Թուրքիայի ներքին քաղաքականությունը. 2016-ի փետրվար. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Անկարայի ահաբեկչությունը – Փետրվարի 17-ին Անկարայում իրականացվեց նոր ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց 29 և վիրավորվեց 61 մարդ։ Ուշագրավ է, որ ահաբեկչությունն իրականացվել էր Թուրքիայի Գլխավոր շտաբի, խորհրդարանի և զինվորականների հանրակացարանի մոտ։ Զինվորականների փոխադրամիջոցի անցման պահին պայթեցվել էր պայթուցիկով լեցուն ավտոմեքենան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պայթյունի համար մեղադրեց Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ռազմական թև YPG-ին. «Կասկած չկա, որ հարձակումն իրականացրել է YPG մահապարտ ահաբեկիչը։ Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերն այդ են վկայում։ Այդ միջադեպը մեր ընկերներին կօգնի գիտակցել, որ նրանք սխալվել են, որ PYD-ն ու YPG-ն կապված են PKK-ի հետ»։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ պայթյունն իրականացրել է Սիրիայի Հասեկե շրջանի բնակիչ, YPG ներկայացուցիչ Սալիհ Նեջարը, որին այդ հարցում Թուրքիայի ներսում օգնել են PKK անդամները։ Դավութօղլուն խոստացավ համապատասխան ապացույցներ ներկայացնել բոլոր երկրներին։ Սա իսկապես իդեալական տարբերակ կլիներ թուրքական կողմի համար՝ ԱՄՆ-ին ու համայն աշխարհին ցույց տալու համար PYD-ի ու PKK-ի կապը, որպեսզի նրանցից հեռու մնան, ինչպես նաև «հիմք» ստեղծվի Սիրիա ցամաքային ներխուժման համար։

PYD համանախագահ Սալիհ Մուսլիմը հերքեց, թե Սիրիայի քրդերը որևէ կապ ունեն Անկարայում տեղի ունեցածի հետ։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնեց «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը՝ հայտարարելով, որ պայթյունն իրագործել է Աբդուլբաքի Սյոմերը։ Թուրքական կողմը հաստատեց դա՝ ԴՆԹ նմուշ վերցնելով Վանում բնակվող նրա հորից` Մուսա Սյոմերից և համեմատելով պայթյունի վայրում ահաբեկչի մարմնից վերցված ԴՆԹ նմուշի հետ։ TAK-ն ընդգծեց, որ Անկարայի պայթյունն իշխանությունների քաղաքականության պատասխանն է և հատկապես Ջիզրեում անպաշտպան, վիրավոր խաղաղ մարդկանց սպանելու վրեժն է։ Այդպիսով, Թուրքիայի իշխանությունները ֆիասկո կրեցին ահաբեկչությունը Սիրիայի քրդերի վրա բարդելու գործում։ Թուրքական մամուլը գրեց, որ Անկարայի ահաբեկչությունից հետո կարող է պաշտոնանկ արվել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, որը դառնալու է Տոկիոյում Թուրքիայի դեսպան, իսկ նրան փոխարինելու է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։

ԱԶԿ ներքին խմորումներ – Փետրվարին ուշագրավ զարգացումներ ծավալվեցին Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) շրջանում։ Դա, մասնավորապես, վերաբերում է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլա Գյուլի ակտիվացմանը, որն Անկարայում 3 ժամանոց հանդիպում ունեցավ Էրդողանի հետ։ Անակնկալ որակված այդ հանդիպումը տեղի է ունեցել Էրդողանի հրավիրած անվտանգության գագաթաժողովից հետո, որում քննարկվել էին Սիրիայի վերջին զարգացումները։ Դրանից հետո Գյուլն Անկարայում այցելեց նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի տուն։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև կրթության նախկին նախարար Հուսեին Չելիքը, արդյունաբերության նախկին նախարար Նիհաթ Էրգյունը, արդարադատության նախկին նախարար Սադուլա Էրգինը։ 2.5 ժամ տևած հանդիպումից հետո հայտարարություն չի տարածվել։

