«Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ Եղեռնի տարիներին»

Դեկտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ Եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունն ու համանուն կատալոգի շնորհանդեսը:
Տասնվեց խորագրերից բաղկացած երկլեզու (հայերեն, անգլերեն) ժամանակավոր ցուցադրությունը և համանուն կատալոգը ընդգծում են Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները։ Հայոց պատմության այս փառապանծ էջերն անհրաժեշտ է մշտապես շեշտադրել և միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունության և պայքարելու վճռականության ապացույցներով։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք ավարտում ենք հենց այս շեշտադրմամբ՝ ինքնապաշտպանություն։ Մեզանում թյուր կարծիք կա, թե Ցեղասպանության ժամանակ մարդիկ հլու-հնազանդ գնացել են դեպի մահը։ Այդպես չէ, դա ոչ մասնագիտական պատկերացում է։ Ցեղասպանությունները միշտ ուղեկցվում են դիմադրությամբ, դա բնության օրենքն է։ Եվ գյուղերում, քաղաքներում ապրող մեր հայորդիները՝ տղամարդիկ, կանայք, ծերունիները, իրենց լուման են ներդրել փրկության համար։ Դա միայն փրկության պայքար չի եղել, դա եղել է արժանապատվության համար պայքար»,- նշեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը։
Միջոցառումը նվիրված է Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակին: Ցուցադրության մեջ ներկայացված են բազմաթիվ նորահայտ, առաջին անգամ շրջանառության մեջ դրվող լուսանկարներ, ինչպես նաև՝ Անդրանիկ Զորավարին առնչվող բացառիկ նյութեր: «Գրեթե բոլոր բնակավայրերում եղել է ինքնապաշտպանություն։ Իհարկե, մենք գիտենք ինքնապաշտպանության մեծ դրվագների մասին՝ Մուսա լեռ, Վան, Շապին Գարահիսար, Ուրֆա և այլն։ Մեր այս ցուցադրության նպատակն է տեղեկացնել, որ միայն այդտեղ չեն եղել ինքնապաշտպանական մարտեր։ Ու դա շատ կարևոր է և ցույց է տալիս, որ միայն կռվող, իր գոյության համար պայքարող ազգը կարող է գոյատևել։ Եվ սա ապագային, ազգապահպանմանը միտված ուղերձ է։ Պատահական չէ, որ ցուցադրությունը նվիրված է Անդրանիկ Զորավարի 150-ամյակին։ Անդրանիկ Զորավարն այն կերպարներից է, որ իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի պայքարը»,- ասաց ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

Հատուկ հրավիրված էին ռազմական ակադեմիայի կուրսանտները:

Նախագիծն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակում:

Միջոցառման ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը պարգևատրեց թանգարանի ոսկե մեդալով՝ Ֆելիքս Փիրումյանին և Նանսենի մեդալով՝ Արտաշես Մաթևոսյանին՝ թանգարանի նոր ցուցադրությունը կազմակերպելու ժամանակ կատարած աշխատանքների համար:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