ին։

Նոյեմբերի վերջին Թուրքիայի իշխանությունները բանակի 3 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրեցին լրտեսության և ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարման մեջ: Ստամբուլի դատախազ Իրֆան Ֆիդանի խոսքերով՝ գեներալ Իբրահիմ Այդընը, պաշտոնաթող գնդապետ Բուրհանեթին Ջիհանգիրօղլուն և գեներալ Համզա Ջելեփօղլուն մեղադրվում են ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև լրտեսության և երկրի կառավարությունը տապալելու փորձի համար։ 3 կասկածյալներին կանչել են Ստամբուլի դատարան՝ MİT բեռնատարների հետաքննության գործով: Փաստորեն, Թուրքիայի իշխանությունները, տեսնելով, որ անհնար է դառնում կոծկել 2014թ. հունվարին Ադանայի նահանգում գրանցված և մեծ աղմուկ բարձրացրած MİT բեռնատարների միջադեպը, սկսել են քավության նոխազներ փնտրել՝ այդ ամենը նրանց վրա բարդելու և պատասխանատվության բեռը MİT-ի և հենց իրենց վրայից հանելու համար։

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