Բյուլենթ Արընչը փետրվարին հայտարարեց, որ Էրդողանը ստել է՝ պնդելով, թե չի իմացել «Քրդական հարցի» կարգավորման մասին հռչակագրի ստորագրման մասին։ Խոսքը կառավարության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) միջև բանակցությունների արդյունքներով ձեռք բերված «Դոլմաբահչեի կոնսենսուս» անվանմամբ հայտնի համաձայնագրի մասին է, որը «Քրդական հարցի» լուծման պլան է, և որի մասին հայտարարվել է 2015թ. փետրվարին։ Արընչը պնդել է, որ թեև Էրդողանն անձամբ չի մասնակցել փետրվարյան բանակցություններին, սակայն քաջատեղյակ է եղել դրանց արդյունքների մասին և, ամռանը նրա կողմից հակառակը պնդելը խաբկանք է (կապված է ընտրական քվեներ հավաքելու հետ)։ Էրդողանն իր հերթին Արընչին մեղադրեց ստելու համար՝ ընդգծելով, որ ԺԴԿ պատգամավորների հետ բանակցություններ վարել է կառավարությունը, որին զգուշացրել է չանել դա։ Արընչը, սակայն, կասկածի տակ դրեց, որ Էրդողանի նման զգուշացումից հետո կառավարության անդամները կստորագրեին անընդունելի համաձայնագիր։ Արընչը նաև անհիմն ու իրավական հիմք չունեցող համարեց Ֆեթհուլա Գյուլենի «Հիզմեթ» շարժման դեմ հայտարարված «վհուկների որսը»։

Հուսեին Չելիքը նույնպես կոշտ քննադատության ենթարկեց Թուրքիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ որևէ ազատություն չկա ԱԶԿ ներսում, էլ չենք ասում դրա սահմաններից դուրս. «ԱԶԿ ներսում չկա որևէ փոխադարձ հարգանք, հարուստներն ընդհանրապես չեն ընդունում կուսակցության մյուս անդամների նախաձեռնությունը, և որ տվյալ դեպքում անհնար է խոսել ժողովրդավարության կամ մարդկային փոխհարաբերությունների մասին»։ Նման հայտարարություն արեց նաև ՆԳՆ նախկին նախարար Իդրիս Նաիմ Շահինը՝ ընդգծելով, որ ԱԶԿ վերնախավը հիմնականում կազմված է օլիգարխներից, իսկ ժողովրդից սերածները ստիպված են ուղղակի համաձայնել նրանց հետ։

Փետրվարին հաղորդվեց, որ Բյուլենթ Արընչը և Հուսեին Չելիքը կարող են կանչվել հարցաքննության՝ կապված «զուգահեռ կառույցի» (Գյուլենական շարժում) դեմ տարվող հետաքննության հետ։ Բացի այդ, ԱԶԿ կայքում հրապարակվեց կուսակցության հիմնադիրների նոր ցուցակը, որում նրանց թիվը 64-ից նվազել է 61-ի։ Մասնավորապես, տվյալ ցուցակից դուրս են մնացել Աբդուլա Գյուլը և ԱԶԿ-ից Թուրքիայի առաջին (2002թ. նոյեմբեր – 2003թ. մարտ) արտգործնախարար Յաշար Յաքըշը։ Դրանից առաջ Գյուլը հայտարարել էր, թե Թուրքիան ապրում է վերջին շրջանի և անգամ հանրապետության պատմության ընթացքում ամենաբարդ օրերից մեկը՝ կապված Անկարայի ահաբեկչության ու հարավ-արևելքի արյունալի դեպքերի հետ (այստեղ փախստականների թիվն արդեն գերազանցել է 200.000-ը)։ Իսկ Յաշար Յաքըշը հայտարարել էր, որ Սիրիայում ռազմական միջամտության դեպքում Թուրքիան կարող է կորցնել Հաթայը։ Ի դեպ, 2015թ. ապրիլին Գյուլը հայտարարել էր. «ԱԶԿ հիմնական հիմնադիրը ես եմ: ԱԶԿ-ի կողմից առաջ քաշված թե՛ առաջին վարչապետը, թե՛ առաջին նախագահը եղել եմ ես»:

