Թուրք-ադրբեջանական ռազմական գործակցությունը բարձր մակարդակի վրա է. Լևոն Հովսեփյան

Ադրբեջանական եւ թուրքական մամուլը հայտնում են Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Գալիփ Մենդիի` Բաքու այցի մասին: Մասնավորապես, ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկը գրում է, որ առաջիկա օրերին Մենդին կհանդիպի Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի, Ներքին զորքերի հրամանատարի, ապա Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Մեկ այլ ադրբեջանական աղբյուրի հաղորդմամբ էլ, թուրք գեներալն Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքների ղեկավարների հետ քննարկելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործակցության զարգացման հնարավորությունները:

«Միանշանակ, այս այցը պատահական չէ եւ կապ ունի այն իրավիճակի հետ, որն առկա է Ադրբեջանի սահմանին: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան լուրջ ռազմական-խորհրդատվական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի զինված ուժերին: Բացի այդ, թուրք զինվորականները եւ ռազմական մասնագետները ներգրավված են ադրբեջանական զինված ուժերում եւ իրականացնում են խորհրդատվություն, ուսումնավարժական պարապմունքներ: Այդ մասին փաստեր կան: Եվ թուրք բարձրաստիճան զինվորականի այցն էլ կապված է այս ամենի հետ, քանի որ Արցախի հետ սահմանին դրսեւորվող ադրբեջանական կողմի ագրեսիան որոշակիորեն համաձայնեցված է Թուրքիայի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նշյալ այցը, ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց, որ Գալիփ Մենդին բավականին փորձառու զինվորական է, մինչ 2015թ.-ին ժանդարմերիայի հրամանատար նշանակվելը, նա զբաղեցրել է Թուրքիայի ցամաքային ուժերի 2-րդ բանակի և Էգեյան բանակի հրամանատարի պաշտոնը, նաեւ եղել է հատուկ նշանակության ուժերի բրիգադի ու հյուսիսային Կիպրոսի թուրքական ուժերի հրամանատարը: Մասնավորապես, 2-րդ բանակը ներգրավված է քրդական բնակավայրերում տեղի ունեցող ռազմական գործողություններում:

«Հատկապես վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ռազմական գործակցությունը եղել եւ այսօր էլ մնում է բարձր մակարդակի վրա, այդ երկրների միջեւ բավականին սերտ ռազմական գործակցություն կա: Իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս, որպեսզի Անկարան լրջորեն ներգրավված լինի Ադրբեջանի ուժային համակարգում: Չեմ կարծում, որ այս այցը էական բան է փոխելու երկկողմ ռազմական հարաբերությունների առումով, սա ավելի շատ իրավիճակային գործընթացների հետ է կապված»,-նկատեց Լեւոն Հովսեփյանը:

Աղբյուր՝ Առավոտ

allTurkey.am

 

Մեկնաբանություններ