Թուրքիայի արտաքին քաղաքականությունը. 2016-ի մարտ. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Թուրքիա-Ռուսաստան

Տնտեսական. Մարտին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը հայտարարեց, որ Անկարան գործադրում է բոլոր ջանքերը Մոսկվայի հետ հարաբերությունները շուտափույթ կարգավորելու համար, սակայն պատասխան քայլեր դեռ չկան։ Ավելին, «Ռոսսելխոզնադզոր»-ը մարտի կեսերից ժամանակավորապես սահմանափակեց Թուրքիայից պղպեղի և նռան ներկրումը։ Սահմանափակումը կապված է Ռուսաստանին պարբերաբար վարակված արտադրանք մատակարարելու հետ։ Բացի այդ, Ռուսաստանը կարող է մեկ ամսվա ընթացքում արգելել Թուրքիայից բուսական ծագում ունեցող ողջ սննդամթերքի ներկրումը, եթե դրա շուրջ բանակցություններն ավարտվեն անարդյունք։

Մարտին հայտնի դարձավ, որ թուրքական մասնավոր գազային ընկերությունները մտադիր են միջազգային միջնորդ դատարանում վիճարկել գազի մատակարարումը կրճատելու մասին ռուսական «Գազպրոմի» որոշումը։ Ավելի վաղ հաղորդվել էր, թե «Գազպրոմը» 10%-ով կրճատել է թուրքական մասնավոր ընկերությունների համար գազի մատակարարման ծավալը՝ կապված գազի գնի շուրջ վեճի հետ։ Մարտին «Գազպրոմի» ղեկավարությունը չբացառեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո կարող են վերսկսվել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ բանակցությունները, որի իրագործումը հնարավորություն կտա ամրապնդել եվրոպական շուկայում «Գազպրոմի» դիրքերը, ինչպես նաև նվազեցնել ԵՄ երկրներին գազի մատակարարման տարանցիկ ռիսկերը։

Մարտին Թուրքիայի Միջերկրածովյան հյուրանոցների ասոցիացիայի ղեկավար Յուսուֆ Հաջիսուլեյմանը հայտարարեց, որ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը 2016թ. արդյունքներով կարող է կորցնել մոտ $12 մլրդ։ Նրա հաշվարկներով՝ զբոսաշրջային բիզնեսը կկորցնի մոտ $8 մլրդ, եթե հանգստանալու նպատակով Թուրքիա չժամանի 4 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ, իսկ ճգնաժամը կհանգեցնի բազմաթիվ հյուրանոցների փակմանը և մինչև 100.000 աշխատատեղի կորստյան։

Քաղաքական. Մարտին Ռուսաստանը և Թուրքիան շարունակեցին փոխադարձ մեղադրանքները և քննադատությունները, որոնք ի ցույց են դնում ճգնաժամի խորությունը և համակողմանիությունը.

– Թուրքիան հրետակոծել է Լաթաքիան, որի հետևանքով տուժել են օտարերկրացի լրագրողներ (ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով),

– Թուրքիայից հումանիտար օգնության ավտոշարասյուներով զենք է մատակարարվում Սիրիայի զինյալներին, պետք է փակել թուրք-սիրիական սահմանը (ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով),

– Թուրքիան խախտում է հարևան Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը (Ս.Լավրով),

– Ռուսաստանն ապացույցներ ունի, որ Սիրիայում գտնվում են թուրքական զինված ուժեր (Ս.Լավրով),

– Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի գործողությունները սողոսկող բռնակցում են (Ս.Լավրով),

– Թուրքիան հրետակոծություններով խոչընդոտում է ԻՊ-ի դեմ Սիրիայի քրդերի պայքարին (Ս.Լավրով),

– Միայն Թուրքիան է դեմ հանդես գալիս Ժնևյան բանակցություններին Սիրիայի քրդերի մասնակցությանը (Ս.Լավրով),

– Թուրքիան խանգարում է Սիրիայի հետ սահմանին բռնությունների մակարդակի նվազմանը (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա),

– Թուրքիայում ճնշում են ԶԼՄ-ն, Արևմուտքին կոչ ենք անում արձագանքել դրան (Մ.Զախարովա),

– Մոսկվան Անկարային առաջարկում է միջազգային դիտորդներ հրավիրել թուրք-սիրիական սահմանի անցակետ, որով օգնություն է գնում Սիրիա (Մ.Զախարովա),

