Խարբերդի գավառի Բազմաշեն գյուղը. Ռոբերտ Թաթոյան

բազմաշեն

Ռոբերտ Թաթոյան

Բազմաշեն գյուղը գտնվում էր Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Խարբերդի գավառում, Խարբերդ քաղաքից 8 կմ դեպի արևմուտք։

Գյուղը հնում կոչվել է Բազման։ Ըստ ավանդության, հիմնադրվել է 1165 թ․ յոթը հայ բազմանդամ ընտանիքների կողմից: Դարերի ընթացքում գյուղն ավելի բազմամարդ էր դարձել: Ցեղասպանության նախօրյակին Բազմաշենը շուրջ 6,000 հայ բնակչություն ուներ: Բազմաշենի կոշկակարների, ատաղձագործների, շաքարագործների, կտավագործների արտադրանքը վաճառվում էր Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում։ Կար ձիթհանք, ծխախոտի գլանակի թղթեր կտրող և փաթաթող արհեստանոց։

1887 թ.-ից մեծ թափ է ստանում Բազմաշենի հայերի գաղթը դեպի ԱՄՆ։ 1892 թ. ամերիկաբնակ բազմաշենցիները հիմնում են Բազմաշենի լուսավորչական ուսումնասիրաց ընկերությունը, որը զբաղվել է հայրենի գյուղի երիտասարդների ուսման հարցերով։ Ընկերությունը մեծ օգնություն է ցույց տալիս 1895 թ. համիդյան կոտորածներից տուժած հայրենակիցներին, կառուցում է դպրոցի նոր շենք 300 աշակերտի համար։

Թուրքական իշխանությունները Բազմաշենի բնակչությանը դեպի Սիրիայի անապատներ մեկնելու հրամանը տալիս են 1915 թ․ հունիսի 28-ին: Շատ ընտանիքներ անօգնական էին՝ իրենց ամուսինները և զավակները զինվորագրված կամ բանտարկված էին: Երկու-երեք, չորս անչափահաս երեխաներով ոտքովճամփա գնալն անհնար էր: Հոգնած փոքրիկները մայրերին խնդրում էին գրկել իրենց, իսկ կանայք, ուրիշ միջոց չունենալով երեխաներին քայլելու ուժ տալու, ասում էին «Տղաս, եթե չքայլես, թուրքը քեզ պիտի սպանե»:
Տեղահանության հրամանին չեն ենթարկվում միայն բազմաշենցի մի քանի երիտասարդներ, որոնք թաքնվում են գյուղի մոտակայքներում, սակայն հետագայում բացահայտվելով սպանվում են քրդերի ու թուրքերի կողմից:
Անապատի ճանապարհին բազմաշենցիները միացվում են Խարբերդի գավառի այլ բնակավայրերից հավաքված հայության 30,000-ոց քարավանին: Եփրատի ափին /Քյոմուրխանի մոտ, Բազմաշենից շուրջ 50 կմ դեպի հարավ/ թուրք զինվորները 12 տարեկանից բարձր տղամարդկանց առանձնացնում են կանանցից ու երեխաներից: Քարավանի հեռանալուց քիչ անց բոլոր տղամարդիկ սրի են քաշվում ու նետվում Եփրատ գետը:

