Թուրքիայի` քրդական հիմնախնդրի կարգավորման նոր «մաստեր պլանը». Լևոն Հովսեփյան

Լևոն Հովսեփյան, թուրքագետ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր Մարդինում հրապարակեց Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի, այսպես ասած, «մաստեր պլանը»: Այդ պլանը վերաբերում է ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարին, այլ՝ սոցիալ-տնտեսական, մշակութային ու հոգեբանական տեսանկյուններից Թուրքիայի խնդրահարույց` արևելյան, հարավ-արևելյան քրդաբնակ շրջանների վերականգնմանը: Ավելի պարզ` ահաբեկչության դեմ պայքար տնտեսությամբ, սոցիալական վիճակի բարելավմամբ, հոգեբանական նոր մթնոլորտի ձևավորմամբ: Դավութօղլուն հայտարարում է թուրքական հասարակության տարբեր շերտերի «սոցիալական մոբիլիզացիա»:

Թերևս Դավութօղլուի ելույթում առանցքային էր մեկ շեշտադրում. այն, որ քրդական հիմնախնդրի կարգավորման հարթակը ոչ թե Իմրալըն է, այլ` Անկարան: Այսինքն` Դավութօղլուն պարզ հայտարարեց, որ քրդական հիմնախնդրի կարգավորման մեջ Աբդուլլա Օջալանն այլևս անելիք չունի, և սրանով փաստորեն նա մեկուսացվում է քաղաքական գործընթացներին նախկինում իր ունեցած հնարավորություններից:

Տարիներ առաջ երկրում քրդական խնդրի կարգավորման մեջ կարևոր դերակատարությունը տրված էր հենց նրան: Պետությունը Օջալանի միջոցով էր փորձում ինչ-ինչ գործընթացներ ապահովել: Այդպես էր 2010 թվականին, 2013 թվականին, երբ Օջալանի ուղերձի հրապարկմամբ հայտարարվեց զինադադար և «Քրդստանի բանվորական կուսակցությունը» սկսեց դուրս գալ Թուրքիայի տարածքից:
Օջալանի հետ բանակցությունները վարվում էին Ազգային հետախուզական կազմակերպության միջոցով: Եվ ոչ միայն: Հենց այդ կառույցին էր վստահված ամբողջ գործընթացի իրականացումն ու ուղղորդումը, և դրան տրված էր նաև մեծ ինքնուրույնություն: Իսկ այդ կառույցի ղեկավարի պաշտոնում Էրդողանի վստահելին համարվող Հաքան Ֆիդանի նշանակումը նաև մեծամասամբ պայմանավորված էր հենց դրանով:

Հիմա արդեն թուրքական պետությունը Օջալանին հանում է ասպարեզից: Մի կողմից լուրջ հաշվեհարդար ռազմական գործողությունների տեսքով ՔԲԿ-ի դեմ, մյուս կողմից էլ, այսպես ասած, քաղաքական հաշվեհարդար քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հետ: Նոյեմբերի արտահերթ ընտրություններից հետո իրավիճակը փոխվել է, և Էրդողանը նոր «մաստեր պլան» է մշակել: Օջալանի հետ գործարքն արդեն ձեռնտու՞ չէ Էրդողանին, թե՞:

Այս համատեքստում, թերևս, ի հայտ կարող է գալ օջալանական կերպարի և դերակատարության չեզոքացման ու առավել կարևոր` այլընտրանքային տարբերակի մատուցման հարցը: Ի դեպ, որոշակիորեն նման սցենար խաղարկվել է դեռ 2013 թվականին, երբ իրաքյան քրդական տարածաշրջանի ղեկավար Մեսութ Բարզանին այցելեց Թուրքիա: Նոյեմբերի 16-ին Դիարբեքիրում հոծ բազմության առջև հնչեցին Թուրքիայի այն ժամանակ վարչապետ Էրդողանի և Բարզանիի «պատմական» որակված ելույթները, որտեղ Էրդողանը հավաքված բազմությանը, ասել էր, որ «եթե ամեն ինչ լավ լինի, շուտով «լեռներում գտնվողները կիջնեն» և «բանտերը կդատարկվեն»:

Բնակչությունը կլինի միասնական և կստեղծվի նոր և մեծ Թուրքիա: Բարզանին էլ իր քրդերեն լեզվով ունեցած ելույթում շնորհակալություն էր հայտնել Էրդողանին «խաղաղության ճանապարհ բացելու համար»` կոչ հղելով քրդերին և թուրքերին աջակցել թուրք-քրդական խաղաղության գործընթացին: Բարզանին ասել էր. «Կեցցե՛ թուրք և քուրդ ժողովուրդների եղբայրությունը, կեցցե՛ խաղաղությունը»:

Թուրքական մամուլը, հատկապես իշխանական, այդ օրերին բազմատեսակ հրապարակումներով ավետում էր «նոր ժամանակաշրջանի» մասին` արտահայտելով յուրատեսակ ոգևորություն: Մամուլի միջոցով փորձ էր արվում նաև էականորեն մեծացնել, ընդգծել Բարզանիի դրական իմիջը, անձի կարևորությունը և դերակատարությունը հատկապես թուրքահպատակ քրդերի շրջանում:

Այս օրերին, երբ տարածաշրջանում տեղի են ունենում չափազանց կարևոր գործընթացներ, երբ Թուրքիայում չափազանց լարված է «քրդական գործոնը», Թուրքիայի կառավարությունը հրապարակում է նոր «մաստեր պլանի» մասին: Այս համատեքստում չափազանց ուշագրավ է թուրքական իշխանական մամուլի կողմից շրջանառության մեջ դրված մի հրապարակում, որը կարծում ենք, պատահականություն չէ: Իշխանամետ և հատկապես էրդողանամերձ լրատվամիջոցներից մեկն այսօր օրակարգ է բերել Իրաքում քրդական շարժման առաջնորդ, Քրդստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր, Իրաքյան քրդական տարածաշրջանի կառավարության ներկայիս ղեկավար Մեսութ Բարզանիի հոր` Մուստաֆա Բարզանիի` 1968 թվականին Թուրքիայի 5-րդ նախագահ Ջևդեթ Սունային գրված նամակը: Նամակում Բարզանին, Թուրքիայի նախագահին ներկայացնելով Իրաքում քրդերի ծանր վիճակը, օգնություն էր խնդրում Թուրքիայից` որպես եղբայրական ժողովրդի ու երկրի և խնդրում քայլեր ձեռնարկել Իրաքի արաբական կառավարության կեղեքիչ գործողությունների դադարեցման ուղղությամբ: Նամակում շեշտվում էր քրդերի և թուրքերի` «Օսմանյան համատեղ ժառանգությունն ու եղբայրությունը»: Գրեթե նմանատիպ շեշտադրումներով հանդես եկավ որդի Բարզանին Դիարբեքիրում:

Դժվար, թե սա ուղղակի պատահականություն լինի:

Արդյոք թուրքական պետությունը կրկին խաղադրույք է կատարում Բարզանիի վրա և արդյոք հրապարակված «մաստեր պլանի» մեջ դերակատարություն է վերապահված նրան, ցույց կտա ժամանակը, բայց որ Էրդողան-Բարզանի շահավետ գործարքների կայացման փորձեր կան, դա փաստ է: Եվ մյուս կողմից դեռ հարց է, թե ՔԲԿ-ի և ԺԴԿ-ի չեզոքացմամբ կառավարության նոր պլանը ինչպես կաշխատի և արդյոք դա հնարավոր է: Միգուցե Էրդողանը պատրաստվում է քրդական հիմնախնդրի լուծման նոր ձևաչափի, որի մասին դեռ երկար տարիներ առաջ մտորում էր Թուրգութ Օզալը:

Աղբյուր՝ Aysor.am

allTurkey.am

Մեկնաբանություններ