Նոր սահմանադրություն – Փետրվարին Թուրքիայում լուծարվեց նոր սահմանադրության մշակման նպատակով ստեղծված Սահմանադրական հանձնաժողովը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարեց Սահմանադրական հանձնաժողովից դուրս գալու մասին՝ դա պատճառաբանելով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների հարցում համաձայնության չգալու հանգամանքով: ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ հանձնաժողովի ներսում երեք ընդդիմադիր կուսակցությունները պաշտպանել են երկրի կառավարման խորհրդարանական համակարգը, մինչդեռ ԱԶԿ-ն ցանկանում է անցում կատարել կառավարման նախագահական մոդելին: ԱԶԿ փոխնախագահ Օմեր Չելիքը ԺՀԿ-ին մեղադրեց նոր սահմանադրության ստեղծման գործընթացը խափանելու մեջ. «Մենք ցանկանում էինք ստեղծել նոր Թուրքիայի առաջին սահմանադրությունը, սակայն նրանք պնդեցին հին Թուրքիայի սահմանադրության պահպանումը»։ Թուրքիայի սահմանադրական հանձնաժողովը բաղկացած էր 12 պատգամավորից՝ երեքական անդամ խորհրդարան անցած 4 քաղաքական ուժից: Սահմանադրական հանձնաժողովի կազմալուծումից հետո Դավութօղլուն խորհրդարանական ուժերին կոչ արեց շարունակել առանց նախապայմանների հարցերի քննարկումները՝ հավելելով, որ ԱԶԿ-ն մտադիր է ընդունել նոր Սահմանադրություն, քանի որ ներկայիս սահմանադրությունը Թուրքիայի զարգացման հիմնական արգելքն է։ Թուրքական մամուլն արդեն հեգնում է, որ Էրդողանն այժմ էլ առաջ է քաշել «կա՛մ նախագահական համակարգ, կա՛մ քաոս» թեզը։ Ամիսներ առաջ Էրդողանին հաջողվել էր «կա՛մ մենք, կա՛մ քաոս» թեզով մոլորեցնել ընտրազանգվածի մի ստվար հատվածին, որը 2015թ. նոյեմբերյան խորհրդարանական ընտրություններում քվեարկեց ԱԶԿ-ի օգտին, որն էլ այդպիսով ստացավ միակուսակցական կառավարություն հիմնելու իրավունք։

PKK, Դավութօղլուի քրդական պլանը – Փետրվարին Էրդողանը հայտարարեց, որ 2015թ. հուլիսից PKK-ի դեմ պայքարում սպանվել է Թուրքիայի անվտանգության ուժերի ավելի քան 300 աշխատակից՝ ընդգծելով, որ «PKK-ն չի կարող ներկայացնել քրդերին»։ Փետրվարին թուրքական մամուլը գրեց, որ հետախուզական կառույցները մտավախություն ունեն, որ PKK զինյալները կարող են կիրառել ռումբերով բեռնված անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Դրա մասին են վկայել Թուրքիայի հարավ-արևելքում ընթացող ռազմական գործողությունները, որոնց ընթացքում PKK թաքստոցներից հայտնաբերվել են մի շարք ԱԹՍ-ներ։ Ընդգծվում է, որ վերջին շրջանում PKK-ն սկսել է լայնորեն կիրառել դրանք։ Ընդ որում՝ խոսքը միայն օդային դիտարկում իրականացնելու մասին չէ։ Քուրդ զինյալները կարող են նաև դրանց վրա ռումբեր տեղակայել և դրանք օգտագործել թուրքական անվտանգության ուժերի դեմ։ Բացի այդ, հաղորդվեց, որ PKK-ն հիմնել է NLP անունով հետախուզական կառույց, որը Հյուսիսային Իրաքում զբաղվելու է նաև նորակոչիկներին ռմբային հարվածներ հասցնելու, զինված գործողություններ, դարանակալումներ իրականացնելու, խանդակներ փորելու ուսուցմամբ։ Պետք է նշել, որ ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, մի կողմից, նպաստում է Թուրքիայի զինված ուժերի կողմից PKK-ի դեմ պայքարը հեշտացնելուն, սակայն, մյուս կողմից, նպաստում է, որ PKK հարվածները լինեն ավելի զորեղ և խորտակիչ։

Փետրվարին PKK-ն Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում պայթեցրեց Քիրքուք-Յումուրթալըք նավթամուղը, ինչպես նաև հայտարարեց, թե թույլ չի տա, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքից գազ մատակարարվի Թուրքիային։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե Հյուսիսային Իրաքում մեկնարկել է դեպի Թուրքիա ձգվող գազատարի կառուցումը, ինչը կավարտվի մինչև 2017թ. ավարտը, և Թուրքիան դրանով իսկ կստանա իրաքյան (քրդական) գազ, որն այլընտրանք կհանդիսանա ռուսական գազին և ավելի էժան կլինի նրանից։

