Թուրքիայի ներքին քաղաքականությունը. 2016-ի հունվար. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Կուսակցություններ.– 2016թ. հունվարին տեղի ունեցան ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ) ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների (ԺԴԿ) համագումարները, ընտրվեցին նրանց առաջնորդները։ ԺԴԿ համագումարի արդյունքներով նրա համանախագահների պաշտոններում վերընտրվեցին Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը։ Համագումարին ներկա 1049 պատվիրակից քվեարկությանը մասնակցել է միայն 626-ը, որոնցից 624-ն իր աջակցությունն է հայտնել նրանց (մնացա] 2 քվեն ճանաչվել է անվավեր)։ Հունվարին հաղորդվեց, որ ԺԴԿ պատգամավոր Լեյլա Զանան իր 8 համակիրների հետ կարող է լքել կուսակցությունը։ Լեյլա Զանայի և ԺԴԿ ղեկավարության միջև հարաբերություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Զանան «Քրդական հարցի» քննարկման համար հանդիպում խնդրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից։ Վերջինս, սակայն, հրաժարվեց հանդիպել Զանայի հետ, հայտարարեց, որ Թուրքիայում չկա «Քրդական հարց» և դեմ արտահայտվեց քրդերի ինքնավարությանը։

ԺՀԿ համագումարի արդյունքներով կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 1238 քվեից հավաքելով 990 քվե (մնացյալ 248 քվեն ճանաչվել է անվավեր)։ Իր ելույթում Քըլըչդարօղլուն քննադատեց Էրդողանին՝ նրան անվանելով «բռնապետի ծաղրանմանակ»։ Դրանից հետո Էրդողանը դատի տվեց նրան՝ պահանջելով մոտ $33 հազարի փոխհատուցում։ Բացի այդ, Քըլըչդարօղլուի նկատմամբ հետաքննություն սկսվեց՝ երկրի նախագահին վիրավորելու համար։ Հունվարին Էրդողանը պարտվեց Քըլըչդարօղլուի դեմ ներկայացրած մեկ այլ հայցում, որը կապված էր 2015թ. մայիսին Քըլըչդարօղլուի այն հայտարարության հետ, որ 1000 սենյականոց նախագահական նստավայրում դրված են ոսկե զուգարանակոնքեր։ Սակայն դատարանը Քըլըչդարօղլուի խոսքերը համարեց քաղաքական քննադատություն և Էրդողանին պարտավորեցրեց վճարել դատարանի ծախսերն ու Քըլըչդարօղլուին փոխհատուցել փաստաբանի ծախսերը։

Թուրքիայի խորհրդարանի չորրորդ խոշոր ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին, որը հունվարին ենթարկվել է սրտի վիրահատության, հայտարարեց, որ կուսակցության համագումարն անցկացվելու է 2018թ. մարտի 18-ին։ Բահչելին նաև հայտարարել է (իր ընդդիմադիր) Սինան Օղանին և Մերալ Աքշեներին կուսակցության շարքերից հեռացնելու անհրաժեշտության մասին, որոնք ԱՇԿ նախագահ դառնալու ֆավորիտների թվում են։

Ահաբեկչություն.– Հունվարի 12-ին մահապարտ ահաբեկիչը Ստամբուլի պատմական կենտրոն համարվող Սուլթանահմեթի հրապարակում պայթեցրեց իրեն, որի հետևանքով զոհվեց Գերմանիայի 11 քաղաքացի։ Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրեց ԻՊ-ին։ Ստամբուլի ահաբեկչությունը ծանր հարված հանդիսացավ ողջ Թուրքիայի զբոսաշրջության համար՝ հաշվի առնելով, որ արտերկրից ժամանող զբոսաշրջիկների թվում առաջին տեղում հենց Գերմանիայի քաղաքացիներն են, իսկ երկրորդ տեղում՝ Ռուսաստանի քաղաքացիները (2015թ. Թուրքիայի զբոսաշրջային եկամուտները նվազել են 8.3%-ով)։ Թուրքիայում շատերը զբոսաշրջության համար ավարտված են համարում 2016 թվականը, իսկ ծովափնյա մոտ 1300 հյուրանոց հանվել է վաճառքի։ Նրանց համարների թիվը հասնում է 153 հազարի, իսկ ընդհանուր արժեքը գնահատվում է $10 մլրդ։