– Թուրքիան պետք է վերադառնա քրդական հարցի խաղաղ կարգավորման ուղուն և հետաքննի երկրի հարավ-արևելքում մարդու իրավունքների զանգվածային խախտման դեպքերը (ՌԴ ԱԳՆ),

– Ռուսաստանն ու Արևմուտքն աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությանը (PYD), որոնց Անկարան ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան),

– Մոսկվան, Բաշար Ասադի ռեժիմը, PKK-ն և YPG-ը գործում են միմյանց հետ փոխկապակցված և մտադիր են Թուրքիայի հարավային սահմաններին ստեղծել ահաբեկչական կազմավորում (Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու)։

Այս ամենի հետ մեկտեղ, արվեցին նաև դրական հայտարարություններ, հղվեցին փոխադարձ ցավակցություններ։ Մարտին Ռուսաստանը դատապարտեց Անկարայի և Ստամբուլի ահաբեկչությունները և հղեց իր ցավակցությունները, Թուրքիան էլ Ռուսաստանին ցավակցեց Դոնի Ռոստովի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Եվ այնուամենայնիվ, ցավակցական երկու ուղերձում էլ շեշտադրումն արվել է «ժողովուրդ» և «զոհվածների, տուժածների հարազատներ» բառերի վրա։

Մարտին Մ.Զախարովան հայտարարեց, որ Թուրքիայի և Ռուսաստանի վեճը կրում է ժամանակավոր բնույթ, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ Թուրքիան կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Էրդողանը Բրուքինգսի ինստիտուտում (Վաշինգտոն) իր ելույթում Ռուսաստանին կոչ արեց վերսկսել համագործակցությունը՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները մի փոքր բարելավվել են, սակայն անկարելի է ակնկալել, որ շուտով դրանք կկարգավորվեն ամբողջովին։ Այդ ուղղությամբ Ռուսաստանին Թուրքիայի հասցեագրած ուղերձների թվում է նաև Իզմիրում Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի կալանավորումը, որն ավելի վաղ ստանձնել է 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի խոցած «Սու-24» ռմբակոծչից անկարգելով դուրս նետված օդաչու Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը։ Ի դեպ, մարտին Ռուսաստանից ռազմական պատվիրակություն ժամանեց Իզմիր՝ ստուգելու համար վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների մասին 2011թ. Վիեննայի փաստաթղթի դրույթների պահպանումը։ Դա նմանատիպ առաջին այցն էր Թուրքիա «Սու-24»-ի ճգնաժամից հետո։ Դրանից առաջ Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության էին հասել 2016թ. փետրվարին չեղյալ հայտարարված դիտորդական թռիչքների հարցում։

Թուրքիա-ԱՄՆ

Մարտին ԱՄՆ պետդեպարտամենտը քանիցս տարբեր առիթներով մտահոգություն հայտնեց Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ ԱՄՆ պետդեպարտամենտն Էրդողանին կոչ արեց ընդունել Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի ազատ արձակման վերաբերյալ ՍԴ որոշումը՝ ընդգծելով, որ մամուլի ազատությունը կարևոր տարր է Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու համար։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ չի ընդունելու ՍԴ այդ որոշումը։ ԱՄՆ պետդեպարտամենտը նաև մտահոգություն հայտնեց Թուրքիայում խոշոր լրատվամիջոցների փակման առնչությամբ՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով հետևել միջազգային նորմերին, այդ թվում նաև սեփական սահմանադրությանը։ Պետդեպարտամենտն այդ հայտարարությունն արել է ընդդիմադիր Zaman թերթի և Cihan լրատվական գործակալության (գյուլենական ԶԼՄ) ղեկավարման համար դատարանի կողմից հոգաբարձուների նշանակման կապակցությամբ, ինչը, շատերի կարծիքով, կհանգեցնի դրանց փակմանը։

Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծում, իսկ Սպիտակ տունը PKK-ին կոչ արեց դադարեցնել Թուրքիայի դեմ հարձակումները։ Մարտին Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպաններ Մորթոն Աբրամովիչն ու Էրիկ Էդելմանը Էրդողանին կոչ արեցին հրաժարական տալ՝ ընդգծելով, որ Թուրքիան ավելի ուժեղ, կայուն և ժողովրդավարական կդառնա, եթե Էրդողանը փոխվի կամ հրաժարական տա։ Ի պատասխան՝ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Թուրքիային կարգադրելու օրերն անցել են։