Փետրվարին «եղբայրական» այցով Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Մարդին այցելեց Դավութօղլուն, որը քրդերին խաղաղության և միասնության կոչ արեց. «Թուրքերն ու քրդերը պետք է ապրեն համատեղ ու լինեն միասնական ուժ։ Այդ ժամանակ մենք կլինենք ուժեղ, ինչպես որ Սալահ Էդ-Դինի ժամանակ էր»։ Դավութօղլուն հայտարարեց, որ ունի 10 կետից բաղկացած «խաղաղության պլան», որոնցից առաջինը նախատեսում է երկրում տիրող հոգեբանական մթնոլորտի փոփոխություն (թուրքերի և քրդերի հարաբերությունները)։ Դավութօղլուի պլանների մյուս կետերն առնչվել են ահաբեկչության դեմ պայքարին, բարեփոխումների իրագործմանը, նոր սահմանադրություն ընդունելուն, քրդաբնակ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը: Ապա Դավութօղլուն Բինգյոլում ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով վերջին շրջանում թափ հավաքող ռուս-քրդական համագործակցությունը, հայտարարեց, թե «ժամանակին հայկական հրոսակախմբերն էլ համագործակցում էին Ռուսաստանի հետ»։ ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարեց, որ Դավութօղլուն Բինգյոլից քրդերին սպառնացել է սպանդով. «Մեզ ասում են. «Սրանք նման են ռուսների հետ համագործակցող հայերին։ Այն, ինչ 1915թ. արեցինք հայերի հետ, նույնը կանենք նաև ձեզ։ ԱԶԿ-ն քրդերին չի դիտարկում որպես ժողովուրդ, քրդերին դիտարկում են կարծես տիեզերքից սխալմամբ ընկածների: Մենք ապավինում ենք մեր միասնությանն ու միությանը»։

Ռուսական մամուլին տված հարցազրույցի ժամանակ PKK առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարեց, որ PKK-ն Թուրքիայի իշխանությունների կողմից քրդերին հալածելուն կարող է պատասխանել քաղաքներում ռազմական գործողություններ սկսելով։ Նրա խոսքերով՝ ներկայիս պայմանները թելադրում են մարտավարությունը փոխելու անհրաժեշտություն, թեև անկասկած է, որ քաղաքային պատերազմ վարելը ռիսկային և ոչ բնորոշ քայլ իրենց համար։ Քարայըլանն ընդգծեց, որ իրենք պատրաստ են Թուրքիայի իշխանությունների հետ բանակցություններին, եթե նրանք բանտից ազատ արձակեն քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանին, ինչպես նաև ավելի քան 7000 քուրդ քաղաքական գործչի։ Քարայըլանի խոսքերով՝ քրդերը պատրանքներ չեն տածում կարգավորման գործընթացի վերսկսման հանդեպ, քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Ռեջեփ Էրդողանն է։

Բռնություններ – Փետրվարին Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դոցենտ Բարըշ Ունլյուն մեղադրվեց «ահաբեկչություն քարոզելու» համար՝ կապված նրա հետ, որ «Քաղաքական կյանքն ու ինստիտուտները Թուրքիայում» դասընթացի ավարտական քննության ժամանակ ուսանողներին հանձնարարել էր համեմատել Աբդուլա Օջալանի երկու տեքստերը. 1978թ. «Քրդական հեղափոխության ճանապարհի մասին մանիֆեստը» և 2012թ. «Դեմոկրատական մոդեռնիզմը որպես Մերձավոր Արևելքում լոկալ համակարգի կառույց»՝ գտնելու համար 34 տարում տեղի ունեցած փոփոխությունները։ Թուրքական դատախազությունը, սակայն, դրա տակ տեսել է Օջալանի գաղափարներն օրինականացնելու փորձ և ահաբեկչության օգտին քարոզչության իրականացում։

Փետրվարին Ստամբուլի դատախազությունը պահանջեց ընդդիմադիր Cumhuriyet թերթի մեկնաբան Օզգյուր Մումջուին դատապարտել 4 տարի 8 ամիս ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու համար։ Մումջուն 2015թ. մայիսին իր հոդվածում Էրդողանին անվանել է բռնակալ և երկչոտ՝ 2013թ. բողոքի ակցիաների ժամանակ զոհված ցուցարարի մոր դեմ հայց ներկայացնելու համար, որն իբր թե վիրավորել էր Էրդողանին։ Ի դեպ, փետրվարին Իզմիր նահանգի բնակիչներից Ալի Դ.-ն հայց ներկայացրեց իր կնոջ դեմ, որը, նրա խոսքով, վիրավորել էր Էրդողանին։ Հայցվորը որպես իր խոսքերի ապացույց ներկայացրել է կնոջ խոսքերի ձայնագրությունը՝ հայտարարելով, թե հայց կներկայացներ անգամ իր հոր դեմ, եթե նա վիրավորեր երկրի նախագահին։ Դրանից հետո նրա կինն ամուսնալուծվել է։