Հունվարին Անկարայի դատախազությունը հայտնեց, որ 2015թ. հոկտեմբերի 10-ին Անկարայում Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչությունը (103 զոհ, 500-ից ավելի վիրավոր) հեղինակած երկրորդ մահապարտ ահաբեկիչը Սիրիայի քաղաքացի է, սակայն չներկայացրեց նրա անունը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ մահապարտ ահաբեկիչներից մեկը Յունուս Էմրե Ալագյոզն է, որը մեկ այլ մահապարտ ահաբեկիչ Շեյխ Աբդուռահման Ալագյոզի եղբայրն է, որն էլ իր հերթին 2015թ. հուլիսին ահաբեկչություն էր իրականացրել Սուրուչում (զոհվել է 33 մարդ)։ Փաստորեն, Թուրքիայի իշխանություններն ահաբեկչության բոլոր երեք դեպքերի համար էլ մեղադրել են ԻՊ-ին։

Բռնություններ և PKK (Քրդստանի բանվորական կուսակցություն).– Հունվարին շարունակվեց Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ մի շարք շրջաններում թուրք ուժայինների հատուկ գործողությունը, որոնք Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) մեղադրում են ռազմավարությունը փոխելու, մարտերը քաղաքներ տեղափոխելու, խաղաղ բնակիչներին որպես «կենդանի վահան» օգտագործելու համար։ Բախումների հետևանքով փախստական է դարձել մոտ 150 հազար մարդ։ Թուրքական կողմն անգամ կրակել է հուղարկավորության մասնակից անզեն քրդերի վրա. ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել հետաքննել այդ ողբերգական միջադեպը։ Ի դեպ, Քըլըչդարօղլուն, դիմելով Թուրքիայի իշխանություններին, հայտարարել է. «Կասե՞ք, թե ինչով են երկրի հարավ-արևելքի դեպքերի լուսանկարները տարբերվում Սիրիայի դեպքերի լուսանկարներից»։

Հունվարին 89 համալսարանի 1128 թուրք և օտարազգի գիտնականներ հրապարակեցին «Մենք այդ հանցագործության մաս չենք կազմի» անվանմամբ դիմում, որտեղ Թուրքիայի կառավարությանը կոչ արեցին դադարեցնել հարավ-արևելքում իրականացվող սպանդը և վերադառնալ քրդական խնդրի խաղաղ կարգավորմանը։ Դա հարուցել է Էրդողանի զայրույթը. «Այդ ամբոխը, որն իրեն անվանում է գիտնականներ, իր դիմումում մեղադրում է պետությանը: Հեյ, դուք, այսպես կոչված մտավորականներ, դուք ոչ թե լուսավորված, այլ մութ մարդիկ եք: Դուք բոլորովին նման չեք մտավորականների: Դուք տգետ եք և ոչինչ չգիտեք Թուրքիայի հարավ-արևելքի մասին: Իսկ մենք գիտենք այդ շրջանը՝ ինչպես մեր տան հասցեները։ Եթե դուք ցանկանում եք զբաղվել քաղաքականությամբ, ապա եկեք խորհրդարան և արեք դա, իսկ եթե ոչ, ապա կարող եք բարձրանալ լեռները»։ Էրդողանը կոչի տակ ստորագրած օտար գիտնականներին հրավիրեց այցելել Թուրքիա: Ապա անմիջապես սկսվեցին դիմումի տակ ստորագրած թուրք գիտնականների հալածանքները։ Թուրքիայի կրթության Բարձրագույն խորհուրդը հայտարարեց, որ վարչական միջոցներ կձեռնարկի կոչը ստորագրած թուրք գիտնականների նկատմամբ: Նրանց մի մասին ձերբակալեցին, ապա ազատ արձակեցին։ Գիտնականների հանդեպ նման վերաբերմունքի համար մտահոգություն հայտնեց Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, ինչից հետո Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը նրան կոչ արեց լքել երկիրը. «ԱՄՆ-ում ոստիկանությունը մարդկանց վրա կրակում է ինչպես տանձերի, և դա՝ նրա համար, որ մարդը չի բարձրացնում ձեռքը, իսկ մեզ դու խորհուրդ ես տալիս համբերատար գտնվել մեր ոստիկանների ու զինվորների վրա զինված ահաբեկիչների հարձակումների հանդեպ։ Ո՛չ, մենք համբերատար չենք գտնվի դրա հանդեպ, հարգելի դեսպան։ Դու սխալ ընտրություն ես ԱՄՆ-ի համար, վերադարձի՛ր քո երկիր, և թող գա մեկ այլ դեսպան, որը ճանաչում է մեզ»։ Ուշագրավ է, որ հունվարին Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հանդիպումներ ունեցավ 2007թ. հունվարի 19-ին սպանված «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի (2016թ. հունվարի 19-ին Ստամբուլում և այլուր հարգեցին նրա հիշատակը) այրի Ռաքել Դինքի, Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի (սպանվել է 2015թ. նոյեմբերի 28-ին) այրի Թյուրքան Էլչիի և կալանավորված լրագրող Ջան Դյունդարի կնոջ` Դիլեք Դյունդարի հետ, ինչն, անկասկած, ԱՄՆ-ի կողմից Թուրքիային արված ուղերձ է պարունակում։

