Ադրբեջանը և Թուրքիան որոշել են վերջ տալ Մինսկի խմբի գործունեությանը. Ռուբեն Սաֆրաստյան

«Այն, ինչ անում է Ադրբեջանը, բխում է աշխարհում եւ տարածաշրջանում զարգացող աշխարհաքաղաքական իրադրությունից»,- ապրիլի 26-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նկատեց, որ աշխարհում բռնությունը դարձել է քաղաքական խնդիրներ լուծելու ամենատարածված միջոցը, իսկ Ադրբեջանը շարունակում է այդ հիմնական միտումը: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, Ադրբեջանի ղեկավարությունը մեծ գայթակղության առջեւ է կանգնել. Տեսնում է, թե իր դաշնակից Թուրքիան ինչեր է անում, դրա համար որոշել է նոր տակտիկա ձեւավորել:

«Ինչ որ տեղի ունեցավ՝ պատահական չէ: Բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ուղղակի որոշել է ընտրել նոր մարտավարություն, որի էությունը հետեւյալն է՝ անընդհատ գնալով ավելի ու ավելի ճնշում գործադրել հայկական կողմի վրա, եւ այդ ճնշումը կիրառվում է ռազմական միջոցներով: Գնալով տեսնում ենք, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ագրեսիան չի դադարում, ըստ էության, մենք տեսնում ենք, որ ամեն օր կրկնվում են: Սա պատահական չէ, իմ ընկալմամբ, սա նոր տակտիկա է, որի նպատակն է ճնշում գործադրել: Եթե մենք մեկ-երկու տարի նշում էինք, որ Ադրբեջանն անընդհատ ճնշումը, լարվածությունը սահմանի վրա ուժեղացնում է, հիմա մենք կարող ենք եզրակացնել, որ սա մեկ աստիճան ավելի մեծ ճնշում է: Այսինքն՝ ռազմական գործողություններ են, ըստ էության, ամեն օր, ամեն գիշեր: Իմ կարծիքով՝ սա նպատակ ունի խափանել Մինսկի խմբի գործունեությունը, եւ սա իմ ընկալմամբ՝ միանգամայն համաձայնեցված է Թուրքիայի հետ:

Ըստ էության, Ադրբեջանը եւ Թուրքիան որոշել են, որ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը չի բխում Ադրբեջանի շահերից, չի բխում Թուրքիայի շահերից, եւ որոշել են վերջ տալ Մինսկի խմբի գործունեությանը: Ես կարծում եմ, որ այն դիվանագիտական գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում, վկայում են այն մասին, որ նրանք փորձում են բանակցային նոր ձեւաչափ ստեղծել, որը հիմնված կլինի Թուրքիայի միջնորդության վրա»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Աղբյուր՝ Առավոտ

allTurkey.am

Մեկնաբանություններ