Փետրվարին լրագրող Հիլալ Քալաֆաթը դատապարտվեց 28 ամսվա ազատազրկման՝ 5 տարով պատժի իրագործման հետաձգմամբ։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Էրդողանին վիրավորելու համար։ 2015թ. մարտին Քալաֆաթը Twitter-ում քննադատել էր Էրդողանին և ԱԶԿ-ին Աբդուլա Օջալանի հետ բանակցելու համար։ Փետրվարին Վանի նահանգից նախկինում անկախ պատգամավոր ընտրված Այսել Թուղլուքն էլ դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչության» համար։ Դրա համար պատճառ է հանդիսացել 2013թ. մարտի 17-ին Վանում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ Թուղլուքի ունեցած ելույթը. «30 տարի մեծ պայքար մղեցինք։ Այս ժողովուրդը դիմադրեց, Օջալանը, քրդական շարժումը, PKK-ն դիմադրեց»։

Փետրվարին թուրքական դատախազությունը պատրաստեց 4 տարբեր գործերով ԺԴԿ նախկին ներկայացուցիչ Սեբահաթ Թունջելի դեմ մեղադրականը, որում պահանջվում է նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման։ Թունջելը մասնավորապես մեղադրվում է 2008, 2009, 2010թթ. «PKK-ին գովաբանելու» համար։ Թունջելը հայտնի է նրանով, որ 2011թ. մարտի 21-ին (Նովրուզ) Շըրնաքի նահանգի Սիլոփի շրջանում ապտակել էր թուրք ոստիկանապետին, իսկ 2015թ. ամռանը հայտարարել էր, թե շատերը ցանկացել են համբուրել իր ձեռքը, որով նա ապտակ է հասցրել ոստիկանապետին։

Փետրվարին հաղորդվեց, որ ԱԶԿ նախկին պատգամավոր, նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Հաքան Շուքյուրին սպառնում է 1-4 տարվա ազատազրկում։ Դրա պատճառը 2015թ. փետրվարի 15-ին Twitter-ում Շուքյուրի արած գրառումն էր, որը որակվել է որպես Ռեջեփ Էրդողանին, ինչպես նաև նրա որդի Բիլալ Էրդողանին վիրավորանք (փետրվարին Իտալիայում հետաքննություն է սկսվել Բոլոնիայում բնակվող Բիլալ Էրդողանի նկատմամբ, որին կասկածում են «փողեր լվանալու» մեջ)։ Հիշեցնենք, որ 2013թ. վերջին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործից հետո ԱԶԿ-ական մի շարք պատգամավորներ մեկուկես տարում լքեցին կուսակցության շարքերը` դառնալով անկախ պատգամավորներ։ Նրանց թվում էր նաև Հաքան Շուքյուրը, որին Էրդողանը կոչ էր արել վայր դնել մանդատը՝ հիշեցնելով, որ Շուքյուրը խորհրդարանում հայտնվել էր ԱԶԿ շարքերում ընդգրկվելու շնորհիվ։ Շուքյուրը, սակայն, մերժել էր նրան։

Փետրվարին դատարանն ընդունեց ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի հանդեպ պատրաստված մեղադրականը, որում պահանջվում էր ցմահ ազատազրկման դատապարտել նրանց՝ լրտեսության և ահաբեկչության մեջ ներգրավված լինելու համար։ Դյունդարն ու Գյուլը լրագրողական հետաքննություն էին իրականացրել և բացահայտել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիա գաղտնի զենք ուղարկելու փորձը։ Դյունդարն ու Գյուլը դատարանի առջև կկանգնեն մարտի 25-ին, նրանց արգելված է լքել երկիրը։ Թուրքիայի ՍԴ-ն նրանց գործը քննելուց հետո վճռեց, որ խախտվել են Սահմանադրության 19-րդ, 26-րդ և 28-րդ հոդվածները (խոսքի և մամուլի ազատություն, մարդու ազատություն և անվտանգություն)։ Դրանից հետո նրանք ազատ արձակվեցին նախնական կալանքից մինչև վերջնական դատավճռի հրապարակումը։ Դա հարուցեց Էրդողանի զայրույթը. «Ես չեմ պատրաստվում ո՛չ ընդունել այն, ո՛չ հարգել այն, ո՛չ էլ հետևել նրան։ Այստեղ գործ ունենք ոչ թե խոսքի ազատության, այլ լրտեսության հետ»։ Էրդողանի հայտարարությունը սուր քննարկումներ առաջացրեց խորհրդարանում և հասարակությունում, նա մեղադրվեց օրենքի գերակայության դեմ հանդես գալու համար։