Մարտի վերջին Էրդողանը հնգօրյա այցով մեկնեց ԱՄՆ՝ մասնակցելու Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին, ինչպես նաև Մերիլենդ նահանգում իսլամական կենտրոնի և մզկիթի բացման արարողությանը, որոնց կառուցումը ֆինանսավորել է Թուրքիայի կառավարությունը։ Այցից առաջ և ընթացքում Էրդողանը մի շարք ուղերձներ ստացավ ԱՄՆ-ից։ Նախ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվեց պաշտոնական երկկողմ հանդիպում ունենալ Էրդողանի հետ, և միայն ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ նրա հետ։ Թուրքական մամուլի պնդմամբ, երբ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնում՝ Էնդրյուս ավիաբազայում, նրան դիմավորել են Մևլյութ Չավուշօղլուն և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը։ Դիմավորողների թվում չի եղել ամերիկացի բարձրաստիճան որևէ պաշտոնյա։ Օբաման նաև չընդունեց Մերիլենդում իսլամական կենտրոնի և մզկիթի բացման արարողակարգին մասնակցելու Էրդողանի հրավերը։ Բացի այդ, Պենտագոնը մարտին հայտարարեց, որ իր մոտ 670 զինծառայող և քաղաքացիական ծառայող Թուրքիայից (Մուղլա, Իզմիր, Ադանա) տարհանվելու են անվտանգության նկատառումներից ելնելով։ Դրանից առաջ իր աշխատակիցների ընտանիքների հանդեպ նման միջոցներ ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Ամերիկյան այս ուղերձներն ընդգծում են Էրդողանի քաղաքականությունից ԱՄՆ խոր դժգոհությունը՝ կապված մի շարք հարցերի (Սիրիայի քրդեր, Թուրքիայի քրդեր, Ռուսաստանի հետ բախեցնելու փորձեր, մարդու իրավունքներ) հետ։

Թուրքիա-ԵՄ

Մարտի 20-ին ուժի մեջ մտավ Եվրոպա փախստականների և ներգաղթյալների հոսքի սահմանափակման վերաբերյալ մարտի 18-ին ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագիրը (այն համաձայնեցվել է մարտի 7-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ)։ Թուրքիան պարտավորվեց սահմանափակել ԵՄ փախստականների հոսքն իր տարածքից և ԵՄ-ից հետ ընդունել ապօրինի ներգաղթյալներին։ Անկարայի օգնության դիմաց ԵՄ-ը խոստացել է արագացնել Թուրքիային 3 մլրդ եվրոյի տրամադրումը, ինչը նախատեսված է ներգաղթյալներին աջակցելու նախագծերի իրագործման համար, մինչև 2018թ. հատկացնել ևս 3 մլրդ եվրո, արագացնել վիզային ռեժիմի վերացման գործընթացը, վերսկսել և ակտիվացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։

Սակայն ԵՄ-ում և Թուրքիայում ոչ բոլորը գոհ մնացին այդ ամենից։ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը նշեց, որ Թուրքիան իսկապես շատ բան է պահանջում ԵՄ-ից։ Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը միգրացիոն ճգնաժամի հարցում ԵՄ-ի հանդեպ Թուրքիայի քայլերը իսկական շանտաժ որակեց: Չեխիայի Կոմկուսի առաջնորդ Վոյտեխ Ֆիլիպը հայտարարեց, որ Թուրքիան ներգաղթյալների հանդեպ իր պարտավորությունները կատարում է ԵՄ հարկատուների հաշվին՝ մշտապես մեծացնելով պահանջները։ Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտեց միգրացիոն համաձայնագիրը՝ առաջարկելով ԵՄ-ին տրամադրել 6 մլրդ եվրո, որպեսզի նա իր մոտ տանի սիրիացի, աֆղանստանցի և պակիստանցի բոլոր փախստականներին: Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը շտապեց հանգստացնել, որ Հետընդունման մասին պայմանագրով Եվրոպայից կվերադարձվեն ոչ թե հարյուր հազարավոր կամ միլիոնավոր, այլ հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդիկ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները պահանջում են շատ մեծ ժամանակ, քանի դեռ չի լուծվել Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցը: Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի վերացմանը, ապա Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիդիսը հայտարարեց, որ Թուրքիան պետք է դրա համար կատարի ԵՄ 72 պահանջներից 35-ը։ Այդ երկիրը դրանք պետք է կատարի մինչև մայիսի 4-ը, որպեսզի հնարավոր դառնա հուլիսին վիզային ռեժիմի վերացումը: Նա պահանջեց, որ Թուրքիան իր նավահանգիստներն ու օդանավակայանները բացի Կիպրոսի առջև և կղզուց դուրս բերի իր զորքերը։ Թուրքական մամուլը հայտնեց, որ ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի վերացումը կարող է հարվածել երկրի տնտեսությանը, քանի որ այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի վիզային ռեժիմ սահմանել Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների բազմաթիվ երկրների հանդեպ, ինչն էլ, իր հերթին, կհարվածի առևտրին, զբոսաշրջությանը, անշարժ գույքի ոլորտին։