Հունվարին թուրքական ընդդիմադիր Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը դատապարտվեց 14-ամսյա պայմանական ազատազրկման՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու համար։ Բացի այդ, Ստամբուլի դատախազությունը պահանջեց ցմահ ազատազրկել Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլին, որոնք լրագրողական հետաքննություն էին իրականացրել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիա զենքի գաղտնի մատակարարումների մասին։ Ընդ որում՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը լրագրողների միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին չի թույլատրել հանդիպել նրանց հետ։ Հունվարին Թուրքիայում դատական գործընթաց է սկսվել Մարդինի քաղաքապետ, քուրդ հանրահայտ քաղաքական գործիչ Ահմեթ Թուրքի դեմ, որին սպառնում է 7.5-18 տարվա ազատազրկում։ Ահմեթ Թուրքը մեղադրվում է «ահաբեկչական զինված կազմակերպության անդամի օգտին քարոզչություն կատարելու» համար։ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել CNN Türk հեռուստաընկերության ներկայացուցիչների դեմ, որոնք մեղադրվում են Էրդողանի հասցեին Քըլըչդարօղլուի հնչեցրած վիրավորական խոսքերը («բռնապետի ծաղրանմանակ») մեջբերելու համար։ Ի դեպ, Քըլըչդարօղլուի այդ խոսքերից հետո Էրդողանի օգնականներից Յըղըթ Բուլութը հայտարարել է Թուրքիայի Isbank խոշորագույն մասնավոր բանկն ազգայնացնելու անհրաժեշտության մասին, որի բաժնետոմսերի 28.09%-ը պատկանում է ԺՀԿ-ին՝ համաձայն Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և ԺՀԿ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կտակի։ Բուլութն ընդգծել է, որ կուսակցությունը չի կարող բանկ ունենալ (Isbank-ը Աթաթուրքի հրամանով ստեղծվել է 1924թ.)։ Գյուլենականների դեմ պայքարն ընթացքի մեջ է։

Նոր սահմանադրություն.– Հունվարին թուրքական մամուլը գրեց, որ Էրդողանն Անկարայում տվել է նոր սահմանադրությանն ու կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու մեկնարկը՝ հայտարարելով, որ երկիրը կարիք ունի նոր սահմանադրության, որն առանց կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու կլինի ոչ լիարժեք. «Աներևակայելի է, որ ժողովրդի կողմից ընտրված նախագահը խաղա միայն խորհրդանշական դեր։ Թուրքիան կարիք ունի նոր սահմանադրության և նախագահական համակարգի, քանի որ խորհրդարանական համակարգը հնացել է և հարմար չէ։ Տվյալ հարցի շուրջ որոշում պետք է կայացնի ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը»։ Էրդողանը հասկանում է, որ խորհրդարանի միջոցով իր լիազորությունների ընդլայնմանը հասնելը կլինի շատ ավելի դժվար, քան հանրաքվեի դեպքում։ Չի բացառվում, որ հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասերում տեղադրվի երկու առանձին քվեատուփ, որոնցից մեկն առնչվելու է նոր սահմանադրության ընդունմանը, իսկ մյուսը՝ կառավարման նախագահական համակարգին անցում կատարելուն։ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ ներկա սահմանադրությունը Թուրքիայի զարգացման գլխավոր խոչընդոտն է, և որ այն չի համապատասխանում ժամանակակից Թուրքիայի շահերին: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը հայտարարել է, որ «Նոր Թուրքիային անհրաժեշտ է նոր սահմանադրություն»։ Թուրքիայում ներկայումս գործում է 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո (1982թ.) ընդունված սահմանադրությունը։

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