Թուրքիան ցանկանում է սրել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները. Ռուբեն Սաֆրաստյան

«Թուրքիայի վերջին մի քանի ամիսների քաղաքականությունը Սիրիայում նպատակ ունի ռուս-թուրքական հարաբերությունների մեջ ներքաշել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին»,- փետրվարի 5-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա համարում է, որ այդպիսով Թուրքիան ցանկանում է սրել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները. «Ես կարծում եմ, որ սա Էրդողանի քաղաքականության կարեւորագույն մասն է: Մյուս կողմից՝ մենք կարող ենք արձանագրել, որ չնայած հայտարարությունների մակարդակով ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգները օժանդակում են Թուրքիայի դիրքորոշմանը, օրինակ՝ կապված ռազմական օդանավերի ճգնաժամի հետ: Բայց մյուս կողմից՝ նրանք բավական զգուշավոր են, նրանք չեն ձգտում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ սիրիական ճգնաժամի պայմաններում»:

Նա հավելեց, որ Թուրքիան եւ Էրդողանը հնարավորությունը բաց չեն թողնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելու համար. «Թուրքիան ամեն դեպքում կփորձի օգտագործել Ադրբեջանին դրությունը սրելու համար: Որովհետեւ սա մտնում է Թուրքիայի ընդհանուր քաղաքականության շրջանակների մեջ, որ մենք ականատես ենք լինում: Մեր աչքերի առաջ է այս ամենը լինում, առաջ Թուրքիան իրեն այսպես սանձարձակ չէր պահում, շատ ավելի զգուշավոր քաղաքականություն էր վարում, դեռ սրանից մի քանի տարի առաջ, վերջին շրջանում Թուրքիան շատ է փոխել իր արտաքին քաղաքականությունը: Եվ պետք է սպասել, որ Թուրքիան կփորձի»:

Աղբյուր՝ Առավոտ

allTurkey.am

Մեկնաբանություններ