Քարավանի հաջորդ հանրգվանն էր Մալաթիան: Ականատեսներից մեկը հետևյալ կերպ է նկարագրում դեպի մահ տանող ճանապարհի զրկանքները․ «Այն երիտասարդ ու կայտառ կիները, որ յաճախ մարդոցմէ աւելի զօրաւոր էին, հիմա տկարացած` այլեւս քալելու կարողութիւն իսկ չունէին: Չէին կրնար զաւակներուն անգամ հոգ տանիլ, ստիպուած էին իրենց հոգեհատորները ճամբուն եզերքը թողուլ ու հեռանալ: Եւ ի՜նչ սարսափելի բան է մոր մը համար բաժանուիլ իր սիրասուն զաւկեն․ բայց ուրիշ միջոց չունէր: Մայրը, որ իր զաւակը փրկելու համար կէանքը վրայ կ’ուզէր տալ, ատիկայ անգամ չէր կրնար ընել․ պէտք է ձգէր զաւակը եւ քալէր խումբին հետ: Այդ էր թուրք պաշտօնէային հրամանը: Յաճախ կը պատահէր, որ մայր մը իր 3-4 տարեկան փոքրիկը ծառի մը տակ նստեցնելով կ’ըսէր. «Դուն հոս կեցիր, ես երթամ քեզի ջուր բերեմ»: Ու կը հեռանար այլեւս չդառնալու համար: Մայրը գիտէր, որ չպիտի վերադառնայ, բայց պատառ մը հաց իսկ չունէր, որ պզտիկին տա եւ արցունքը աչքին չկրնալով իսկ լալ կը հեռանար զաւկէն, յաճախ ետին դառնալով զաւակը կրկին տեսնելու»:
Շատերը մահանում էին սովից ու ծարավից․ «Կը պատահէր, որ ջուրի քովէ անցնէին, բայց ոչ ոք արտօնուած էր կաթիլ մը ջուր խմելու եւ իր պապակը յագեցնելու»:
Որոշ քաղաքների ու գյուղերի մոտ քարավանի անցնելու անցնելու ժամանակ տարագիրները ենթարկվում էին թուրք ու քուրդ խուժանի հարձակման ու կողոպուտի: Հաճախ էին բռնաբարությունները… Շատ աղջիկներ ու երիտասարդ հարսեր խլվում ու տարվում էին թուրքական ու քրդական տներ, որտեղ նրանց լծում էին տնային ստրկական աշխատանքների: Շատ կանայք, «պատուոյ նախանձախնդիր՝ ինքզինքնին չեն ուզած յանձնել եւ ջուրը նետուելով վերջ տուած են իրենց կեանքին»:
Կանայք և երեխաները քայլում էին կիզիչ արևի տակ․ «Շատերու մարմինը արեւին տակ այրած եւ վէրք բացուած էր: Կառավարութեան հրահանգով այսպիսիները հաւաքելով վառեցին, որպէս զի տարափոխիկ հիւանդութիւններու առաջքը առնուի»:
Ուրֆայի Վերանշեհիր բնակավայրից հետո սկսվում էր սակավ բնակեցված անապատային շրջանը: Ականատեսներից մեկը պատմում է․ «Հիմա (տեղահանվածներին) գիւղերէ ու քաղաքներէ հեռու կը տանէին, որպէս զի ոեւէ ուտելիք չկրնային ճարել: Պատահէր, որ սատկած անասուն մը տեսնէին, իրարու ձեռքէ կը յափշտակէին: Միսը ուտելէ ետք, ոսկորները խնամքով կը պահէին եւ ճանբու ընթացքին կը կրծէին: Յաճախ այս ոսկորները ծեծելով ալիւրի վերածած եւ կերած են»:…

Բազմաշեն գյուղից տեղահանված շուրջ 6,000 հայերից Դեր էլ Զոր կարողացան հասնել հազիվ 155 հոգի: 1918 թ․ զինադադարից հետո Ասորիքի անապատներում, Ուրֆայի ու Բաղդադի շրջաններում ցաքուցրիվ իր գոյությունն էր պահպանում 25 բազմաշենցի: Նրանց հավաքման և ծննդավայր տեղափոխման գործը ստանձնում են ամերիկյան բանակի կազմում որպես կամավոր ռազմաճակատ մեկնած ամերիկաբնակ բազմաշենցի երիտասարդները: Պատերազմից հետո Բազմաշեն վերադարձած, շրջակա թուրքական եւ քրդական գյուղերում պատանդ պահվող մոտ 80 բազմաշենցիների հետ միասին բնակավայրի հայ բնակչությունը կազմում էր շուրջ 140 հոգի: Գյուղը ավերակ վիճակի մեջ էր, հայերի ունեցվածքին տիրացել էր կառավարությունը կամ ազդեցիկ քուրդ և թուրք աղաները: Վերադարձած բազմաշենցիները հակառակ բոլոր զրկանքներին ու ճնշումներին կարողացան մնալ իրենց հայրենի բնակավայրում մինչև 1929 թ․, երբ արդեն քեմալական կառավարությունը նրանց ստիպողաբար հրահանգեց թողնել ունեցվածքը և հեռանալ այլ երկրներ՝ Սիրիա, Ֆրանսիա, ԱՄՆ:

Թուրքական իշխանությունները վերանվանեցին Բազմաշենը Սարիչուբուկ. ըստ 2012 թ․ տվյալների, այդ բնակավայրի բնակչությունը կազմում էր 668 հոգի:

Ակնարկը պատրաստելիս օգտվել ենք Բազմաշենի պատմությանը նվիրված Աբդալ Պողոսյանի երկից (Պօղոսեան Ապտալ, Բազմաշէնի ընդարձակ պատմութիւնը: Իր հիմնարկութենէն մինչեւ վերջին օրերը, Պոստոն, տպ. Պայքար, 1930) և այլ նյութերից:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