ԵՄ-ը մարտին շարունակեց ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների հարցը։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր Թուրքիան պետք է հարգի դեմոկրատական արժեքները՝ ԶԼՄ ազատությունը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիային կոչ արեց վերսկսել երկրի քրդերի հետ բանակցությունները: Թուրքական իշխանությունները մարտին ԵՄ-ին մեղադրեցին PKK-ի դեմ պայքարի հարցում «երկակի քաղաքականություն» վարելու մեջ։ Նրանք Բելգիայից պահանջեցին վերացնել Բրյուսելում ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի անցկացման վայրից ոչ հեռու կանգնեցված PKK վրանը։ Անկարայում Բելգիայի դեսպան Մարկ Թրենտեսաուն դրա համար կանչվեց Թուրքիայի ԱԳՆ։

Մարտին Իզմիրում անցկացվեց Թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստը, որին մասնակցեց Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ դառնալով Հունաստանի՝ վերջին 95 տարում Իզմիր այցելած առաջին վարչապետը։ 1921թ. Իզմիր է ժամանել Հունաստանի վարչապետ Դիմիտրիս Գուարիսը (այն ժամանակ Իզմիրը գտնվել է Հունաստանի վերահսկողության տակ, սակայն կարճ ժամանակ անց այն տիրել են քեմալականները)։ Նիստի արդյունքներով Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան և Հունաստանն աշխատանքներ են տանում համատեղ պատմություն գրելու և դասագրքեր պատրաստելու ուղղությամբ։ Դավութօղլուն կարևորել է, որ երկու ժողովուրդներն ապրեն ոչ թե անցյալի բացասական դրվագներով, այլ ապագայում գեղեցիկ կապեր հիմնելու անհրաժեշտության գաղափարով։

Թուրքիա-Իրան

Մարտին թուրք-իրանական հարաբերություններում նկատվեց որոշակի ջերմացում, ինչը դրսևորվեց բարձր մակարդակի փոխադարձ այցերով և հայտարարություններով։ Դա, թերևս, պայմանավորված է Սիրիայում հրադադարի հաստատմամբ (կրքերի որոշակի հանդարտեցմամբ), Սիրիայի մասնատմանը քրդաբնակ զգալի բնակչություն ունեցող այդ երկու երկրների դեմ լինելով, նաև նրանով, որ լարված հարաբերությունները բացասաբար են ազդել Իրանի և Թուրքիայի տնտեսական կապերի վրա։ Իրանն ու Թուրքիան այժմ որոշել են, որ Սիրիայի հարցը չպետք է խանգարի իրենց հարաբերություններին։

Դավութօղլուն մեկնեց Իրան, որտեղ քննարկեց երկկողմ տնտեսական հարաբերություններն ու տարածաշրջանի անվտանգության հարցերը և հայտարարեց երկու երկրների փոխհարաբերություններում նոր ժամանակաշրջան սկսելու անհրաժեշտության մասին. «Չնայած Թուրքիայի և Իրանի միջև մի շարք հարցերում կան տարաձայնություններ, սակայն նրանք չեն կարող փոխել իրենց աշխարհագրական դիրքն ու պատմությունը: Թուրքիան Իրանի միջոցով դուրս է գալիս դեպի Կենտրոնական, Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրներ, իսկ Իրանը Թուրքիայի տարածքով կարող է դուրս գալ Եվրոպայի երկրներ: Իրանն էներգակիրների խոշորագույն արտադրողներից է, իսկ Թուրքիան դրա խոշորագույն սպառողն է։ Թուրքիան և Իրանը պետք է օգտագործեն իրենց տարանցիկ հնարավորությունները»: Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան չի լքել Իրանին, երբ նա միջազգային պատժամիջոցների ներքո էր: Նա հայտարարել է, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը երկու երկրներին հնարավորություն կտա ապրանքաշրջանառության ծավալը հասցնել $30 մլրդ-ի։ 2015թ. այն կազմել է $10 մլրդ-ից էլ պակաս, մինչդեռ 2014թ. կազմել է $15 մլրդ, իսկ 2012թ.՝ $22 մլրդ։

