Երիտթուրքերի 1919-1921 դատավարությունների որոշ փաստերի խեղաթյուրման փորձեր թուրք ժամանակակից պատմագրության մեջ. Մելինե Անումյան

Մելինե-Անումյան

Մելինե Անումյան, թուրքագետ

Հոդվածը, որպես զեկուցում, ներկայացվել է սույն թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում կազմակերպված «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» խորագրով գիտաժողովին:

Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության պատմագրության մեջ ավելի հաճախ է ուշադրության արժանանում այն փաստը, որ երիտթուրքերի` հայերի բնաջնջմանն ուղղված քաղաքականությունը թուրքերի կողմից դատապարտվել է դեռևս 1919-1921 թթ.` Օսմանյան կայսրության ռազմական արտակարգ ատյաններում կայացած 60-ից ավել դատավարությունների արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով: Այդ բոլոր դատական գործերը հարուցվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և զանգվածային կոտորածների (Tehcir ve Taktil) մեղադրանքով: Երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների` 1919 թ. ապրիլ-հուլիս ամիսներին տեղի ունեցած դատաքննությունների համար հիմք են ծառայել ոչ միայն հայերի տեղահանման և ոչնչացման ու Հայոց ցեղասպանության իրականացման մեջ կարևոր դեր ունեցած Հատուկ կազմակերպությունը (Teşkilât-ı Mahsusa) հիմնելու, այլ նաև` առանց հիմնավոր պատճառի երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, տնտեսական չարաշահումներ թույլ տալու, սև շուկայում գործունեություն ծավալելու և երկրի անվտանգությունը խախտելու մեղադրանքները:
Սույն դատավարությունների կայացման փաստն ինքնին արժեքավոր է, քանի որ որոշ գիտնականներ այն ընդունում են որպես Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում: Ինչպես, օրինակ, նշում է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը` երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի մեծ մասն առաջին անգամ հայերենով հրատարակած օսմանագետ Ավետիս Փափազյանի «Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի» արժեքավոր գրքի առաջաբանում, հենց այս դատաքննությունների արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով Թուրքիան, ի դեմս օսմանյան կառավարության, արդեն իսկ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (1):

1919-1921 թթ. երիտթուրքերի դատավարությունների ուսումնասիրությունը կարևորվում է նաև Հայոց ցեղասպանության փաստագրման առումով: Քանզի 1919-1921 թթ. հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերի նիստերում, հատկապես` 1919 թ. երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատավարության ժամանակ ներկայացված մեղադրական եզրակացությունները, վկաների և ամբաստանյալների ցուցմունքները, ընթերցված ծածկագիր հեռագրերը և, հատկապես, դատավճիռները կարևոր տեղեկություններ են պարունակում Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմների մասին: Դատական վավերագրերի շարքում առաձնահատուկ հիշատակման է արժանի Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատաքննության առաջին նիստում (1919 թ. ապրիլի 28) ներկայացված ամբաստանագիրը, որը բաղկացած էր 41 պաշտոնական ու կիսապաշտոնական բնագիր փաստաթղթերից, ինչպես նաև` 1919 թ. հուլիսի 5-ին երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների վերաբերյալ կայացված ընդհանուր դատավճիռը, ըստ որի` մահվան են դատապարտվել Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուները:

