Թուրք-վրացական սահմանային նոր անցակետը. հայացք՝ Երևանից. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Շաբաթներ առաջ Թուրքիան և Վրաստանը բացեցին սահմանային նոր անցակետ, որը թվով երրորդն է շուրջ 270 կմ երկարությամբ ձգվող թուրք-վրացական սահմանին: Անցակետի թուրքական հատվածը կոչվում է Չըլդըր/Աքթաշ, իսկ վրացական հատվածը՝ Կարծախի: Անվանումներն էլ կապված են մոտակա բնակավայրերի հետ:

Նոր անցակետը վրաց-թուրքական սահմանի հարավային հատվածում է, Ախալքալակի հարևանությամբ: Թուրքիայի և Վրաստանի միջև մյուս երկու սահմանային անցակետերից մեկը Սև ծովի ափով կապում է Բաթումն ու Համշենը (Սարպի), մյուսը՝ Ախալցխան և Արդահանը (Թյուրքգյոզու/Վալե):

Մեզ համար նոր անցակետի գործարկումը կարևորվում է նրանով, որ ավտոճանապարհային հաղորդակցության տեսանկյունից Հայաստանի և Թուրքիայի միջև հեռավորությունը բավականին կրճատվում է:

Օրինակ, հայ-վրացական սահմանի Բավրայի սահմանային անցակետից ներկայիս Թուրքիայի Կարս քաղաք հասնելու համար ճանապարհը կրճատվում է շուրջ 125 կմ-ով և մի քանի ժամով՝ հաշվի առնելով տեղանքի բարդությունները, որտեղով անցնում է Ախալցխան ու Կարսը կապող ճանապարհը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների պայմաններում երկու երկրների միջև ակտիվ առևտուր և բեռնափոխադրումներ են իրականացվում, իհարկե, սա ավելի շատ միակողմանի բնույթ է կրում՝ թուրքական ապրանքներ՝ հայկական շուկայի համար և/կամ հայաստանցի աշխատողներ՝ Թուրքիայում: Հայաստանն ու Թուրքիան ցամաքային ճանապարհով կապելու տարանցիկ երկրի դերն էլ Վրաստանինն է:

Վրաստանի տարածքն էլ երկուստեք օգտագործվում է ոչ միայն ցամաքային բեռնափոխադրումների, այլ նաև ուղևորափոխադրումների համար: Ուղևորափոխադրումներից օգտվելու նպատակն աշխատանքն է կամ մանր առևտուրը, սակայն քիչ չէ նաև այն հայերի թիվը, ովքեր ցանկանում են սեփական աչքով տեսնել սահմանային փշալարերից արևմուտք մնացած հայրենիքը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության և ներկայիս Թուրքիայի միջև սահմանի անմիջական հարևանությամբ, թուրքական հատվածում գտնվող հրաշագեղ Անին այցելելու համար ցանկացողները ստիպված են կտրել հսկայական տարածություն՝ հատել հայ-վրացական սահմանը, Ախալքալակով Փարվանա գետին զուգընթաց անցնել Ախալցխա քաղաք, ապա լեռնային Արդահանով հասնել Կարս, որից հետո միայն՝ Անի: Երկար ժամեր, լեռնային ոչ դյուրին ճանապարհ: Նոր անցակետը հեշտացնում է սահմանից այն կողմ Հայաստանն ու հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությունը տեսնել ցանկացողների գործը:

Իհարկե, սա չի նշանակում, որ Թուրքիա-Վրաստան սահմանի մյուս երկու անցակետերը կորցնում են Հայաստանի համար իրենց նշանակությունը: Հաշվի առնելով սևծովյան մայրուղու հարմարավետությունը խոշոր բեռնատարների համար, ինչպես նաև Թուրքիայի արդյունաբերական քաղաքների տեղաբաշխումը, կարելի է սպասել, որ Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների զգալի մասը, այնուամենայնիվ, կշարունակվի հենց Սարպիի անցակետով, որը Սև ծովի ափին է:

Վերադառնալով նոր անցակետի թեմային՝ պետք է նշել, որ Վրաստանի հայաբնակ Ախալքալակ քաղաքից ոչ հեռու բացված անցակետը ստանում է տարածաշրջանային նշանակություն, քանի որ այն նախ սպասարկում է Վրաստանին և հատկապես մեր հյուսիսային հարևանի հարավ-արևմտյան շրջանների համար ավելի հարմար ուղի է առաջարկում: Նոր անցակետից, ինչպես նշեցինք, որոշակիորեն օգտվելու են Հայաստանի քաղաքացիները, իսկ աշխարհագրական դիրքն ու առավել կարճ հեռավորությունն Ադրբեջանից թույլ կտա նաև այս երկրին օգտվել նոր անցակետից: Բացի այդ, Ախալցխա-Արդահան անցակետից կարող են օգտվել Իրանից բեռներ (հիմնականում վառելիք) տեղափոխող բեռնատարները, որոնց պարագայում Թուրքիան տարանցիկ երկիր է, իսկ Վրաստանը՝ կամ վերջնակետ, կամ կրկին տարանցիկ երկիր: Նոր անցակետն էլ ավելի դյուրին է դարձնում իրանցի վարորդների աշխատանքը:

Եվ ահա այս տեսանկյունից Հայաստանում կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին իրանական մեքենաների համար թուրքական տարանցիկ (նաև որակյալ) ճանապարհներին այլընտրանք կարող է դառնալ: Իհարկե, սա առանձին վերլուծության թեմա է, այն էլ՝ շատ կարևոր: Բայց որ ժամանակի տեսանկյունից այս հարցում հետ ենք մնում, ցույց է տալիս թուրք-վրացական նոր անցակետի գործարկումը:

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