Առաջիկայում է՛լ ավելի կմեծանա փախստականների հարցում Թուրքիայից ԵՄ-ի կախվածությունը. Հայկ Գաբրիելյան

Newsline.am-ի զրուցակիցը թուրքագետ Հայկ Գաբրիելյանն է։

Եվրոպայում Թուրքիային համարում են առանցքային երկիր

՝ կապված ներգաղթյալների հոսքը զսպելու խնդրի հետ։ Նման կարծիքի է հատկապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Համաձայն ե՞ք այս տեսակետի հետ։

Թուրքիային այս հարցում իսկապես կարելի է համարել առանցքային երկիր՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի ԵՄ ժամանած ավելի քան մեկ միլիոն փախստականների ու ներգաղթյալների ճնշող մասը Թուրքիայից է ժամանել Հունաստան (ԵՄ)։ Թուրքիան ամիսներ ու տարիներ շարունակ հայտարարում էր, որ ընդունել է նախ 1, ապա 2 միլիոն սիրիացի փախստականի, և որ նրանց վրա ծախսել է մի քանի (ներկա դրությամբ՝ 10) միլիարդ դոլար, մինչդեռ ողջ միջազգային հանրությունը կես միլիարդ դոլարից էլ պակաս գումար է տրամադրել երկրում ապաստանած փախստականների կարիքների ապահովմանը։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անգամ նամակներ էր հղել ԵՄ-ի, եվրոպական կառույցների, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԻՀԿ-ի ղեկավարներին՝ ընդգծելով, որ փախստականների շուրջ իրավիճակը չի կարող այլևս շարունակվել նույն կերպ։ Եվ կարելի է կարծել, որ սիրիացի փախստականների բեռան տակ կքած Թուրքիայի համբերության բաժակը լցվեց և դեռևս 2011 թվականից սիրիացի փախստականներին ընդունող Թուրքիան անցավ գործուն քայլերի։ Թուրքիան սկսեց առնվազն «աչք փակել» իր տարածքից Հունաստան (ԵՄ) փախստականների հոսքի վրա, իսկ որոշակի հրապարակումների համաձայն՝ աջակցել այդ գործընթացին, որն էլ հանգեցրեց ԵՄ-ում փախստականների հոսքի ուժգնացմանը։

Մասնավորապես, Էգեյան ծովի ափերին գտնվող քաղաքներում ու բնակավայրերում մեծ թափ հավաքեց փչովի նավակների արտադրությունն ու առևտուրը։ Դրանում ներգրավվել էր անգամ Թուրքիայի Բոդրում հանգստավայրում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Ֆրանսուազա Օլսեն՝ բացելով փչովի նավակների վաճառքի խանութ, և երբ նախորդ տարվա սեպտեմբերին բացահայտվեց նրա գործունեությունը, Օլսեն հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը նույնպես ներգրավված է ներգաղթյալներին Հունաստան տեղափոխելու գործընթացում։

Ի դեպ, Էգեյան ծովում կան հունական բազմաթիվ կղզիներ, այդ թվում նաև անմարդաբնակ, որոնք հեռու չեն թուրքական ափից, ինչն էլ դյուրացնում է Թուրքիայից փախստականների հոսքը դեպի այդ կղզիներ ուղղելը, որոնք արդեն իսկ համարվում են ԵՄ-ի տարածք։ Այդպիսով, Թուրքիայի տվյալ քայլերը հանգեցրին նրան, որ փախստականների հոսքի շնորհիվ աճեց նրա պահանջարկը ԵՄ-ում, և ԵՄ-ը խնդրի լուծումը տեսավ նրանում, որ միայն Թուրքիան է ի զորու զսպել փախստականների հոսքը, քանի որ Թուրքիան ԵՄ-ի ու փախստականների միջև ընկած միակ «սահմանակետն» է։

Եվ հենց միայն տվյալ հարցի շուրջ Թուրքիայի հետ բանակցելու ԵՄ-ի որոշումը, և Թուրքիայի կողմից համապատասխան պարտավորություններ ստանձնելը վկայում են, որ Թուրքիան ցանկության դեպքում կարող էր ժամանակին կանխել փախստականների ու ներգաղթյալների զանգվածային հոսքը, և որ դա չի արել միտումնավոր՝ հետապնդելով սեփական շահեր։

Արդյունքում ԵՄ-ը 2015 թվականի նոյեմբերի վերջին Թուրքիայի հետ պայմանավորվեց, որ այդ երկիրը կզսպի փախստականների հոսքը, նրանց կպահի իր տարածքում, ինչի դիմաց նրան տվեց երեք մեծ խոստում՝ 3 միլիարդ եվրոյի հատկացում, Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացների արագացում։

Եվ թեև Դավութօղլուն դրանից ընդամենը մեկ ամիս առաջ հայտարարում էր, թե իրենք չեն կարող ընդունել «Մեզ փող տվեք, և փախստականները կմնան Թուրքիայում» սկզբունքով համաձայնագիրը, և որ «Թուրքիան համակենտրոնացման ճամբար չէ, որտեղ մնում են բոլոր փախստականները», այնուամենայնիվ Թուրքիան, ինչպես և ակնկալվում էր, գնաց իր համար շահավետ այդ գործարքին։

Ուշագրավ է, որ Անգելա Մերկելը, ով ԵՄ-Թուրքիա ներկայիս գործարքի «ճարտարապետն» է, շուրջ մեկ տասնամյակ կտրականապես դեմ էր հանդես գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, և փոխարենը Թուրքիային առաջարկում էր «արտոնյալ գործընկերություն»։ Թուրքիան, սակայն, դա համարում էր «վիրավորական»՝ հայտարարելով, որ արդեն իսկ արտոնյալ հարաբերությունների մեջ է ԵՄ-ի հետ և որ իրեն կգոհացնի միայն ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալը։