Քանի որ սույն դատավարությունների կայացման փաստը և փաստաթղթերն անհերքելիորեն ապացուցում են, որ հայերի զանգվածային կոտորածները եղել են կանխամտածված և ծրագրված երիտթուրքերի կուսակցության ու կառավարության կողմից, Հայոց ցեղասպանության փաստը համառորեն ժխտող թուրքական պատմագրության որոշ ներկայացուցիչներ հարկադրված եղան այնուամենայնիվ անդրադառնալ այս դատավարություններին: Այսպես, օրինակ, սույն դատավարություններին 2005 թ. առանձին գրքով անդրադարձել է անգամ Թուրքական պատմագիտական ընկերությունը` ի դեմս Ֆերուդուն Աթայի, որն իր «Տեղահանության դատավարությունները գրավյալ Ստամբուլում» (2) վերնագրով աշխատության մեջ փորձ է անում խեղաթյուրել դատաքննություններին առնչվող բազմաթիվ փաստեր կամ այլ մեկնաբանություններ տալ դրանց: Ֆերուդուն Աթայի վերոհիշյալ աշխատության վերնագիրն անգամ բավարար է` ցույց տալու համար, թե ինչ նպատակ են հետապնդել Թուրքական պատմագիտական ընկերությունը և գրքի հեղինակը` այս մենագրությունը հրատարակելով: Վերնագրում իսկ ընդգծվել է, թե սույն դատաքննություններն իրականացվել են Դաշնակից պետությունների, հատկապես` Մեծ Բրիտանիայի ճնշման ներքո, որոնց վերահսկողության տակ էր գտնվում Ստամբուլը տվյալ ժամանակահատվածում: Ի դեպ՝ թուրք գիտնականների մեջ այս փաստարկն առաջին անգամ շահարկել է Թարըք Զաֆեր Թունայան (3), որին կրկնել են Ֆերուդուն Աթան և միայն Յոզղատի դատավարությանն անդրադարձած Նեժդեթ Բիլգին (4): Այնինչ հարկ է նշել, որ անկախ այն փաստից, որ տվյալ ժամանակաշրջանում Թուրքիան կախյալ է եղել մեծ տերությունների կամքից, այս դատավարությունները կայացել են օսմանյան կառավարության և սուլթանի որոշման համաձայն, և դատաքննությունների փաստաթղթերը բացարձակապես չեն կորցնում իրենց վավերականությունը:

Վերոհիշյալ մենագրության մեջ Ֆերուդուն Աթան միտումնավոր կերպով աչքաթող է անում այն փաստը, որ այս դատական գործերը հարուցվել են ոչ միայն հայերի տեղահանման (Tehcir), այլ նաև` զանգվածային կոտորածների (Taktil) մեղադրանքով: Բացի այդ` Ֆերուդուն Աթան այս դատաքննություններին է անդրադառնում միայն պաշտոնական պատմագրությանը ձեռնտու դիտանկյունից` աղճատելով բազմաթիվ փաստեր: Օրինակ` նա պնդում է, թե իբր դատական նիստերում մեղադրյալների դեմ ուղղված ցուցմունքներով հանդես են եկել միայն ազգությամբ հայ վկաները, որոնք ուղղորդվել են վրեժխնդրության զգացումով: Հարկ է նշել, որ նախքան Ֆերուդուն Աթան` նման պնդմամբ հանդես էր եկել նաև թուրք հայտնի դիվանագետ ու պատմաբան Բիլալ Շիմշիրը (5)` «Մալթայի աքսորյալները» վերնագրով իր աշխատության մեջ: Այնինչ, ինչպես փաստեր բերելով` դա արձանագրել ենք նաև մեր մենագրություններում (6), Օսմանյան կայսրության տարբեր շրջանների հայերի տեղահանության և կոտորածների դատաքննությունների նիստերում հանդես են եկել ոչ միայն հայ, այլև` բազմաթիվ թուրք և այլազգի, անգամ` մինչև նախարարի և նահանգապետի մակարդակով մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրք և օտարազգի վկաների առատությամբ հատկապես աչքի է ընկել Տրապիզոնի հայերի տեղահանության և կոտորածների դատավարությունը:

Այս դատական վավերագրերը բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ նկատի ենք առնում, որ դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրվել է Օսմանյան կայսրության Արդարադատության և Ներքին գործերի նախարարություններին ենթակա իրավասու պաշտոնյաների կողմից, որոնք հաստատել են դրանց վավերականությունը: Բացի այդ` շատ դեպքերում մեղադրյալներին ցույց են տրվել փաստաթղթերի տակ դրված սեփական ստորագրությունները, և նրանք ընդունել են, որ դրանք իրենց են պատկանում: Հենց այս ընթացակարգի շնորհիվ էլ սույն դատավարություններն անգնահատելի աղբյուր են ոչ միայն պատմագիտական, այլև` իրավական տեսանկյունից (7): Ուստի, Վահագն Դադրյանի դիպուկ բնորոշմամբ, «ռազմական դատարանների փաստաթղթերի հավաքականությունը ամենաուժեղ հակաթույնն է թուրքական ժխտողականության դեմ» (8):

