Թուրքիան բացում է ևս մեկ պատուհան ոչ միայն դեպի Հրվ Կովկաս, այլ՝ առաջարկում տարանցիկ ուղի Իրանին. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Newsline.am-ի զրուցակիցը «Եփրատ» ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանն է։

Վերջերս թուրք-վրացական սահմանին բացվեց Կարծախի-Չըլդըր/Աքթաշ սահմանային անցակետը, որը ավտոտրանսպորտի տեսանկյունից ավելի է կրճատում Հայաստանի ու Թուրքիայի միջև հեռավորությունը։ Ի՞նչ եք կարծում, արդյոք դա կարո՞ղ է մեծացնել Վրաստանի տարածքով Հայաստանի ու Թուրքիայի միջև տարվող առևտուրը։

Սա շատ կարևոր տարածաշրջանային զարգացում է, ինչին, կարծես, այնքան էլ մեծ ուշադրություն չդարձվեց Հայաստանում: Իրականում, Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների պայմաններում նոր անցակետը, որ Ախալքալակի անմիջական հարևանությամբ է, Թուրքիան ավելի է մոտեցնում ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին, և ծառայում նաև իրանական բեռնափոխադրումների ավելի հարմար և կարճ լինելուն: Այսպիսով, Թուրքիան բացում է ևս մեկ պատուհան ոչ միայն դեպի Հարավային Կովկաս, այլ՝ առաջարկում տարանցիկ ճանապարհ Իրանին: Սա նաև անուղղակիորեն մրցակից է դառնում Հայաստանում կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղուն: Թուրք-վրացական նոր անցակետն ուղղակիորեն չի բերի Թուրքիայից Հայաստան ներկրման ծավալների շեշտակի աճին, սակայն ավտոճանապարհի կարճության տեսանկյունից կդյուրացնի ապրանքաշրջանառությունը, որը, ցավոք, գերազանցապես միակողմանի է՝ Թուրքիայից Հայաստան:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա Թորքիայում իրաքյան կամ սիրիական սցենարով իրադարձությունների զարգացում։ Չե՞ք կարծում, որ Թուրքիայի հարավ-արևելքում իսկապես ծավալվում է նման սցենար։

Ես չէի շտապի այդ իրավիճակը համեմատել Իրաքի կամ Սիրիայի հետ: Այնտեղ սցենարներն այլ են, գործող ուժերը՝ այլ, և ի վերջո, պետություններն էլ այլ քաշային կարգերում են: Իհարկե, քրդական շարժումը Թուրքիան ցնցում է հիմքերից, սակայն դեռ 80-ականների և 90-ականների փորձը ցույց է տվել, որ թուրքական պետությունն ունակ է հաղթահարել նման ցնցումները, ընդ որում, այս դեպքում տեսնում ենք, որ պաշտոնական Անկարան շատ ավելի ակտիվ է գործում և հաճախ նախաձեռնողի դերում է, իսկ քրդական կողմն էլ գոնե ռազմական տեսանկյունից չունի այն ներուժը, ինչն առկա էր 80-ականներին կամ 90-ականներին: Սակայն այս ամենի հետ մեկտեղ քրդական հարցի համատեքստում շատ ավելի կարևոր զարգացում է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության քաղաքական պայքարը և ընտրական հաջողությունները, ինչը որակական նոր քայլ էր քրդական շարժման մեջ: Այսինքն՝ տեսնում ենք, որ Քրդական հարցի՝ ռազմական տեսանկյունից որոշակի անկմանն ու մարտավարության փոփոխությանը զուգընթաց քրդերը հաջողում են քաղաքական ճակատում, ինչը, կրկնում եմ, կարևորագույն և խորքային զարգացում է: Թեև մշտապես աչք է զարնում մեդիա դաշտի համար ավելի հետաքրքիր ու դինամիկ զինված բախումների լուսաբանումը, սակայն, իմ կարծիքով, առավել կարևոր և խորքային է «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության գոյությունն ու գործունեությունը, և ընդհանրապես, քրդական հասարակական-քաղաքական պայքարը մեր օրերում:

Օրեր առաջ Ստամբուլում ահաբեկչություն իրականացվեց, որի պատասխանատվությունը Թուրքիայի իշխանությունները դրեցին ԻՊ-ի վրա, ապա հայտարարեցին Սիրիայում ու Իրաքում ԻՊ-ի հինգ հարյուր օբյեկտներին հրետանային ու տանկային հարվածներ հասցնելու մասին։ Արդյոք հնարավոր համարու՞մ եք սրանից հետո Թուրքիա-ԻՊ հարաբերությունների կտրուկ վատթարացում։

Նախկինում ևս ԻՊ-ը գործողություններ էր իրականացրել կամ պատրաստվել իրականացնել Թուրքիայում, սակայն հաջորդող ամիսներին գոնե հեղինակավոր լրատվամիջոցների տեղեկությունները կրկին ուշադրություն էին հրավիրում Թուրքիայի և ԻՊ-ի գաղտնի համագործակցության վրա: Ստվերային համագործակցությունը կարելի է պայմանավորել մի շարք գործոններով, համընկնող շահերով և փոխադարձ հետաքրքրությամբ: Թուրքիան, որը չունի սեփական նավթային պաշարներ, ստիպված է արտաքին շուկաների միջոցով հագեցնել իր արդյունաբերության ածխաջրածնային ծարավը, իսկ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների նավթը ոչ միայն մոտ է, այլ նաև ավելի մատչելի է: Ընդհանուր շահերը տարածվում են ոչ միայն տնտեսական հարցերում, այլ նաև աշխարհաքաղաքական յուրահատկություններ ունեն: ԻՊ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են նաև քրդերի տեսանկյունից, նորություն և գաղտնիք չէ, որ և՛ թուրքական պետության, և՛ ահաբեկչական այս խմբավորման համար քրդերը թշնամի են: Անկարայի և ԻՊ-ի համար ևս մեկ ընդհանուր թիրախ է Բաշար Ասադը, որին սիրիական հակամարտության ամենասկզբից Անկարան փորձում է ամեն գնով հեռացնել իշխանությունից: Թուրքիա-ԻՊ հարաբերություններում անզեն աչքով էլ կարելի է տեսնել ակտիվության վայրիվերումներ: Թուրքիան ԻՊ-ի դեմ գործողությունները շեշտակի ավելացնում է, երբ կազմակերպությունը կա՛մ անմիջականորեն թուրքական պետության դեմ, կա՛մ էլ միջազգային մակարդակով առանձնացող գործողություններ է իրականացնում, ինչպես եղավ փարիզյան ահաբեկչություններից հետո: Թուրքիայի կտրուկ քայլերին հաջորդում է որոշակի պասիվությունը, որը շարունակվում է մինչ կրկին գործելու ազդանշանը:

Աղբյուր՝ NewsLine.am

allTurkey.am

Մեկնաբանություններ