Հրատարակվել է «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» աշխատությունը

Ավրորա

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է«Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» աշխատությունը: Պատկերազարդ հատորը նկարագրում է Ավրորա Մարդիգանյան անունով ավելի հայտնի Արշալույս Մարտիկյանի կյանքի պատմությունը:

2011թ. գրքի համահեղինակ Հայկ Դեմոյանը Կալիֆոռնիայում հայտնաբերում է Ավրորայի ֆոտոարխիվը, որտեղ գտնում է նաև Մարտիկյանների միակ պահպանված ընտանեկան լուսանկարը: Ավրորան այդ լուսանկարում չորս տարեկան է: Արխիվում նաև Ավրորայի նամակագրությունն էր: Տևական բանակցություններից հետո Ավրորայի ազգականներն այս արժեքավոր փաստաթղթերը փոխանցում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հետագայում, հավաքածուն համալրվում է Ավրորային պատկանող անձնական իրերով և ամերիկյան թերթերի ընտրանիով: Ժամանակի մամուլի այդ նմուշներում հոդվածներ կան Ավրորայի և նրա «Հոշոտված Հայաստան» գրքի մասին:
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի և Լուսինե Աբրահամյանի համահեղինակությամբ լույս տեսած անգլերեն կատալոգը հարստացված է բազմաթիվ եզակի ու բացառիկ նկարներով: Բազմաթիվ լուսանկարներ, ֆիլմերի ու տարբեր միջոցառումների ազդագրեր, վավերական փաստաթղթեր պատկերավոր կերպով նկարագրում են հերոսուհու կյանքի ճանապարհը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը:

Նյութերի մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