Դավութօղլուի այցից հետո Թուրքիա ժամանեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը հայտարարեց, թե Թուրքիան իրենց համար շատ կարևոր հարևան է, և որ Իրանը և Թուրքիան կարող են արդյունավետորեն համագործակցել տարածաշրջանային ճգնաժամերի լուծման հարցում: Էրդողանն, իր հերթին, նշել է, որ Թեհրանի և Անկարայի միջև հարաբերությունների ընդլայնումը կծառայի ոչ միայն երկկողմ շահերին, այլև տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Առաջիկայում Թուրքիա կայցելի նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

Մարտին Իրանի իշխանություններն, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց քաղաքացիներին կոչ արեցին Նովրուզի ժամանակ չայցելել Թուրքիա, ինչը Թուրքիայի զբոսաշրջային ոլորտին հասցված հերթական հարվածն էր:

Թուրքիա-Սիրիա

Մարտին Սիրիայի քրդերը շարունակեցին ահազանգել Թուրքիայի կողմից իրենց դիրքերի հրետակոծությունների մասին՝ ընդգծելով, որ իրենք չեն հարվածում Թուրքիայի տարածքին։ Թուրքիայի ԱԳՆ-ն, սակայն, հայտարարեց, որ Սիրիայում հարվածում է միայն ԻՊ դիրքերին։ Մարտին Սիրիայի քրդերի 3 ինքնավար շրջանների (Քոբանի, Աֆրին և Ջիզրե) պատգամավորները կողմ քվեարկեցին Սիրիայի հյուսիսում դաշնություն հռչակելուն։ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց դա. «Մենք չենք ընդունում դաշնություն միակողմանի հռչակելը և աջակցում ենք Սիրիայի ազգային միասնությանը։ Սիրիայի կառավարման ձևն ու համակարգը պետք է նոր սահմանադրության միջոցով լուծի ողջ Սիրիայի ժողովուրդը»։

Մարտին Թուրքիայի ՊՆ-ն հերքեց, թե թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, թե իր երկիրը չի դիտարկում Սիրիայի հակամարտությանը միայնակ միջամտելու հեռանկարը։ Դավութօղլուն հայտարարեց, որ իրենք չեն ցանկանում Սիրիան մասնատված տեսնել՝ մանրամասնելով, որ այդ մասին հայտարարել է նաև Թեհրանում։ Նա հիշեցրել է, որ 100 տարի առաջ կնքվել է Սայքս-Պիկոյի համաձայնագիրը՝ հիմք դնելով տարածաշրջանի մասնատմանը. «Մեզ անհրաժեշտ է թույլ չտալ տարածաշրջանի մասնատման կրկնություն: Ընդհակառակը, պետք է գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանը միավորելու համար: Դրան կարող է նպաստել ինչպես Թուրքիան, այնպես էլ Իրանը։ Թուրքիան միշտ կարծել է, որ տարածաշրջանի երկրները, նաև Սիրիան, պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները։ Այժմ ցանկանում են Սիրիան բաժանել 3-4 մասի, ինչպես նաև մասնատել Իրաքը և այդպիսով իրագործել նոր Սայքս-Պիկո։ Մենք հակազդում ենք դրան»։

Թուրքիա-Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտին այցելեց Թուրքիա։ Նա կոչ արեց արագացնել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, առաջարկեց օգտվել ուկրաինական ստորգետնյա գազապաստարաններից, Թուրքիային հրավիրեց մասնակցել այս տարի Ուկրաինայի կառավարության ծրագրած պետական ձեռնարկությունների մասշտաբային մասնավորեցմանը։ Ազատ առևտրի գոտու հաստատումը պետք է նպաստի նրան, որ մինչև 2020թ. Թուրքիայի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցվի $20 մլրդ-ի (այժմ այն կազմում է $3.6 մլրդ)։ Պորոշենկոն անհրաժեշտ է համարել Ղրիմի հարցի քննարկումներում Թուրքիան ներգրավելը, քանի որ Թուրքիան Ուկրաինային «կօգնի վերադարձնել» Ղրիմը։ Էրդողանը Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անցումը Ռուսաստանին և մշտապես կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Էրդողանի խոսքերով՝ Պորոշենկոյի հետ բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը դարձել է Ղրիմի թաթարների խնդիրը, որի հարցում Անկարան և Կիևը տարաձայնություն չունեն: Ի դեպ, Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևը հայտարարեց, որ Թուրքիան դե-ֆակտո միացել է Ղրիմի շրջափակմանը և որ այդ հարցում նրա վերաբերմունքը փոխվել է «Սու-24»-ի միջադեպից հետո։

