Դերսիմի կոտորածի հիշատակության օր. Վարուժան Գեղամյան

Դերսիմի կոտորած

Վարուժան Գեղամյան, թուրքագետ

Երեկ՝ մայիսի 4-ին, Թուրքիայում առաջադեմ մտավորականության կողմից նշվում էր որպես Դերսիմի բնակիչների կոտորածի օր։ 1937թ. հենց այս օրը Թուրքիայի կառավարությունը որոշում ընդունեց վերջնականապես ճնշել դերսիմցիների իբր թե «ապստամբությունը»։ Իրականում նպատակը Դերսիմի կիսանկախ զազա ցեղերին հնազանդեցնել էր։ Այս իրադարձությունը կարևոր է մեզ՝ հայերիս համար նաև այն պատճառով, որ Դերսիմում էին Հայոց ցեղասպանության հիմնական փուլից (1915-1923թթ.) հետո ապաստան գտել բազմաթիվ հայեր։  Մի քանի պարբերությամբ ներկայացնեմ տեղի ունեցածը (աղբյուրը՝ «Թուրքիայի հանրապետության պատմություն» բուհական դասագիրք (գիրքը ներբեռնել այստեղից).

Դերսիմի նահանգն ընկած է Բարձր Հայքի արևմտյան մասում` Էրզրումի, Խարբերդի և Տիգրանակերտի միջև: Ըստ վիճակագրական աղբյուրների` Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին բնակչության թիվը հասել է 200 հազարի, որի 45 %-ը կազմել են հայերը, իսկ մնացածը` ալևի քրդերը և զազաները, որոնք հայերի հետ ապրում էին հաշտ ու խաղաղ: Պետք է նշել, որ Դերսիմի ընտրությունը պատահական չէր` Դերսիմն այն եզակի շրջաններից էր, որ 1915 թ. ցեղասպանության ժամանակ ապաստան տվեց թուրքական յաթաղանից մազապուրծ հազարավոր հայերի: Այնպես որ Դերսիմի հարցը թուրքական կառավարության համար նաև «հայկական բաղադրիչ» ուներ: Դեռևս 1921 թ. գարնանը թուրքական կառավարությանը հաջողվեց ճնշել առաջին խռովությունը Քոչքիրի-Դերսիմ շրջանում, սակայն այն չկարողացավ ամբողջովին իրեն ենթարկել Դերսիմի ցեղերին: 1930-ական թթ. սկզբներին դերսիմցիներին վերջնականապես հպատակեցնելու նպատակով թուրքական իշխանությունները որոշեցին օգտագործել վերաբնակեցման մասին օրենքը: Դերսիմցիները պետք է տեղահանվեին և վերաբնակեցվեին Փոքր Ասիայի արևմտյան տարբեր շրջաններում, իսկ «քրդաթափ» շրջաններում բնակություն էր հաստատելու Բալկաններից ներգաղթած թուրքական տարրը: Բացի դրանից, ցեղերի ողջ անշարժ գույքը բռնագրավվելու և բաժանվելու էր Բալկաններից ներգաղթած թուրքերին: Այս քայլով կառավարությունը ջանում էր մի կողմից` երկրի արևելյան շրջանները բնակեցնել «հուսալի թուրքական տարրով», իսկ մյուս կողմից` կանխել քրդական նոր հնարավոր ապստամբությունները: Այդ ծրագիրը Դերսիմում կամ, ինչպես քեմալականներն էին վերանվանել, Թունջելիում մեծ հուզումների տեղիք տվեց: Շուտով ողջ Դերսիմը հայտնվեց ապստամբության կրակի մեջ: Այն ղեկավարում էր Սեյիդ Ռըզան, ով տարածաշրջանի մեծ հեղինակություն ունեցող ալևի ցեղապետերից էր: 1936 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկությամբ Դերսիմի հարցը մտցվում է ԹԱՄԺ-ի փակ նիստի օրակարգ: 1936 թ. նոյեմբերի 1-ին ԹԱՄԺ-ի բացման ժամանակ Աթաթյուրքը Դերսիմի վերաբերյալ իր զեկույցում ասաց. «Մեր ներքին գործերի մեջ ամենակարևորը Դերսիմի խնդիրն է: Անհրաժեշտ է ամեն գնով արմատախիլ անել այդ սարսափելի թարախակույտը: Այս հարցի վերաբերյալ շտապ միջոցներ ձեռնարկելու համար կառավարությունն օժտված է լայն իրավասություններով»:

Սաիդ Ռըզան որդու հետ՝ կախաղանից առաջ։
Սեյիդ Ռըզան որդու հետ՝ կախաղանից առաջ։

1936 թ. ընթացքում թուրքական բանակի հրամանատարությունը Դերսիմի, Էլյազիգի (Խարբերդ), Ճապաղջրի և Բինգյոլի (Բյուրակն) շրջաններում զորք էր կենտրոնացնում: 1937 թ. ամռան սկզբին թուրքերը ռազմական գործողություններ սկսեցին «Դերսիմի խռովարարների» դեմ` օգտագործելով նաև ավիացիա, տանկեր և նույնիսկ թունավոր գազ: Թուրքական բանակը անխնա ոչնչացնում էր ոչ միայն զինված բնակչությանը, այլև խաղաղ գյուղացիներին: Որպեսզի ապստամբներին ստիպեն դուրս գալ իրենց լեռնային թաքստոցներից, թուրքական հրամանատարությունը հրամայեց կրակի ճարակ դարձնել Դերսիմի շրջակայքի անտառները: Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինյոնյուն և ներքին գործերի նախարար Շյուքրու Քայան ներկա էին գտնվել ռազմական գործողությունների ընթացքին:

Դերսիմի ապստամբությունը 1938 թ. ճնշվեց անողոք դաժանությամբ: Ապստամբության ղեկավարները խաբեությամբ հրավիրվեցին Խարբերդ և կախաղան բարձրացվեցին: Սկսվեց արյունոտ հաշվեհարդարը: 1937 թ. մեջլիսն օրենք ընդունեց, ըստ որի Դերսիմի ապստամբների ողջ ունեցվածքը բռնագրավվում էր հօգուտ պետության: 1938 թ. վարչապետի պաշտոնը ստանձնած Ջելալ Բայարը հայտարարեց, որ «Թուրքիայում քրդական հարց այլևս գոյություն չունի»:

ChnrZ3KUUAAIDie.jpg_large
Թուրքական թերթի վերնագիր՝ «Թունջելիի բանդիտները ոչնչացվում են»։
ChoWe4WXEAAfSEZ.jpg_large
Դերսիմցի Արշալույսի ընտանիքը։

Իմիջիայլոց, այս թեման ժամանակակից Թուրքիայում մինչև վերջերս գրեթե հայտնի չէր հասարակությանը (նույնիսկ Հայոց ցեղասպանության թեման ավելի շատ մարդու էր ծանոթ, քան այս մեկը)։ Դերսիմի կոտորածի թեման ակտիվ քաղաքական օրակարգ բերեց իշխող Ազատություն և զարգացում կուսակցությունը՝ Էրդողանի գլխավորությամբ։ Նպատակը ոչ թե արդարությունը վերականգնելն էր, այլ սրա միջոցով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը ճնշելը, որին Էրդողանը և իր կուսակիցները մեղադրում էին «պատմական ոճրագործության համար»։

Աղբյուր՝ Թուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգ

allTurkey.am

Մեկնաբանություններ