Նկատի ունենալով այդ անհերքելի փաստը` թուրք պատմաբանները և քաղաքական գործիչները դատավարությունների թեման չշրջանցեցին նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այսպես՝ 2015 թ. մարտին Ստամբուլում հրատարակվեց Ուլուչ Գյուրքանի «Հայկական կոտորածի մեղադրանքը. դատավարություն և դատավճիռ: Մալթա 1919-1921» վերնագրով գիրքը (9):

Հարկ է նշել, որ սույն գրքի հեղինակ Ուլուչ Գյուրքանը, որպես Անկարայից ընտրված պատգամավոր, 1991-2002 թվականներին պաշտոնավարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովում, նաև եղել ԹԱՄԺ-ի փոխնախագահը: Այդ ընթացքում եղել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության փոխնախագահը: Լինելով քաղաքագետ և քաղաքական գործիչ, այլ ոչ թե պատմաբան` Գյուրքանը հիշյալ գիրքը գրել է` առավելապես ելնելով քաղաքական շահերից և դրդապատճառներից: Դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ այս գիրքը գիտական առումով, համենայն դեպս, երիտթուրքերի դատավարությունների խնդրի տեսանկյունից, որևէ նորույթ չի պարունակում, այլ միայն կրկնում է թուրքական պաշտոնական պատմագրության հիմնական թեզերը հայերի տեղահանության և կոտորածների դատական գործերի վերաբերյալ:

Այսպես, օրինակ, Ուլուչ Գյուրքանը մենագրության մեջ ընդգծում է, թե Յոզղատի դատավարության գլխավոր մեղադրյալներից Բողազլըյանի գավառապետ Քեմալ բեյը, ով, ի դեպ, այս դատավարությունների շարքում առաջին մահվան դատապարտյալը դարձավ, հայերի տեղահանության ժամանակ սպանությունների տեղիք տալու մեղադրանքով դատվել էր դեռևս 1915 թվականին` Յոզղատի վերաքննիչ դատարանում, որը նրան անմեղ էր ճանաչել և ազատ արձակել (10):

Դեռևս Ցեղասպանության ընթացքում կայացած նման դատական գործերի խնդրին անդրադարձել են միջազգային ճանաչում ունեցող ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանը և Հայոց ցեղասպանության փաստն ընդունող թուրք պատմաբան, «Կլարկ» համալսարանի «Ցեղասպանությունների հետազոտման կենտրոնի» պրոֆեսոր Թաներ Աքչամը` իրենց համատեղ կազմած ու 2008 թ. Ստամբուլում հրատարակած «Տեղահանություն և կոտորածներ. ռազմական արտակարգ ատյանի արձանագրությունները: Միություն և առաջադիմություն կուսակցության դատավարությունը 1919-1922 թթ.» վերնագրով արժեքավոր ժողովածուում: Այս գրքի 203-221 էջերն ընդգրկող «1915-ի դեպքերը կազմակերպած և իրականացրած որոշ հանցագործների և մեղսակիցների հարցաքննություններն ու ճակատագրերը» վերնագրով գլխում Դադրյանը և Աքչամը փաստերով ժխտում են թուրքական պաշտոնական պատմագրության այն թեզը, ըստ որի` դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին հետաքննություն է սկսվել աքսորյալ հայերի սպանությունները կազմակերպած կամ դրանց մեղսակից դարձած պետական պաշտոնյաների դեմ, և նրանցից մի քանիսն անգամ դատապարտվել են մահապատժի (11): Ինչպես նշում են հեղինակները, թեև Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն իր այդ պնդումն ապացուցելու նպատակով 12 տարբեր փաստաթղթեր է վկայակոչել, սակայն այդ բոլոր վավերագրերի բովանդակությունների հետ ծանոթանալուց հետո համոզվում ենք, որ դրանցից ոչ մեկում որևէ տեղեկություն չի հաղորդվում հանցագործությունների կապակցությամբ հետաքննություն սկսելու վերաբերյալ (12): Ընդհակառակը` Հալաչօղլուի ներկայացրած այդ փաստաթղթերի համաձայն` նույնիսկ նման որոշ պաշտոնյաներ հայերի կոտորածների համար արժանացել են պետության դրվատանքին: Որպես օրինակ է բերվում Ջեմալ փաշայի կողմից պաշտոնազրկված մի գավառապետ, որին պաշտոնում վերականգնել է Թալեաթ փաշան: Նույն հարցի կապակցությամբ հեղինակները կատարում են նաև մի հետաքրքիր դիտարկում. իրականում Հայոց ցեղասպանության տարիներին օսմանյան կառավարության կողմից պատժվել են միայն այն պաշտոնյաները, ովքեր փորձել են առանց կառավարության համաձայնության տիրանալ հայերի ունեցվածքին, և նման քննիչ հանձնաժողովները հիմնվել են` կողոպուտը վերահսկելու նպատակով:

Ուլուչ Գյուրքանը վերոհիշյալ գրքում փորձում է նաև պնդել, թե իբր 1919 թ. դատավարության ժամանակ երիտթուրքական կուսակցության և կառավարության անդամները զրկված են եղել դատապաշտպաններ վարձելու իրավունքից: Մինչդեռ, իթթիհադականները ոչ միայն ունեցել են դատապաշտպաններ, այլև նույնիսկ նրանցից մի քանիսը միանգամից մի քանի փաստաբան է վարձել (13): Ի դեպ, հարկ է նշել, որ այդ իրավունքից երիտթուրքերը զրկվել են ոչ թե 1919 թ., այլ` 1926 թ. դատավարության ժամանակ:

Այսպիսով՝ ժամանակակից թուրքական պաշտոնական պատմագրությունը, գիտակցելով Հայոց ցեղասպանության փաստի հաստատման առումով 1919-1921 թթ. Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով քննված դատական գործերի մեծ նշանակությունը, ներկայում ևս շարունակում է երիտթուրքերի դատավարությունների որոշ հանգամանքները խեղաթյուրելու և փաստերն աղճատելու իր անհիմն փորձերը:

[1]Փափազեան Ա.Հ., Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի, Լոս Անճելես, 2005, էջ 2-3:

[2] Ferudun Ata, İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, Ankara, 2005.

[3] Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, Cilt 3, İttihat ve Terakki, Bir Çağın, Bir Kuşağın, Bir Partinin Tarihi, İstanbul, 2000.

[4] Nejdet Bilgi, Ermeni Tehciri ve Boğazlıyan Kaymakamı Mehmed Kemal Bey’in Yargılanması, Ankara, 1999.

[5] Bilâl Şimşir, Malta Sürgünleri, Bilgi Yayınevi, İstanbul, 1985.

[6]Անումյան Մ.Վ., Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի, Երևան, 2011; Անումյան Մ.Վ.,Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. և 1926 թ.), Երևան, 2013:

[7]Vahakn N. Dadrian, Taner Akçam, “Tehcir ve Taktil”, Divan-ı Harb-i Örfî Zabıtları, İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, İstanbul, 2008, s. 5.

[8]Նույն տեղում, էջ 6:

[9] Uluç Gürkan, Ermeni Katilamı Suçlaması. Yargılama ve Karar. Malta (1919-1921), İstanbul, 2015.

[10] Նույն տեղում, էջ 62:

[11]Vahakn N. Dadrian, Taner Akçam, “Tehcir ve Taktil”, Divan-ı Harb-i Örfî Zabıtları, İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, s. 204.

[12] Նույն տեղում:

[13]Tarık Zafer Tunaya, Türkiye’de Siyasal Partiler, Cilt 3, İttihat ve Terakki, Bir Çağın, Bir Kuşağın, Bir Partinin Tarihi, s. 562, dipnot 88.

Աղբյուր՝ Akunq.net

allTurkey.am

 

Մեկնաբանություններ