Թուրքիայի ԱԳՆ-ն գրավոր հայտարարություն է տարածել 2014թ. մարտի 16-ին Ղրիմում Ռուսաստանին միանալու հանրաքվեի երկամյակի կապակցությամբ, որում վերահաստատեց, որ չի ճանաչում և դատապարտում է այդ հանրաքվեն ու դրան հաջորդած Ղրիմի անցումը Ռուսաստանին։ Թուրքիայի ԱԳՆ-ն աջակցություն հայտնեց Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նշելով, որ թերակղզու ներկայիս իրավիճակը Թուրքիայի տեսանկյունից չունի իրավական որևէ ուժ։ Պորոշենկոն Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ հանդիպման ժամանակ կոչ արեց 1944թ. Ղրիմի թաթարների բռնագաղթը ճանաչել «ցեղասպանություն»։ Պորոշենկոն ընդգծել է, որ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ուղղություններից մեկը պետք է դառնա պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ուժեղացումը։

Թուրքիա-Իսրայել

Մարտին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և միշտ աջակցել է նրա հետ մերձեցման քաղաքականությանը: Էրդողանն ԱՄՆ-ում կողմ արտահայտվեց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ու համագործակցության զարգացմանը: Էրդողանը Ստամբուլի ահաբեկչությունից հետո հեռախոսազրույց ունեցավ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ, ինչը վերջին տարիներին Թուրքիայի և Իսրայելի նախագահների միջև առաջին հեռախոսազրույցն էր։ Իսրայելը Թուրքիայի հետ բանակցում է նաև իր գազը վաճառելու շուրջ (տարեկան 10 մլրդ մ3), որը կարող է որոշակի այլընտրանք դառնալ ռուսական գազին։

Թուրքիա-Ադրբեջան

Մարտին երկրորդ անգամ ահաբեկչության պատճառով չեղյալ հայտարարվեց Էրդողանի ադրբեջանական այցը։ Այստեղ նա պետք է մասնակցեր Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկով նիստը Բաքվի փոխարեն անցկացվեց Անկարայում, և դրա արդյունքներով երկու երկրները ստորագրեցին 6 փաստաթուղթ։ Նիստը Բաքվում պետք է անցկացվեր փետրվարի 18-ին, սակայն փետրվարի 17-ին Անկարայի ահաբեկչության պատճառով չեղյալ հայտարարվեց Էրդողանի ադրբեջանական այցը։ Մարտի 13-ին Անկարայի նոր ահաբեկչությունը վերստին չեղյալ հայտարարեց Էրդողանի ադրբեջանական այցը։ Նիստի արդյունքներով Էրդողանը հայտարարեց, որ Իլհամ Ալիևի այցը ևս մեկ անգամ ապացուցում է «Մեկ ազգ, երկու պետություն» խոսքերի ճշմարտացիությունը, և որ Թուրքիան ԼՂ հարցում աջակցել ու աջակցելու է Ադրբեջանին։ Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան և Ադրբեջանը ծրագրել են մինչև 2023թ. (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) ապրանքաշրջանառության ծավալը հասցնել $15 մլրդ-ի, իսկ փոխադարձ ներդրումների ծավալը ներկայիս $13 մլրդ-ից 5 տարում հասցնել $20 մլրդ-ի։ Էրդողանն ընդգծել է, որ հաջողության դեպքում դեկտեմբերին իրենք կմասնակցեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու բացման արարողությանը։ Խոսելով «Հարավային գազային միջանցքի» բաղկացուցիչ մաս Անդրանատոլիական գազատարի (TANAP) մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենք աշխատում են նախագծի իրագործումն ավարտել ծրագրված ժամկետից շուտ. «Հավատում եմ, որ երկու տարի անց կնշենք TANAP գազատարի բացումը»։ Մարտի 7-25-ին Թուրքիան և Ադրբեջանը Քոնիա նահանգում անցկացրին TURAZ Şahini-2016 տարեկան պլանային համատեղ ռազմաօդային զորավարժությունները։

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