2016 թվականի փետրվարի 3-ին ԵՄ-ը վերջնականապես հաստատեց փախստականների կարիքները հոգալու, նրանց կենսապայմանները բարձրացնելու համար Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրելը։ Արդյոք ներգաղթյալների հոսքի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կտա՞ն ԵՄ-ի համար բաղձալի արդյունքներ։

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ԵՄ-ն այժմ պատրաստ է ամեն քայլի, միայն թե Թուրքիան փախստականներին պահի իր մոտ։ Սակայն կարելի է ակնկալել, որ ԵՄ-ին այս հարցում սպասելու է մեծ հիասթափություն։ Թուրքիան ամեն պատեհ ու անպատեհ առիթներով կձգտի խուսափել ստանձնած պարտավորությունները կատարելուց, ձգձգել դրանց իրագործումը, ինչի արդյունքում ներգաղթյալների ու փախստականների հոսքը դեպի ԵՄ կշարունակի աճել, և ԵՄ-ը հարկադրված կլինի նորանոր զիջումների գնալ Թուրքիային։

Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Թուրքիան հայտարարել է, որ ԵՄ-ի խոստացած 3 միլիարդ եվրոն, որը նա ըստ ամենայնի կստանա փետրվարի վերջին, քիչ է՝ իր մոտ ապաստանած փախստականների խնդիրները լուծելու համար, և նա սկսել է պահանջել 5 միլիարդ եվրո։

Բացի այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հալեպի նահանգում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի ու ռուսական ավիախմբի աջակցությամբ սկսված վերջին հարձակումների հետևանքով տասնյակ հազարավոր ներգաղթյալներ սկսել են շարժվել դեպի Թուրքիա, և քանի դեռ Սիրիայում պատերազմ է, հաստատված չէ խաղաղություն, ուստի և «անհնար է» զսպել նրանց հոսքը Եվրոպա։

Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է տրամաբանական Էրդողանի այս հայտարարությունը։

Էրդողանի այս հայտարարությունը միայն առաջին հայացքից կարող է թվալ խելամիտ, սակայն իրականում դա այդպես չէ մի քանի պատճառով։ Նախևառաջ Թուրքիայում սիրիացի փախստականների հոսքի աճն ինքնաբերաբար չպետք է նշանակի, թե Թուրքիայում այլևս տեղ չի գտնվի նրանց ապաստան տրամադրելու համար, և որ Թուրքիան «հարկադրված» է նույն թվով փախստականներ ուղարկել Եվրոպա։

Երկրորդ հանգամանքն այն է, որ 2015թ. նոյեմբերի վերջին ԵՄ-ի հետ համապատասխան հարցի շուրջ պայմանավորվածության ժամանակ Թուրքիան պետք է գիտակցեր, որ սիրիացի փախստականների հոսքն իր մոտ շարունակ աճում է և էլ ավելի կաճի՝ հաշվի առնելով հենց նույն ռուսական ռմբակոծությունները, որոնք Սիրիայում մեկնարկել էին նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին (ԵՄ-ի ու Թուրքիայի գագաթնաժողովի ու պայմանավորվածության ձեռք բերումից գրեթե ուղիղ երկու ամիս առաջ)։

Եվ վերջապես, հազիվ թե Թուրքիայում ԵՄ-ի հետ գործարքի գնալու ժամանակ հույսեր ունեին, որ Սիրիայում պատերազմը մոտ է իր ավարտին, որ կան նման հեռանկարներ, և եթե Թուրքիան ներկայումս որոշել է Եվրոպա փախստականների հոսքի զսպման վերաբերյալ իր պարտավորությունը շաղկապել Սիրիայում պատերազմի դադարեցման ու խաղաղության հաստատման գործոնի հետ, ապա պետք է նկատել, որ եթե Սիրիայում հաստատվի խաղաղություն, ապա սիրիացի փախստականները մեծ հաշվով ինքնին կարիք չեն ունենա մնալու Թուրքիայում և կվերադառնան Սիրիա։

Սեփական պարտավորությունները չկատարելու հարցում Թուրքիայի այս խուսանավումները կարող են լուրջ բարդություններ առաջացնել ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Կարծում եմ, որ Թուրքիան առաջիկայում կշարունակի փախստականներին մեծապես ԵՄ «գործուղելու» իր քաղաքականությունը՝ դրանով իսկ թե՛ սեփական բեռը նվազեցնելու, թե՛ ԵՄ-ին ավելի ծանր կացության մեջ դնելու, իրենից վտանգավոր կախվածության մեջ դնելու, իր հանդեպ նրան ավելի զիջող դարձնելու համար, նրանից խոշոր զիջումներ պոկելու համար։

Ի դեպ, ներկա դրությամբ Թուրքիային արված նման խոշոր զիջումներից մեկն էլ այն է, որ ԵՄ-ը սկսել է գրեթե չքննադատել Թուրքիայի իշխանություններին, որոնք պատերազմ են հայտարարել սեփական քաղաքացիների դեմ, խստապես ոտնահարում են քաղաքացիական ազատությունները, հետապնդում են այլակարծությունը և այլն։ Ինչպես գրել է գերմանական մամուլը, ԵՄ-ը սկսել է վախենալ Թուրքիայի իշխանություններին քննադատելուց։

Աղբյուր՝ Newsline.am, Անի Եղիազարյան

allTurkey.am

Մեկնաբանություններ