Փետրվարին Անկարայի հանրապետական դատախազությունը պատրաստած մեղադրականն ուղարկեց արդարադատության նախարարություն՝ պահանջելով վերացնել ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի պատգամավորական անձեռնմխելիությունը, որը մեղադրվում է ԺՀԿ 35-րդ համագումարում և հունվարի 19-ին խորհրդարանում խորհրդարանական խմբակցության առջև ունեցած ելույթներում Էրդողանին վիրավորելու համար: Փետրվարին Դավութօղլուին վիրավորելու համար 1.2 տարվա ազատազրկման դատապարտվեց ԺՀԿ նախկին պատգամավոր Հուսեին Այգյունը (Թունջելի)։

Փետրվարին Էրդողանը կոչ արեց անձեռնմխելիությունից զրկել ԺԴԿ մի շարք պատգամավորների։ Փետրվարին անսպասելիորեն դադարեցվեց IMC անկախ հեռուստաալիքի հեռարձակումը, ինչն արվեց ուղիղ եթերի ժամանակ, երբ հեռուստաալիքին հարցազրույց էր տալիս բանտից ազատ արձակված Ջան Դյունդարը։ Հեռուստաալիքին մեղադրեցին «ահաբեկչություն քարոզելու» համար, որը նա հերքում է։ Այժմ հեռուստաալիքի եթերի մեծ մասը կարելի է դիտել միայն համացանցի միջոցով։ Հեռուստաալիքը մեծ տեղ է տալիս հարավ-արևելքի արյունալի դեպքերի լուսաբանմանը։

Պոլսահայ համայնք – Փետրվարին հաղորդվեց, որ Թուրքիայում տրամադրվելիք նույնականացման նոր քարտերի վրա այսուհետ պարտադիր կերպով նշված չի լինի տվյալ անձի կրոնական պատկանելությունը: Հաշվի առնելով այս հարցում ՄԻԵԴ-ի որոշումը՝ նույնականացման քարտերում կրոնական պատկանելությունը կարող է նշվել միայն տվյալ անձի կողմից ցանկության առկայության դեպքում: Ընդ որում, այդ դեպքում կրոնը նշվելու է ոչ թե անմիջապես քարտի, այլ դրա էլեկտրոնային չիպի վրա: Ավելի վաղ թուրքական խորհրդարանում նույնականացման քարտի վրա կրոնական պատկանելության նշումը հանելու պահանջ ներկայացրել էր Գարո Փայլանը՝ ընդգծելով, որ դա պատճառ է դառնում կրոնական հողի վրա խտրականություն կիրառելու համար, և որ նման բան չի գործում եվրոպական երկրներում։ Նույնականացման նոր քարտերը Թուրքիայի քաղաքացիներին կտրամադրվեն առաջիկա 3 տարիներին։

Փետրվարին Ստամբուլում ավարտվեց հայազգի, 87-ամյա Մարիցա Քյուչյուքի սպանության (28.12.2012) գործով դատավարությունը, և միակ մեղադրյալ՝ հայաստանցի Մուրադ Նազարյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Այդ որոշումը դժգոհության ալիք բարձրացրեց Ստամբուլի հայերի մոտ, քանի որ շատերն ավելի քան վստահ են, որ Նազարյանն օգտագործվել է, իսկ իսկական մեղավորներն ազատության մեջ են: Դատավարության ընթացքում Մուրադ Նազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Փետրվարին մեկնարկեցին Ստամբուլում Թուզլայի շրջանում գտնվող «Քամփ Արմեն» որբանոց-ճամբարի վերակառուցման աշխատանքները: Նախատեսվում է ճամբարի համար ճարտարապետական նախագծի միջազգային մրցույթ անցկացնել, որպեսզի վերստեղծվի այնպիսի ճամբար, որն օրինակելի կլինի միջազգային ասպարեզում, կհամապատասխանի մերօրյա չափանիշներին և կկարողանա երեխաների հյուրընկալել ինչպես Թուրքիայից, այնպես էլ ողջ աշխարհից:

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